ԱՌԱՋՆԵԿԻՑ՝ ԱՆՅԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԻՆՈՒՉԱ

ԱՌԱՋՆԵԿԻՑ՝ ԱՆՅԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԻՆՈՒՉԱ


ԱՌԱՋՆԵԿԻՑ՝ ԱՆՅԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԻՆՈՒՉԱՄարգո Մուրադյան արտիստուհու կերպարն ինձ համար նույնանում է մանկությանս անուշ, խրատող, բարի հեքիաթների երազաբեր նիրհի հետ։ Գուցե դա գալիս է նրանից, որ ժամանակին հոգևոր անբացատրելի հմայք էին ամփոփում իրենցում հանրային ռադիոյով ամեն երեկո եթեր հեռարձակվող մեղրածոր հեքիաթները, որոնք արտասովոր կենդանի գույներով պատմում էին Մնջիկն ու Երազիկը։ Տասնյակ տարիներ անց նույն քաղցրությամբ դրանք խաղաղ, երանավետ քուն էին սփռում մանչուկիս չարաճճի աչիկներին։ Ռադիոեթերից, ավա՜ղ,  այսօր հազիվ թե կարելի լինի որսալ ներաշխարհդ ազնվացնող ու վեհացնող համարժեք կենսալիցքեր։ Ասենք, ներկայիս մանուկներն այլ հրապուրանքներով են լցնում իրենց առօրյան, 21-րդ դարասկզբին հարիր զվարճախաղերով, որոնք գիտաֆանտաստիկ  դասական երկերի ընթերցանության ներշնչած երևակայությամբ միայն կարող էին հասու լինել իմ ու հաջորդ մի քանի սերունդներին։           

Իր իսկ մեղմաժպիտ հավաստմամբ, մանկավարժի ընտանիքում հասունացող սիրունիկ աղջնակի համար դյուրին չի եղել դեպի պրոֆեսիոնալ թատրոն տանող ճանապարհով վստահաբար առաջ ընթանալը։ 1944-ին մի խումբ դասընկերների հետ Արմեն Գուլակյանի նորաբաց թատերական ստուդիա ընդունված Մարգոյին ծնողները ստիպողաբար կտրել են «աննպաստ միջավայրից»՝ ուղարկելով տատի մոտ, «ազատ աքսոր»։ Բայց, միևնույն է, միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել է Գեղարվեստաթատերական ինստիտուտ և սիրելի ուսուցչի՝ Մուրադ Կոստանյանի մասնագիտական մկրտությամբ համառորեն հարթել է կայացման իր ուղին։ Նախապատվությունը ռուսական թատրոնին տվող ուշիմ ուսանողուհին Վաղարշ Վաղարշյանի Համլետը տեսնելուց հետո աննկատ կապվել է արդեն «մայրության իրավունք» վաստակած Սունդուկյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հետ։ Վիրահայուհու նրբին գեղեցկությամբ ու բեմական ակնհայտ շնորհներով դեռևս երկրորդ կուրսում ուսանելիս է արժանացել Գուլակյանի խոստմանը՝ ինստիտուտն ավարտելուն պես անդամագրվել սունդուկյանցիների թատերաընտանիքին։

Մեծ բեմում առաջին քայլերն էր անում Մարգո Մուրադյանը, երբ նրան հանձնարարվեց Ռանևսկայայի դստեր՝ Անյայի (Ա. Չեխով, «Բալի այգի») դերը։ Պայծառ քնարականությամբ օժտված նրա հերոսուհու բեմակերպարն անմիջապես գրավել է հանդիսատեսի համակրանքը։ Շռայլորեն գնահատվել է նրա մեկ այլ քնարաշունչ դերամարմնավորում երկու հանրահայտ Տատիկների՝ Վերիկո Անջափարիձեի և Օլգա Գուլազյանի բարյացակամ փորձառությամբ (Կասոնա, «Ծառերը կանգնած են մահանում»):

- Մուրադյանի Մարթան սիրում է ինձ՝ Տատիկին, - ասում է վրաց բեմի խոշորագույն վարպետը,- սիրում է անկեղծ, ջերմ, անմիջական։ Ես հավատացի նրա սիրուն ու ինքս էլ սիրեցի այդ հմայիչ, զգայուն արտիստուհուն։

- Այնպես է դիմում ինձ, որ թվում է, թե իմ հարազատ թոռնիկն է,- լրացնում է նույն միտքը մեծանուն հայ արտիստուհին՝ սկսնակ դերասանուհու «երկրորդ Տատիկը»։

ԱՌԱՋՆԵԿԻՑ՝ ԱՆՅԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԻՆՈՒՉԱԱմրանում են «նորաթուխ սունդուկյանցու» ստեղծագործական թռիչքի թևերը, միաժամանակ՝ կապանքվում, քանի որ աստիճանաբար սկսում է հանդես գալ որպես երկրորդ դերակատարուհի։ Չի չարանում, չի ընկճվում իր անշահեկան կարգավիճակից։ Ընդհակառակը, առավել բարձր է գնահատում չքնաղագեղ Մետաքսյա Սիմոնյանի դերակերտման վարպետությունը, համեստափայլ մի անբացատրելի նվիրումով շարունակում ամենայն պատասխանատվությամբ կենդանացնել գրեթե նույն դերացանկը։ Եվ մշտապես գոհացնում է հավասար բեմելի իրեն ընձեռնված հնարավորությամբ։ Երբեմն հանպատրաստից, «արտակարգ իրավիճակներում» բեմ դուրս գալով՝ կարողանում է հագուրդ տալ սեփական արտիստական արժանապատվության անճիգ դրսևորումներին։

