ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ - 90

ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ- 90

 
ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ - 90Երբ փետրվարի 21-ը համարվեց Մայրենիի միջազգային օր, շատերի հանգույն հավատով լցվեցի հայոց լեզվի մոտալուտ մաքրագործման հանդեպ։ Զինվեցի համբերությամբ՝ հասկանալով, որ տևական ժամանակ է հարկավոր խառնածին խեղումներից հայոց լեզուն բժշկելու համար։ Մեր առօրյայում պաշտոնապես ամրագրվեց օշականյան զանգվածային մշակութային մի նոր, հերթական միջոցառում, որն ի զորու չեղավ ՀՀ պետական լեզվի առողջացման խթան դառնալ։ Հանրահռչակ օտարներին հմայած հայոց լեզուն ենթադրյալ բարձրակետում հաստատելու ներգործուն դրսևորումներ դեռևս ի հայտ չեն եկել։ Այդպես էլ չի արթնանում ոսկեղենիկ մայրենիի պատշաճ պահպանման համազգային գիտակցությունը։ Ավա՜ղ։ Երբ պարզեցի, որ փետրվարի 21-ը ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհի ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆԻ (1926-1987 թթ.) ծննդյան օրն է, կրկնակի ցավ ապրեցի։ Չէ՞ որ Մայրենիի միջազգային օր սահմանողներն այս զուգադիպությունը հարկ է, որ ընդունեին որպես սթափության հավելյալ կոչնակ։ Մշակութային չինովնիկներն ու թատրոնի մարդիկ առանձնահատուկ փայլ պիտի հաղորդեին փետրվարի 21-ին՝ 40 տարի Հայաստանի մայր բեմն առինքնող կանացիությամբ և անաղարտ խոսքարվեստով հարստացրած արտիստուհու ծննդյան տարեդարձի և հայոց լեզվի վերածննդի միաձույլ տոնակատարությամբ։ ՀՀ ԳԱ արվեստի ինստիտուտը, ՀԹԳՄ-ն ու ԱԹՍՄ-ն, ԵԹԿՊԻ-ն ու Սունդուկյանի անվան թատրոնը միաձու՜յլ պիտի գնահատեին թե՛ ասմունքի, թե՛ թատերակրթության, թե՛ բեմարվեստի ոլորտներում ունեցած ծանրակշիռ ավանդը։ ՀՀ ժողովրդական արտիստ Վահե Շահվերդյանի նախաձեռնությամբ փառատոնային շուքով նշանավորվեց վսեմափայլ Մետաքսյայի 80-ամյակը։ Ասուպի նման մարեց «Արտիստ» թատերատոնը Բաբկեն Ներսիսյանի 90-ամյակը պատշաճ հանրահռչակելուց հետո... Արտիստուհու արվեստին երբևէ հաղորդակցվածների երախտագետ հիշողությունը դեռևս չի խամրել. հուսանք՝ հոբելյանական այս փետրվարը պաշտոնական մոռացության տրտմությամբ չի պարուրվի... Ասենք, Հայաստանի առաջին պետթատրոնի ներկա սերունդն առաջնահերթ պիտի մտահոգվի իր ժառանգած մայր բեմի լեգենդներին ապրեցնելու, այսօրվա հանդիսատեսին ճանաչելի դարձնելու մասին։ Ո՜չ միայն կատարողական արվեստով։ Ամեն նոր թատերաշրջան, նոր ներկայացման առաջնախաղ յուրատիպ հոբելյանական ձոն կարող է լինել տվյալ տարվա, ամսվա, օրվա մեծանուն արտիստի, ռեժիսորի, բեմանկարչի՝ «Մայր թատրոն» համահայկական վարկանիշում ունեցած ավանդին։ 

«ՄԵՏԱՔՍՅԱՅԻ ԼԱՎԱԳՈՒՅՆ ԶԵՆՔԸ...»

ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ - 90Այսօր լեգենդ դարձած հայ արտիստներից ոմանց Մայր բեմում տեսնելու վայելքին պարտական եմ ժամանակին անխափան գործող աբոնեմենտային համակարգին։ Հիշում եմ, թե ինչպիսի՜ հիացմունքով էինք համադասարանցիներով հաճախում Սունդուկյանի անվան թատրոն, երբ, որպես մանկապատանեկան ներկայացումների մշտական հանդիսատես արդեն որոշակի թատերական բարեկրթություն ձեռք բերելուց հետո, մեր առջև հյուրընկալորեն բացվում էին Հայաստանի գլխավոր թատրոնի դռները։ Կարելի է ասել, որ մեր կյանքի շեմին առաջին հասունության վկայականն այդ հարկի ներքո ստացանք։ Թատրոնի համատարած պաշտամունքի երանելի տարիներ էին... Ճանաչեցինք մեզ համար ծանոթ-անծանոթ պիեսների կերպարներին բեմի վրա միս ու արյուն տվողներին։ Սկսեցինք հստակ տարբերակել հեռուստաթատրոնից հայտնի դերակատարներին։ Նախանձով մտապահեցինք մեր ծնողների խանդավառ պատմությունները այս կամ այն հանրահայտ արտիստի շենշող երիտասարդության տարիներին իրենց տեսած սքանչելի դերերի, խաղընկերների, արցունքի ու ծիծաղի ջրվեժ ներկայացումների մասին։ Եվ երբ մենք կիսում էինք նրանց հետ մեր անմիջական տպավորությունները, ասենք, Մետաքսյա Սիմոնյանի Կատրին Լեֆևրից («Մադամ Սան-Ժեն») կամ Կոմսուհուց («Ֆիգարոյի ամուսնությունը»), նրանք պսպղուն հայացքով սկսում էին նկարագրել հավերժահարսի արտաքին ու ներքին միադաշն գեղեցկությունը մի քանի տասնյակ տարի առաջ նրա մարմնավորած շեքսպիրյան հերոսուհիների՝ Ջուլիետի ու Օֆելյայի, Դեզդեմոնայի ու Կորդելիայի... Որպեսզի ապրիորի չընդունենք մեր ազգի նկարագրին հարիր, սովորաբար չափազանցված հորինվածքները, ապավինեցինք արտիստուհու հանճարեղ խաղընկերոջ՝ Վահրամ Փափազյանի պատկերավոր գրչին։ Եվ, ի՞նչ եք կարծում, պարզվեց՝ մեզ հրամցվածն իրապատում հեթիաք է։ Հեքիաթ մեր ազգային թատերարվեստի իրական ոսկեդարի մասին, որի մեզ ծանոթ վերջին էջերում իր անշփոթելի հետագիծն է թողել չքնաղագեղ Արուս Ոսկանյանից հետո մեծատաղանդ Փափազյանի Օթելլոյի վերջին տարիների լավագույն Դեզդեմոնան՝ Մետաքսյա Սիմոնյանը։
-Մետաքսյայի արտահայտչական միջոցները շատ են, ճիշտ է, - գրում է Վահրամ Փափազյանը,- բայց լավագույնը, ըստ իս, ձայնական տվյալների հարստությունն է, որով խոսքը նրա շրթներում ոչ միայն բազմերանգ է և ախորժալուր, այլև հասնում է սրահին դերասանուհու ներքնաշխարհի լրիվ ամբողջությամբ։ Բացի մի քանի թեթև հետքերից, որ ժառանգ է մնացել Մետաքսյային Արուսի խոսելակերպից, խոսքի վարպետությունը Մետաքսյայի շրթներում լավագույն զենքն է նրա համար բեմում և նա իր կարիերայի սկզբի օրերից սովորեց գործածել այդ զենքը...Սա մի հազվագյուտ շնորհ է, որով Մետաքսյան, ըստ խոսքի պահանջի և հեղինակի հղացման, տարբեր կին է տարբեր կերպարում, ինչպես նույն այդ տվյալ կերպարի տարբեր րոպեներում։
