Արդի հայ թատրոնը և հեղաբեկումների մարտահրավերները

Մերօրյա թատերամտորումներ. մասնագիտացման ներկայի ուրվագիծ

Արդի հայ թատրոնը և հեղաբեկումների մարտահրավերներըՏասնամյակներ շարունակ նույն արտահայտությունն ես լսում. «Թատրոն չկա, հայ թատրոնը վաղու՜ց մեռել է, մի՜ փորձեք հոգեդարձ անել, զուր ջանքեր են, թողեք վերջին շունչը հանգի՜ստ փչի»։ Գրեթե նույն անզիջում չարակամությամբ։ Մեր թատրոնի դամբանախոսները, ըստ իրենցում արմատավորված մտահայեցակետի, խիստ պահանջներ են ներկայացնում արդի թատերարվեստին՝ հանիրավի քամահրելով հեղաբեկումների պղտոր հորձանքով վերասերված հասարակական-քաղաքական հարաբերությունների, անկախական էյֆորիայի, անարև ու արնաշաղախ 90-ականների, «հումանիտար» հորջորջված վնասաբեր օգնության, Էներգետիկ շինծու ճգնաժամի, ազգային ինքնագիտակցության համաժողովրդական ազնիվ պոռթկման միտումնավոր խեղման և ուրիշ կարևոր հանգամանքների աներևակայելի զորեղ ներգործության մասին մեր կեցության, գիտակցության, հոգեմտավոր նկարագրի վրա։ Մոռացության են մատնում աշխարհի ներկա տերերի հեռահար, նենգամիտ մարտավարությամբ մեզ «ի վերուստ» պարտադրված կացութաձևի հարուցած համակողմանի ավերածությունների մասին։ Ավերածություններ, որոնց պարզ հայելային անդրադարձն այսօր ցայտուն երևում է հանրային գեղագիտական պահանջմունքների, ճաշակի կտրուկ անկման համապատկերում։ Հայ թատրոնի երդվյալ դամբանախոսները մի անդրդվելի համառությամբ անտեսում են անարվեստ ժամանակների հակաստեղծագործական միջավայրին նրա դիմագրավելու ներուժի փայլուն դրսևորումները։ Հիշենք միայն մեկը՝ Արցախյան պատերազմի տարիներին Սոս Սարգսյանի իմաստուն լավատեսությամբ հիմնած Համազգային թատրոնը, որի ներկայացումները խաղացվում էին գրադ կայանքի կրակե տեղատարափի ներքո։

Պետության գաղափարախոսական հիմքերն ամրակայելու հզոր զենք է մշակույթը։ Ամենքին է հայտնի։ Հայտնի է նաև, որ իր անմիջական ներգործության շնորհիվ արվեստի մյուս տեսակներից թատրոնն առավե՜լ է ի զորու նպաստելու բարեկիրթ հասարակության ձևավորմանը։ Բացառիկ՝ կենդանի հաղորդակցությամբ հանդիսատեսի հետ։ Հանդիսատեսի, որի մի ստվար զանգված, ցավոք, գնահատության չափանիշների այդպես էլ չհստակվող խառնիճաղանջում որդեգրեց հոգևոր-մշակութային սնամեջ արժեքներ՝ տասնամյակներով իրեն մատուցվող ցածրարվեստ, նեղմիտ քաղքենիական պահանջմունքներ պատվաստող «գեղարվեստական արտադրանքով», մասնավորապես՝ հեռուստասերիալներով, գոտկատեղից ներքև գռեհկաբանություններով ծիծաղ կորզող անտրեպրիզային ներկայացումներով, մեծահարուստների ճոխ խնջույքները «ծաղկացնող», անհայտ ծագման երգ-երաժշտությամբ։ Հանրային գեղագիտական ճաշակը հետևողականորեն բարձրացնել է հարկավոր՝ համատարած թմբիրից սթափեցնելով բարձրարվեստ ներկայացումներով, կինոնկարներով, գրականությամբ։

