Հոբելյանական թատերազրույց

Հոբելյանական թատերազրույց. ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆ - 70

 

Հոբելյանական թատերազրույցՄղձավանջային հուշ դարձած մութ ու ցուրտ 90-ականներին, Արցախյան գոյամարտի անարվեստ թեժ օրերին ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանը ՀՅԴ «Համազգային» կրթամշակութային միության խորհրդանշական աջակցությամբ աներեր հավատով նոր թատրոնի հիմնարկեք էր կենսագործում։ Բեմի հետ հաղորդակցվելու կանոնավոր ռիթմի բնականոն խաթարումից ընկճված թատերապաշտներից շատերի հանգույն ինքս էլ վեհերոտ բարձրաձայնեցի թերահավատությունս։ «Մեծ Հայրենականի օրերին քանի՜- քանի թատրոններ բացվեցին, - ի պատասխան խոհուն ժպտաց իր ժողովրդի սիրելի Նահապետը,- ջանք ու եռանդ չենք խնայելու, թող իմանան, որ մենքկարող ենք թե զենքով պայքարել, թե նոր թատրոն կառուցել»։ Մայր թատրոնի վերջին մոհիկաններից ամենատոկունը, շուրջը համախմբելով իր գաղափարի հավատավորներին, մեր զրույցից ճիշտ և ճիշտ 1 տարի անց զարմացրեց ու հիացրեց հայ հանդիսատեսին։ Էդուարդո դե Ֆիլիպոյի «Սանիտայի թաղապետը» և Հայկ Հակոբյանի «Լեռնային կակաչներ» պիեսների կենսահաստատ բեմելով ազդարարվեց Համազգայինի ծնունդը։ Ազգային թատրոնի դասական ավանդների արժանի ժառանգը հավաստեց իր նախաձեռնած գաղափարի կարեվեր կենսունակությունը։ Միաժամանակ ստեղծագործական թռիչքի հնարավորություն ընձեռեց «Կակաչների» թատերագրին ու նրա բեմադրող ռեժիսոր Հրաչյա Գասպարյանին։ Վերջինս դարձավ Սոս Սարգսյանի անդավաճան զինակիցը թատերաշինության բոլոր կարևորագույն հանգրվաններում։ Անմնացորդ նվիրումով ստանձնեց Համազգայինի գլխավոր ռեժիսորի, ապա Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կրթահամակարգի բարեփոխումների ու Համազգայինի հերթափոխի կայացման դժվարին լուծը. 1998-2006թթ որպես գիտական գծով պրոռեկտոր, 2006-11թթ ռեկտոր։ Հիմնարկեքից սկսած հետևելով Համազգայինի խաղացանկային հստակ քաղաքականության զարգացմանը՝ ծննդյան 70-ամյակի առիթով ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր ՀՐԱՉՅԱ ԳԱՍՊԱՐՅԱՆԻ հետ ունեցած առանձնազրույցով բացահայտեցի նոր ուշագրավ էջեր երբ «Էպսիդոն» մշակութային հիմնադրամի «Հանդիպումներ» նախագծի շրջանակներում հանձն առա «Նարեկացի» արվեստի միության հյուրընկալ սրահում ներկայացնել վաստակաշատ հոբելյարին։ Պարզվեց՝ ազնվական-գործարար-արվեստագետ տոհմի՝ լոռեցի Գալստյանների, անեցի Թումանյանների, պոլսեցի Գասպարյանների ու Թութունջյանների շառավիղն է Հրաչյա Գասպարյանը։

 

Ժամանակների թատերական խաչմերուկներում

 

Ազնվազարմ տոհմի շառավիղը


-Անկեղծ ասած, վերջերս եմ միայն իմացել, որ Ալավերդում եք ծնվել՝ հայաստանյան«Թատերական Լոռի» հնագույն փառատոնի բնօրրանում։ Ձեր ծնողները՝ դերասանուհի Արփենիկ Գալստյանն ու բեմադրիչ-դերասան Վահագն Գասպարյանը աշխատել են տեղի թատրոնում։

- Այդ թատրոնի կուլիսներում տեղակայված բուտաֆորական թագավորական պատգարակն է եղել օրորոցս երեկոյան ներկայացումների ժամանակ։ Ծնողներս պատմում էին, որ այնքան լավ եմ զգացել այնտեղ, որ երբ ներկայացումներից մեկի ժամանակ ինձ այդ պատգարակով բեմ են տարել, ամբողջ ընթացքում քունս չի խաթարվել։ Փաստորեն իմ «առաջին բեմելը» անկանխատեսելի խաղաղ է անցել։