Միանգամայն իրավացի էր Փափազյանը։ Բայց այլ կերպ լինել չէր կարող։ Չէ՞ որ պիոներ-դպրոցականների պալատի թատերախմբում հենց անզուգական Արուսից էր իր վարպետության առաջին դասերը քաղում 12-ամյա շնորհաշատ Մետաքսյան, ով համադպրոցական «պալատական» գրական-երաժշտական ցերեկույթներն էր իր մասնակցությամբ արդեն զարդարում գուրգուրանքով իրեն վերաբերվող Ավետիք Իսահակյանի չափածոյի պանդխտության մորմոքով, իր պաշտելի Տերյանի տրտմաթախիծ երգերով։ Թումանյանի Մարոյի դառնաղի ճակատագրով արտասվելու աստիճան կարեկցանք էր բորբոքում բազմամարդ շրջանային դահլիճներում։ Պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր Տիգրան Շամիրխանյանի «թեթև ձեռքով» մասսայական տեսարաններում, էպիզոդիկ դերերով (առաջին լուրջ փայլատակումը` «Վրեժի» Լարիսան էր, որը Նաիրի Զարյանին էլ հմայեց) թատերաբեմին էր նաև ընտելանում։ Դեռ չէր ավարտվել Մեծ հայրենականը, երբ ընդունվում է նորաբաց թատերական ինստիտուտի դերասանական ֆակուլտետ։ Ավելորդ չենք համարում հիշեցնել, որ թատրոնի բուհի ուսանողի հայտ ներկայացնելու համար անգամ առաջնահերթ էին համարվում բնատուր շնորհները։ Ժամանակի ընթացքում անաչառ ընտրության համակարգ սողոսկեցին ազդեցիկ կապերը, բայցևայնպես որակ չկազմեցին և երկար տասնամյակներ բեմական արատավոր անգունության հիմք չդարձան։
Վարդան Աճեմյանի տաղանդավոր փորձառությամբ յուրացնելով բեմարվեստի գաղտնիքները` փորձնական բեմադրությունների քնարական-դրամատիկական հերոսուհիների փնտրված դերակատարուհին է դառնում շնորհալի ուսանողուհին։ Գերազանց ուսումնառությունը չավարտած` 1945-ին առաջին` հեքիաթային Անահիտի կինոդերով ճանաչվում է հանրապետության սահմաններից դուրս։ Սունդուկյանի անվան թատրոն ոտք դնելուն պես (1948 թ.) խորհրդային քաղաքացիություն ստացած հայրենադարձուհի Արմանուշի երջանիկ բերկրանքի անկեղծ թրթիռներով (Գ. Տեր-Գրիգորյան, «Այս աստղերը մերն են») վարակում է հանդիսատեսին Հրայր-Ֆրունզե Դովլաթյանի հետ զուգախաղով։ Եվ, ներկայացման ստեղծագործական կազմում, 1950-ին ստանում է առաջին բարձր պարգևը՝ Ստալինյան (ԽՍՀՄ) պետական մրցանակ։
Բարեշնորհ արտիստուհին շուտով է առանձնանում գեղեցիկ դերասանուհիների բազմության մեջ՝ իրարահաջորդ կերպավորումներով աննկատ ստվարացնում իր մշտական երկրպագուների բանակը։ Ամենացայտուն բեմական հերոսուհիներից էր պուշկինյան նրբակերտ Տատյանային հիշեցնող Լերմոնտովի Նինան («Դիմակահանդես»)՝ Արբենին-Վաղարշյանի, ապա Փափազյանի խաղընկերությամբ։ Թրծվում են ձեռք բերած կարողությունները բազմափորձ ռեժիսորների հարուցած ուշագրավ «դերատարափով» (Շուրա` «Եգոր Բուլիչովը և ուրիշները», Կորդելիա` «Արքա Լիր», Թերեզ` «Ժայռ», Օլգա` «Ընտանիք», Ռուզան` «Փորձադաշտ», Անանի՝ «Էլի մեկ զոհ»...), Մայր թատրոնի հսկաների («աստղեր» կասեի, եթե մեր օրերում թանկագին «աստղափոշին» չվատնեին բյուրավոր լուսատտիկների վրա շռայլորեն շաղ տալով) խաղընկերությամբ։ Ներսիսյանի, Ավետիսյանի, Ջանիբեկյանի, Գուլազյանի ու մյուս մեծերի հետ ու նրանց կողքին, ընդամենը մի քանի տարում հայ, ռուս և արևմտաեվրոպական դասական ու ժամանակակից, հռչակված ու նորահայտ դրամատուրգների պիեսների բեմադրություններում գրեթե հավասարազոր հաջողությամբ հանդես գալով` հստակեցնում է արտիստական դիրքորոշումը հատկապես Արմեն Գուլակյանի խորագետ ռեժիսորական «խմբագրությամբ»։ 

ԱՐՎԵՍՏԻ ԱՄԵՆԱ ՎՍՏԱՀԵԼԻ ՉԱՓԱՆԻՇԸ