Անհավասար պայքար ընդդեմ հոգևոր ավերածությունների

Հանդիսատեսի նոր, օտարամոլությունից ու աններելի անգրագիտությունից բժշկված սերունդ ձևավորել, հայրենաշինարարությանը պիտանի լայնահորիզոն, բանիմաց քաղաքացի դաստիարակել է հարկավոր, եթե իսկապես ուզում ենք գիտելիքահենք պետություն, հուսալիորեն պաշտպանված երկիր ունենալ։ Եթե ուզում ենք մեզ պարտադրված պատերազմներում, որոնցից, ավաղ, ապահովագրված չենք, մշտապես հաղթող լինել։ Փառք Աստծո, հանապազօր այս հացի հանրայնացումը լրջորեն կարևորում են արդի հայ թատրոնի բազմավաստակ, փորձառու գործիչները, որոնցից շատերը դժվարին նվիրումով ոչ միայն պահպանում են իրենց վստահված թատերական կառույցները, այլև նոր սերունդ են կրթում։ Եվ ոչ միայն Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում, Մանկավարժական համալսարանում, այլև իրենց տնօրինած թատերահարթակներում։ Նախանձելի մի ջանասիրությամբ փորձում են հաղթահարել լավագույն նախնական ընտրության հնարավորությունը գրեթե իսպառ բացառող վճարովի կրթահամակարգի բազմաբարդ խոչուխութերը և «մարտունակ» նոր հերթափոխ պատրաստել։ Արժանի՜ հերթափոխ։ Մինչևիսկ վճարունակ դիմորդների այն մեծաքանակ հավաքականությունից, որում բնավորվել է «սերիալային աստղ» դառնալու մարմաջը, որը ոչ միայն բեմական շլափայլ արտաքին, այլև բավականաչափ հարուստ ներաշխարհ չունի։ Եվ, որ ամենասարսափելին է, մշակութային բարձրագույն կրթօջախ է ոտք դնում է ծնե այնչափ արատավոր խոսքով, որն անկարող է քիչ թե շատ շտկել բեմական խոսքի ամենահմուտ ու համբերատար վարպետն անգամ։ Ուշ է, շա՜տ ուշ՝ շատերին պարզապես լոգոպեդ է հարկավոր։ Էլ չեմ ասում, որ վոկալի ամենախորագետ մասնագետն անգամ կատարողական գրագիտություն սերմանելուն զուգընթաց չի կարող երաժշտական թատրոնին իրապես պիտանի երգող դերասան կազմավորել ձայնային բնատուր խղճուկ տվյալներ ունեցող իր բազմաթիվ սաներից։