Պատմում էր, թե ինչպես 1960-ի դեկտեմբերյան մի օր, երբ Շուշանիկի (Շիրվանզադե, «Քաոս») դերակատարուհին անսպասելի հիվանդացել է, իրեն փոքրիկ դստեր հետ ուղղակի փողոցից գտել և ավտոմեքենայով թատրոն են հասցրել մուտքից անմիջապես առաջ։ Այդ երեկո նրա վեցամյա Նունեն առաջին անգամ երեկոյան ներկայացում է դիտել՝ կուլիսներից հետևելով մոր խաղին, ով շնորհիվ իր կատարողական անուրանալի ներուժի ու ներքին հարստության ի զորու է եղել մի քանի ակնթարթում վերափոխվել գթասիրտ, հպարտ ու խելացի Շուշանիկի։

Բեմական հարուստ տարեգրություն է ձևավորել Մարգո Մուրադյանը Մայր թատրոնում։ Կանանց իր պատկերասրահն է դերակերտել հարազատ թատերաօջախում, ռադիո-հեռուստատեսային մի շարք բեմադրություններում, անձնավորող խոսքով կրկնօրինակել բազմաթիվ կինոդերեր։ Թատերասերներին հմայել են նրա Հեղինեն («Ամուսիններ») և Շուրան («Եգոր Բուլիչովը և ուրիշներ»), Նյուշան («Չմարող աստղեր») և Շողերը («Նույն հարկի տակ»), Նուարդն («Արա Գեղեցիկ») և Մերին («Բրոուդիի ամրոցը»), Ագլայան («Ապուշը») և Մագդալենան («Բեռնարդա Ալբայի տունը»)... Շա՜տ շատերը։ Իրեն հատկապես սիրելի էին Սուսանը («Նամուս») և Կորդելիան («Լիր արքա»)։

-Անուշիկ Կորդելիա է, արքայի ծվատված սրտին իսկական սպեղանի, - նրա մասին ասում էր Վահրամ Փափազյանը։- Այդ սպեղանին նրա սրտից եկող ձայնի մեջ է։

Բեմական կենսաթրթիռ կյանք ստացող նրա երեք տասնյակից ավելի հերոսուհիների մարդկային նկարագրերը միմյանցից հստակորեն տարբերակվել են շնորհիվ արտիստուհու բարձրակարգ մասնագիտական պատրաստվածության, մեծերի կողքին ինքնարտահայտման ու անհատականացման բացառիկ լծակների և թատերապաշտությամբ ամրաշաղախված պատասխանատվության սրված զգացումով։ Մարգո Մուրադյան արվեստագետի մարմնավորած կանանց նկարագրերին առանձնակի գրավչություն տվողը նրա փխրուն ու ազնիվ, բանաստեղծական մարդկային հոգեկերտվածքն է եղել, որի վեհաշուք արժանիքները ակնածալից խոնարհումով են նկատվել տաղանդավոր խաղընկերների ու բեմադրիչների կողմից։ Առաջնեկից՝ Անյայից մինչև Նինուչան ընկած 70 տարիների մի տևական շրջան բախտավոր արտիստուհի է եղել Մարգո Մուրադյանը։ Ամենակարևորը՝ վայելել է նաև տասնամյակների ստեղծագործական մթնոլորտում թրծված անդավաճան խստապահանջ հանդիսատեսի անկաշառ սերը։

ԱՌԱՋՆԵԿԻՑ՝ ԱՆՅԱՅԻՑ ՄԻՆՉԵՎ ՆԻՆՈՒՉԱ... Բարեհաճ գտնվեր կյանքի անիվի պտույտը, հաջորդ տարի նա իր սիրառատ ու արվեստամեծար օջախում կնշեր ծննդյան 90-րդ տարեդարձը։ Այդուհանդերձ, նա բազմաբովանդակ երկրային տասնամյակներով է իմաստավորել իր երկրային կեցությունը թե որպես հանրահայտ ճարտարապետ Ջիմ Թորոսյանի երջանիկ ամուսին, թե որպես Մայր բեմի անզուգական առաջնուհի։ Տարիները զարմանալիորեն չանդրադարձան նրա հուզառատ ձայնի մեղմանուշ ելևէջների վրա, ասես ամենևին էլ չխամրեցրին սևորակ, դյութիչ աչքերի ուրույն փայլը, որոնցում անիմանալի ինչ-որ թախիծ էր բույն դրել։ Անցնող գարուննե՞րն էին լուռ ընդվզում, ուժե՞րն էին նվազել, վերջին տարիների ստեղծագործական պարապու՞րդն էր կաթիլ առ կաթիլ պղտորել բեմելի ներշնչանքը ... Դժվարանում եմ ստույգ բնորոշել։ Հաստատ գիտեմ միայն, որ իրեն հատուկ հեզանազ համեստությամբ ու վերջին ամիսների տկարությամբ չէին միմիայն պայմանավորված իր նախահոբելյանական ամփոփ դիմանկարի գրչակերտումից համառորեն խուսափելը։ Չէ՞ որ վերջին բեմելը 1998-ին եղավ։ Ու մնաց Մարգո Մուրադյանն իր հանդիսատեսի մտապատկերում անսահման բարի, ապրած տարիների բեռան տակ չկքած, հուզաթաթավ ու կենսասեր, առինքնող կանացիության տիպար Նինուչայով ( Ալդո Նիկոլայի, «Վերադարձ Սորենտո»)։ Մնաց Հեղինե Հովհաննիսյան Ամբրայի և Լորենց Առուշանյան Բոկայի ներդաշնակ խաղընկերությամբ և Աիդա Հովհաննիսյանի ուշագրավ բեմադրությամբ սրտաշարժ տխրաթախիծ մի կենսապատումի սիրառատ հերոսուհու բեմատիպարով։

 

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