ՄԵՏԱՔՍՅԱ ՍԻՄՈՆՅԱՆ - 90Երկու տասնյակից ավելի տարահունչ անուններով ձևավորված դերացանկ ուներ, մշտական հանդիսատես, երբ 1955-ին հասունության լուրջ հայտ ներկայացրեց աճեմյանական «հեղափոխական» «Նամուս»-ով (Սուսան)` մեր օրերի համար «վաղաժամ» ստանալով ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհու կոչում և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան։
Ժամանակի ականավոր մտավորականների կարծիքներով հեղեղված զանգվածային բազմատպաքանակ մամուլի էջերում սփռված է Մետաքսյա Սիմոնյանի արտիստական բյուրեղացման համապատկերը։ Կարևորը` խանդավառությամբ գնահատելով սիրելի արտիստուհու ամեն նոր կերպավորման արժանիքները, ոչ ոք չէր երկնչում հրապարակել նաև անկեղծ նկատառումներն ինչ-ինչ թերացումների մասին։ Չափազանց ջերմ արտահայտվելով իրեն «ոգևորության անցամաք աղբյուր-թանկագին րոպեներ պարգևած» «փրփուրի նման անմեղ» իր Նինային ու Դեզդեմոնային, Օֆելյային` Փափազյանն ինքը խուսափում է դրվատանքի հիացամանյակով զարդարելուց «ճապուկ ու սլացիկ թեթևություն ունեցող, հաճելի, մետաքսե աղջկան», անկախ անվարան հրապարակած բնորոշումից` «մեր գեղանի դերասանուհին` ամենախոստումնալիցն այսօրվա մեր թատրոնի նժարում»։ Նինայի դերակատարումը համարելով «կարիերայի բանալին»` վստահությունը չի թաքցնում ժամանակի դատը շահելու Մետաքսյայի ի հայտ բերած «հարատև կամքի ու աչալրջության» հանդեպ, քանզի իր բազմատաղանդ փորձառությամբ չէր կասկածում «ոչ սովորական դերասանուհի» լինելուն։
Գուցե չհավատաք, բայց իր ստեղծագործության ամենախիստ քննադատն ինքը` Մետաքսյա Սիմոնյանն էր. «Ինձ հաճախ է բախտ վիճակվել թատրոնում հանդես գալու հայ կանանց դերում։ Դրանցից ինձ հատկապես սիրելի են Սուսանն ու Անանին։ Եվ ահա նրանց ավելացավ երրորդը` Շուշանիկը... Նորից ու նորից բացում եմ Ալ. Շիրվանզադեի «Քաոսը», արդեն քանիերորդ անգամ լսում Շուշանիկին, տեսնում նրան, ու հետզհետե պարզ է դառնում, որ իմ հերոսուհու արտաքին գեղեցկության ու քնքշության տակ թաքնված է մեծ, ուժեղ մի հոգի..., արդեն տրված է տասներորդ ներկայացումը, բայց ես զգում եմ, որ դեռ չի ավարտվել այն աշխատանքը, որը բեմական Շուշանիկին կմոտեցնի իմ պատկերացման մեջ ապրող Շուշանիկին»։
Տարաբնույթ հերոսուհիների նրա պատկերաշարը շարունակեց հարստանալ. Նենսի («Բրոուդիի ամրոցը»), Նանար («Արյուն և վարդեր»), Քսենյա («Հիվանդանոցում»), Ջուլիետ («Ռոմեո և Ջուլիետ»), Նուարդ («Արա Գեղեցիկ»), Տատյանա («Բեկում»), Նաստասյա Ֆիլիպովնա («Ապուշը»), Ինկեն Պետերս («Մայրամուտից առաջ»), Մարգարիտ («Ամուսիններ»), Փառանձեմ («Ավերված քաղաքի առասպելը»)։ Կատարողական վարպետության չափորոշիչն էլ կերտած կանացի պատկերասրահի անհերքելի ամրագրումը եղավ. 1981-ին Մայր թատրոնի իմաստուն դիցուհուն շնորհվեց «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ» տիտղոսը։ Մոգական հմայքով հավասարը չունեցող թատերատիպարներին զուգահեռ մի շարք (խոստովանենք՝ պակաս նշանակալից) կերպարներ ստեղծեց երկնագույն էկրանի վրա, ծավալուն դերացանկ` հեռուստատեսային ու ռադիոթատրոնում, հարյուրավոր մեծ ու փոքր մարմնավորումներ, որոնցից շատերն անփութորեն ոչնչացվել են։ Մինչդեռ, անկախ ժամանակին բնորոշ տեխնիկապես թերարժեք տեսագրված լինելուց, կարող էին սերունդների համար գեթ անզուգական, բարեհունչ ու անթերի մայրենիի հմայքը պահպանել։