Հպանցիկ հայացք քննաշրջանին

Փորձեք անմիջականորեն հաղորդակցվել ԵԹԿՊԻ թատերական տարաստիճան կրթության երկու տասնյակից ավելի լսարաններում ուսումնական տարվա ամբողջ ընթացքում կատարվող աշխատանքների տարեվերջյան արտահայտություններին՝ էտյուդներ, կուրսային ու դիպլոմային բեմադրություններ և դերակատարումներ։ Վահե Շահվերդյանը երկրորդ կուրսի իր 27 սաներով ոչ միայն ճշգրտում է Պարոնյանի «Մեծապատիվ մուրացկանների» արդիաոճ բեմադրամտահղացումը, այլև պատրաստում Մետեռլինկի «Կապույտ թռչունի» նոր բեմադրությունը, որի ներկայացմամբ անվարան ներկայանում է Վանաձորում այս օրերին անցկացվող մանկապատանեկան թատերական փառատոնի ծիրում։ Լեհ անվանի թատերագործիչ Վեցլավ Գերասի հետ 13 և 14-րդ «Արմոնո»-ում 6 ամենաշնորհալի ուսանողների մենախաղերով գտնված համագործակցությունն են գունեղացնում Հրաչյա Ղազարյանի ռեժիսորադերասանական արվեստանոցի 3-րդ կուրսի լսարանում։ Արա Երնջակյանի երրորդ կուրսեցիները, վարպետի թատրոնում բեմափորձը խորացնելու հնարավորություն գտնելով, 2 կազմով խաղարկում են «Դե իհարկե» բեմադրության ներկայացումը՝ ամրանալով Կամերայինի որդեգրած գեղագիտության տիրույթում։ Հրաչյա Գասպարյանը մի խենթ նվիրումով իր առաջին կուրսեցիներին հասունացնում է կրկնակի ծանրաբեռնվածությամբ՝ չթաքցնելով նրանց հետ Մեծն Շեքսպիրին ձեռք մեկնելու մտադրությունը։ Հակոբ Ղազանչյանը, մտահոգ Պատանի հանդիսատեսի թատերախմբի երիտասարդացմամբ, փորձում է թրծել իր առաջին կուրսեցիներին Վարդգես Պետրոսյանի «Դեղատուն «Անի»» վիպակի բեմավորմամբ՝ էտյուդների միաձույլ շարքով ձգտելով ամբողջական ներկայացման։ Արմեն Մելիքսեթյանը համառորեն լիարժեքացնում է Բերնսթայնի հանրահայտ «Վեստ-Սայդյան պատմություն» մյուզիքլի նախադիպլոմային ներկայացումը։ Եվ սա դեռ ամենը չէ։ ԵԹԿՊԻ մոտ 3 տասնյակ լսարաններում և գործող պետական թատրոններից մի քանիսում, քննաշրջանին արժանապատիվ ներկայանալու նպատակասլացությամբ, առավել է պրկվում ուսումնական տարվա կրթական գործընթացը։ Կարծում եմ, առանց հավելյալ պարզաբանումների էլ, անզեն աչքով կհամոզվեք, որ նույնիսկ հակաթատրոնական լիովին անհաղթահարելի նախադրյալների գերակայության պարագայում նոր սերունդ է ձևավորվում։ Հատկանշական է, որ ճանաչված վարպետների հետ այդ աշխատատար գործընթացին ամենայն պատասխանատվությամբ մասնակցում են իրենց ի հայտ բերած շնորհներով վստահություն ներշնչող, տարբեր թատրոններում հաստատված ԵԹԿՊԻ շրջանավարտներից ոմանք։ Հրաչյա Ղազարյանի և Արմեն Մելիքսեթյանի արվեստանոցներում՝ Արա Ասատուրյանը, Վահե Շահվերդյանի արվեստանոցում՝ Յանա Գաբրիելյանը, Հակոբ Ղազանչյանի՝ Իշխան Ղարիբյանը, Նիկոլայ Ծատուրյանի՝ Կարապետ Բալյանը։ Ասեմ ավելին՝ Յուրա Կոստանյանի համագործակցությամբ ապագա դերասաններին բեմական շարժման անհամեմատ ճկուն ու հղկված ընհանուր վարքագիծ, ոմանց արտառոց թվացող յուրատիպ կերպավորման հմտություններ պատվաստած Զարուհի Անտոնյանը, սեփական արտիստական-բեմադրական ուշագրավ տարեգրությամբ, իրավունք է նվաճել ինքնուրույն վարելու ԵԹԿՊԻ դերասանական 3-րդ կուրսի ուսումնառությունը։ Շատերն են տպավորված Յուրա Կոստանյանի արվեստանոցում նրա արած դիպլոմային բեմադրության՝ "The Best of Shakespeare” (շեքսպիրյան հանրահայտ ողբերգությունների մոտիվներով) էքսպրեսիվ ներկայացմամբ, որն արդեն հաստատվել է Թումանյանի անվան տիկնիկային թատրոնի խաղացանկում, մի քանի ուսանողների ներգրավմամբ, համարժեք գեղագիտությամբ Նարինե Գրիգորյանի արած «Հովնանի» «հարևանությամբ»։ Չեմ թաքցնում, միջին և ավագ սերնդի թատերասերները էապես հոգեզրկված, առավելապես ժամանցային, թեթևասահ հանդիսախաղեր են ընկալում այս 2 նորաոճ միջազգային թատերանախագծերի ներկայացումները։ Նախապատվելի են համարում շեքսպիրյան հանրածանոթ գործերի մոտիվներով Վահան Բադալյանի բեմավորած «SHAKEspeare»-ը, որի առանձնակի գրավչության մեջ հավաստիացան Երևանի մետրոյում խաղարկվածին հաղորդակցված ուղևորները։ Այդուհանդերձ, երիտասարդ հանդիսատեսին հիացմունք են պատճառում թե վերոհիշյալ երկուսի, թե վերջինիս դերասանախմբերի զարմանալիորեն ճկուն, կրկեսային տարրերով հագեցված, դյուրաթեք բեմական դրսևորումները, դինամիկ ու արտասովոր կերպարանափոխությունները, լիարժեք համադաշնությունը բեմադրական խնդիրներին։ Ասենք, «փշերով» ընդունվեց նաև Լյուդմիլա Ռազումովսկայայի «Դեպի տուն» կուրսային աշխատանքը Կարապետ Բալյանի բեմադրությամբ, հիմնականում ժամկետանց «չեռնուխային» տրված նախապատվությամբ։ Մինչդեռ այս մայիսին, մշակված համախաղով ու բեմադրական կառուցիկությամբ մի շարք հեղինակավոր մրցանակներ շահեց «Դեպի տունը» Սոչիում կայացած «Պատանիների տարածություն» ուսանողական թատրոնների միջազգային փառատոնում։ Թատերական նոր սերունդը իր գեղագիտությունն է քայլ առ քայլ հստակեցնում ու հաստատում, իր ստեղծագործական նախասիրությունները զարգացնում՝ ջանալով համաքայլ ընթանալ միջազգային արդի մշակութային խմորումներին։ Ուրույն գրավչություն ի հայտ բերեց նաև Երևանի մանկավարժական համալսարանի մասսայական հանդիսությունների ռեժիսուրայի բաժնի Լիլի Էլբակյանի վարած կուրսի «Դեկամերոն» դիպլոմային աշխատանքը ըստ Բոկաչոյի. տաղանդավոր երիտասարդ արվեստագետն իր բեմադրությամբ հավաստեց, որ ունակ է կուռ դերասանախումբ ձևավորել ի սկզբանե հավատ չներշնչող, նույնատիպ խնդիրների բեռան տակ կքած դիմորդներից ընտրված ուսանողներից, ինչ որ հատուկ է ԵԹԿՊԻ-ին։

