ՎԱՐՈՒԺԱՆ ԽՏՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ

ՎԱՐՈՒԺԱՆ ԽՏՇՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԸ ՄԻՇՏ ՎԱՌ ԿՄՆԱ ՄԵՐ ՍՐՏԵՐՈՒՄ


Այսպիսին է հայ մշակույթի պատմությունը. Հայաստանի սահմաններից դուրս այն զարգանում էր գրեթե ավելի շատ, քան Հայրենիքում: Այդ մշակույթը մարդիկ էին ստեղծում: Նրանցից մեկը ՎԱՐՈՒԺԱՆ ԽՏՇՅԱՆՆ էր:

Անուրանալի է նրա ներդրումը ոչ միայն Բեյրութի «Համազգայինի» թատրոնի զարգացման մեջ, այլ նաև Հայաստան-Սփյուռք անբաժան կապի, հայի ինքնագիտակցության պահպանման մեջ՝ ով բախտի բերմամբ օտարության մեջ է հայտնվել: Լոնդոնում փայլուն կրթություն ստացած Վարուժան Խտշյանը, Պերճ Ֆազլյանի և Գրիգոր Սաթանյանի հետ միասին, դարձավ այն շքեղ եռյակի անդամներից մեկը, ում ջանքերով «Համազգայինի» թատրոնի բեմում բարձրարժեք, գեղագիտական բարձր մակարդակի ներկայացումներ էին ստեղծվում, որոնք ոչնչով չէին զիջում պրոֆեսիոնալ թատրոնում ստեղծված գործերին:

Համոզված ենք, որ հանդիսատեսի հիշողության մեջ դեռ երկար կապրեն Վարուժան Խտշյանի բեմադրությունները, որոնք վերածվում էին թատերական մեծ տոնախմբությունների: Նման թատերական տոնախմբության օրինակ դարձավ՝ նրա «Գինը» /ըստ Արթուր Միլլերի/ բեմադրությունը, որտեղ փայլուն դերակատարմամբ ներկայացավ հայ բեմի Նահապետ Սոս Սարգսյանը:

Վարուժան Խտշյանի բեմադրությունները թատերական մեծ իրադարձություն էին դառնում երևանյան անվանի թատրոններում. «Ո՞վ է վախենում Վերջինիա Վուլֆից»՝ Գ. Սունդուկյանի անվան թատրոն (անզուգական Մետաքսյա Սիմոնյանի և Յուրի Ամիրյանի դերակատարումներով), «Զբոսայգում ոտաբոբիկ»՝ Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոն, «Ալաֆրանկա»` Գյումրու Վ. Աճեմյանի անվան դրամատիկական թատրոն:

Նրա ներկայացումներին բնորոշ էին մտահղացման խորությունը, բարձր գեղագիտական ճաշակը և բեմադրիչի վառ արտահայտչամիջոցները, դերասանի հետ մանրակրկիտ աշխատանքը: Այդ ներկայացումները խաղացանկում երկար կյանք ունեին և միշտ հանդիսատեսի մեծ սերն էին վայելում:

Հայ թատրոնի և մշակույթի նվիրյալ Վարուժան Խտշյանի հիշատակը միշտ վառ կմնա բոլոր այն մարդկանց սրտերում, ովքեր ճանաչում, աշխատում ու ստեղծագործում էին նրա հետ:

Հայ թատրոնը և Հայաստանի թատերական գործիչների միությունը սգում են նրա կորուստը:

 

ՀԹԳՄ վարչության անունից՝ Հակոբ Ղազանչյան