Ակտիվ հասարակական կյանքով էր ապրում նաև քնքույշ կանացիության խորհրդանիշ դարձած արտիստուհին։ Որպես կոլեկտիվի կուսկազմակերպիչ համարձակ երկխոսություն էր վարում կոմկուսի առաջնորդների հետ, ընդդիմանում անվանի արվեստագետների ու խաղընկերների անտարբերությանը` թատերական երիտասարդության լիարժեք կայացման, թերծանրաբեռնվածության, ընթացիկ ստեղծագործական կյանքի երբեմն-երբեմն աններելի գունազրկման հանդեպ։ Կարդում ես նրա բազմաթիվ հրապարակումներն ու զարմանում, թե ինչպե՜ս էր կանխազգում մոտալուտ ճգնաժամը հարազատ թատերաօջախում, երբ այսօրվա հեռվից նախանձելի են ուրվագծվում այն ժամանակները։ Սեփական կաթսայում երկար եփվելու վտանգավոր հետևանքների մասին նա զգուշացնում է այն ժամանակ, երբ մայր արվեստանոցի «գլխավոր խոհարարները» հայ բեմարվեստի ռահվիրաներ Վարդան Աճեմյանն ու Հրաչյա Ղափլանյանն էին... Դերասանական արվեստի գաղտնիքների, թատերաքննադատության, պատկերավոր ու անաղարտ խոսքի ներգործուն ուժի, ժամանակակից դրամատուրգիայի, կարգապահ աշխատասիրության ու ընդհանուր ինքնահղկման, ուրիշ օրախնդիր հրամայականների շուրջ սթափ խորհելու ու գործելու են մղում նրա երբեմնի, դեռևս, ավաղ, հրատապ դիտարկումները։
Կանխազգալով մոտալուտ ճգնաժամը` դատապարտում էր ոչ միայն արհեստավորի ու քաղքենու վերածվող, սեփական «բացառիկությունը» չարաշահող գործընկերներին, այլև ստեղծագործական բազմազանությունն անտեսող (հյուրախաղեր, անվանի ռեժիսորներին` բեմադրությունների հրավերներ, ինչպես ժամանակին Ռուբեն Սիմոնովին, Բորիս Զախավային, Գեորգի Տովստոնոգովին ու Դմիտրի Ալեքսիձեին, ներբուհական ու համադպրոցական թատերաստուգատեսներ...) գեղարվեստական ղեկավարությանն ու երկրի տերերին։ Եվ վերջիններս հաշվի էին նստում նրա հեղինակավոր կարծիքի, աննահանջ սկզբունքայնության հետ։
Եթե մեր երկրի ներկայիս տերերն ու թատերարվեստի ճակատագիրը տնօրինողներն իսկապես լրջորեն մտահոգված են խաղացանկային թատրոնի ստեղծագործական վերելքով, թող խորամուխ լինեն մայր բեմի շողշողուն անհատականության տաղանդավոր կենսագրությամբ հիմնավորված անկողմնակալ մտորումներում։ Դրանց համակարգմամբ անհամեմատ դյուրությամբ կուրվագծեն դեպի գագաթ տանող քանիցս փորձարկված ճիշտ ճանապարհը։
Ափսոսանք ապրելով Մետաքսյայի վաղաժամ մահվան համար, կարապի վերջին երեք երգերից` Մարթայից («Ո՞վ է վախենում Վիրջինիա Վուլֆից»), երկու Կոմսուհիներից («Ամեն ինչ լավ է, թե լավ վերջանա», «Ֆիգարոյի ամուսնությունը») երկու տարի անց, 1987-ին, թատերապաշտներից շատերն այսօր էլ սին մխիթարություն են փնտրում «չարյաց փոքրագույնում»` լավ է, Վարդուհու նման չտեսավ հարազատ թատերաօջախի մարմրող ածուխները... Մայր թատրոնի վերջին մոհիկանի՝ մեր 2 գրական լեզուների փայլուն մունետիկ Վարդուհի Վարդերեսյանի կորուստով, ցավոք, վարագուրվեց լուսեղեն արարման մոտ 90-ամյա մի շրջան։ Տիտղոսային ներկա խառնիճաղանջում ընկղմվեց մի հստակ չափ ու չափանիշ՝ «ԽՍՀՄ ժողովրդական արտիստ»։

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