Բազմավաստակ արվեստագետների արվեստանոցներում

Թատերական կրթության տարատեսակ արտահայտություններին անմիջականորեն հաղորդակցվելով՝ թեթևացած շունչ ես քաշում. անկախ կողմնակի հանգամանքներից ստեղծագործական աշխույժ մթնոլորտ է տիրում տարբեր վարպետների արվեստանոցներում։ Յուրաքանչյուրն իր դավանած գեղագիտության տիրույթում է փորձում թրծել շուրջը համախմբված սաներին, որոնք անթաքույց հավատով են ընդունում ղեկավարի կողմից իրենց փոխանցվող գիտելիքները, արժեհամակարգը, իրենց ունակությունների չափով ջանում յուրացնել։ Հրաչյա Գասպարյանի ռեժիսորադերասանական 1-ին կուրսի ուսանողները, հենվելով ստացած մասնագիտական կրթության բացառիկ հարուստ պաշարի վրա, քննական մի քանի աշխատանքների տպավորությամբ, հավակնում են ուսերից ծանր բեռ բարձրացնել։ Իմաստուն վարպետը խոհեմորեն տեղի է տալիս նրանց համառությանը։ Եվ նրանք գործնականում, սեփական փորձով գլխիկոր համոզվում են, թե դեռ որքա՜ն մասնագիտական գիտելիքներ պիտի ամբարեն, ինքնուրույն ջանադրությամբ իրենց մտահորիզոնն ընդլայնեն, ներաշխարհը հարստացնեն, որպեսզի գայթակղիչ հանրահայտ պիեսների բեմավորման և հերոսների դերամարմնավորման ակնկալված արդյունքին հասնեն։ Ոչ միայն նրանք, այլև ԵԹԿՊԻ տարաստիճան կրթահամակարգում մասնագիտացող մյուս բոլորը, որոնց մեծամասնության հենքով էլ ըստ երևույթին շուտով կձևավորվի նաև վաղվա բարեկիրթ հանդիսատեսը։

Տասնյակ սերունդներ ազգային դրամատուրգիական, գրական հենքով աճեցրած Երվանդ Ղազանչյանն էլ, իրեն քաջածանոթ շատերին զարմացնելով, խորագիտորեն փոխզիջման է գնում։ Երկրորդ կուրսի ավարտական աշխատանքների ընտրության մեջ իր ուսանողներին տալիս է «նվիրական ստեղծագործական ազատությունը»։ Շահան Շահնուրի և Վարդգես Պետրոսյանի գործերին զուգահեռ նրանք Կոմեդիայի թատրոնի արդեն հարազատ դարձած փոքր սրահում ներկայացնում են Գոգոլի «Շինելի», Չեխովի «Ձիու ազգանունը», «Հիվանդասենյակ N 6», «Ճայը» նրբահյուս երկերի և Բոդլերի «Սիրուհիների դիմանկարների» իրենց մեկնաբանությունների տարագույն «սեղմագրերը»։ Ընդհանուր թատերական բարեկրթությամբ, բեմական պատկառելի փորձառություն ունեցող դերասանների ներգրավմամբ, առավել շեշտադրում են իրենց ինքնուրույն մտածողության նորահմա սաղմերը։ Ուշի ուշով հետևած լինելով Երվանդ Ղազանչյանի արվեստանոցում մի քանի սերնդի կրթության տևական ընթացքին՝ մտաբերում եմ անցյալ գարնան ավարտական աշխատանքները ու հպարտությամբ լցվում։ Մայրաքաղաքից մղոններով հեռու թատերական կառույցների ստեղծագործական երիտասարդացման արվեստաշեն միտումը կյանքի կոչելուն են լծվել վարպետի նախկին սաները՝ Արմեն Սաֆարյանը՝ Գավառում և Ռուզան Խաչատրյանը՝ Ստեփանակերտում։ Գորիսում, Գյումրիում, Կապանում էլ թատրոնների գլխավոր ռեժիսորների պարտականություններն են ստանձնել երիտասարդներ՝ Գոռ Մարգարյանը, Լյուդվիգ Հարությունյանը, Արթուր Գաբրիելյանը և ուժերի ներածին չափով փորձում են նոր կյանք տալ իրենց վստահված թատրոնների ստեղծագործական նկարագրին։ Նրանց կրթած հայտնի արվեստագետների հավաստմամբ՝ անվերապահորեն կարելի է լավատեսության իրատեսական հույսեր փայփայել։ Մանավանդ եթե նկատի ունենանք, որ Գավառում թատրոնի նոր շենքի կառուցման աշխատանքներն ավարտին են մոտենում։ Գոտեպնդվենք այն բարենպաստ հանգամանքով, որ ԵԹԿՊԻ դիմորդների բազմության մեջ ստվարանում են նախնական թատերական որակյալ կրթություն ստացածների, սովորելու ցանկություն և կամք ունեցողների շարքերը։ Մտերմիկ բազմամարդ զրույց-քննարկումներով համոզվեցի։ Իրենց թատերաշնորհներով էապես առանձնացող ուսանողները ներգրավված են մի շարք գործող թատրոնների խաղացանկային ներկայացումներում։ Կոմեդիայի թատրոնի բալետային խումբն այժմ անհամեմատ դիտարժան է ներկայանում պարային համարժեք ունակություններ դրսևորող, դեռևս մասնագիտացման շրջափուլում հմտացող բարետես ու շնորհալի 7-8 տղաներով համալրվելուց հետո։ Արդի հայ թատերարվեստում նոր ծլարձակումներ են երևում։ Վերընձյուղման նախանշաններն անվերապահորեն առկայծում են Գյումրիում ու Վանաձորում և, իհարկե, մայրաքաղաքում։ Բարեբեր միջավայրի մշտարթուն ապահովման պարագայում դրանք շուտով կարող են աճել ու ամրանալ, նոր երանգներով հարստացնել առկա խայտաբղետ խճանկարը։ Պարզապես պետք է խնամքով նպաստել նոր առողջ հունդերի արմատակալմանը՝ մշակութային դաշտը առողջացնելով, խորը արմատներ գցած որոմներից մաքրելով։ Խանդավառությունս քամահրանքով ընկալողներն, անշուշտ, ինքնաբուխ կընդդիմանան. «Թող որ ԵԹԿՊԻ-ն և մյուս մշակութային բուհերը, մեծապես ապավինելով վճարովի համակարգին, հանձն են առնում մասնագիտացումը իր գործունեությունն անխափան ապահովող վճարունակ դիմորդների։ Բայց չէ՞ որ նրանց մեծամասնությունը ի սկզբանե զուրկ են բնատուր շնորհներից, ավելին՝ կարծրացած անբուժելի, անշտկելի արատներ ունեն։ Որքան էլ բանիմաց ու հմուտ լինեն նրանց կրթող մանկավարժները, արդյո՞ք նրանցից հնարավոր է թատերական նոր, կատարողական արդի արվեստը հարկավոր չափով բազմերանգացնելուն կենսունակ սերունդ աճեցնել»։ Հատուկենտ բացառությունների բացահայտումներս հուսալի հիմք չհամարելով՝ պիտի կարևորեմ այդ «խոտանով» թատերական գրագետ հանդիսասրահի ընդգրկումն ընդարձակելը հանուն ներկա հասարակության բարեկրթման։

Չմոռանամ փաստել, որ գործող թատրոններում ստեղծագործական էներգիան իրացնելու, բեմափորձը հասունացնելու լծակներ չեն գտնում նաև «չխոտանվածներից» ոմանք, համառ փորձեր են անում արվեստի մեկ այլ ոլորտում ինքնահաստատվելու։ Մի մասն էլ, առանց բեմական ու թատերակրթական պատկառելի փորձի, հաջողեցնում է դպրոցական թատերախմբակ բացել կամ մասնավոր ստուդիա։ Վտանգավոր մի համառությամբ ջանում է իր ստացած մասնագիտական գիտելիքների պաշարի ներածին չափով զբաղվել մատաղ սերնդի գեղագիտական դաստիարակությամբ։ Իրենց ապրուստը պատշաճ հոգալու նպատակով մյուսներն իրենց կատարողական ունակությունները ներդնում են սրճարանառեստորանային ժամանցի թատերայնացման մեզանում լայն պահանջարկ վայելող ոլորտում։ Ամենագործունյաները կարողանում են հնարամտորեն հաստատել հանդիսավարի իրենց բարձր վարկանիշը՝ միաժամանակ բովանդակալից դարձնելով զվարճասերների բազմության տարաչափ խնջույքները։

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