- Թատերական գերդաստանի միակ զավակը պիտիոր վարակված լիներ թատրոնի պաշտամունքով և ձգտեր հաստատվել բեմում՝ բնատուր շնորհների զարգացմամբ։

- Կարծում ե՞ք... Հատկապես հայրս էր կտրականապես դեմ։ Հիշում եմ, երբ զինակոչային տարիքում զինկոմը Լենինգրադի ռազմաբժշկական ակադեմիայի ուղեգիր առաջարկեց, հայրս ցնծաց՝ հրաշալի է, հորեղբայրներդ էլ այնտեղ են... Փաստաթղթերը ձեռքիս նստեցրին գնացք։ Հասանք տեղ, քննություններն ավարտվել էին։ Հայրս իրարանցման մեջ էր։ Մելիք հորեղբայրս չմերժեց նրան, փնտրեց ծայրամասային որևէ մասնաճյուղ։ Գտավ։ Օրենբուրգու՜մ։ Այլընտրանք չունեի։ Սեպտեմբերի 11-ին ամառային հագուստով մտա քաղաք։ Ձյուն էր գալիս։ Անկեղծորեն փորձեցի հարմարվել, բայց հենց սկսում էին ինձ կմախքներ ու դիակներ ցույց տալ, համոզվում էի, որ անելիք չունեմ այստեղ։ Առաջին կիսամյակից հետո խնդրեցի երևանյան բուհ փոխադրել։ Միայն Պոլիտեխնիկականի երեկոյան բաժին հնարավոր եղավ... Չոր թվերն ու անկյանք գծագրերն էլ իմը չէին։ Տպավորություն ստեղծելով, թե կանոնավոր հաճախում եմ դասերին, հորիցս ծածուկ պատրաստվեցի թատերականի քննություններին։ Ընդունվեցի դերասանական բաժին, ապա տեղափոխվեցի ռեժիսորական, Մարատ Մարինոսյանի արվեստանոց։ Թատրոնի ազնիվ մշակ հայրս ստիպված էր հաշտվել բժիշկ չդառնալուս մտքի հետ։ Ասենք, նրա տոհմածառը հազար թելերով կապված է եղել արվեստի, հատկապես հռչակավոր արտիստների հետ։ Չնայած նախնիները խոշոր վաճառականներ են եղել, դաշտեր են ունեցել, ցորենի առևտրով են զբաղվել Ղրիմից Կարս ձգվող ուղեծրով։ Սկզբնական շրջանում ապրել են ծննդավայր Տրապիզոնում։ Հանրահայտ գերդաստան էր։ Հորական պապիս հայրը՝ Երվանդ Գասպարյանը, հեռավոր նավագնացության կապիտան է եղել, ի՜նքն է կազմակերպել նավագնացությունը Սևանում, որի թերակղզում է հանգչում նրա շիրիմը։ Պապս, կանխազգալով հակահայկական խմորումների վտանգը, իր ընտանիքը տեղափոխել է Բաթումի։ Ցոլակ Ամերիկյանը, նույնպես մեծահարուստ, նրա մտերիմ դրկիցն է եղել։ Պապսհաճախ է օգնել ժամանակի հայ երևելիներին, հյուրընկալել։Որդիներից երկուսը Լենինգրադում են բարձրագույն կրթություն ստացել։ Հայրս, կամենալով պապենական գործը շարունակել, մնացել է Բաթումիում, միաժամանակ խաղացել տեղի թատրոնում։ Դառը ճակատագիր է ունեցել։ Ստալինյան հալածախտի առաջին թիրախներից է դարձել դեռևս 20-ականների վերջին, մեծահարուստ լինելու մատնագրով աքսորվել։Նրա բախտն ինչ-որ առումով բերել է։ Այդ օրերին Ստեփան Լունինը Տրանսսիբիրյան «Տրամպ» անիվների վրա թատերախումբն է ձևավորել և, իմանալով, որ նորեկների մեջ դերասան կա, հորս վերցրել է իր խումբ, ապա դարձել իր ամենասիրելի աշակերտի թատերական ուսուցիչը։ Ծովային մեղմ կլիմային սովոր հայրս չի դիմացել սառնաշունչ աքսորին։ Հանրահռչակ ինժեներ Մելիք եղբայրը շտապել է Սիբիր։ Բարեհաջող սակարկել է բանտապետի հետ, հիվանդ եղբորը 2 ամսով ուղարկել Լենինգրադ բուժվելու, ինքն էլ այդ ընթացքում ավարտել 2 տարում նախատեսված Դոմենյան վառարանի շինարարությունը։

- Թատրոնն ապրեցրել է, իսկ շինարար եղբայրը, փաստորեն, փրկել է դերասան եղբոր կյանքը...

- Ավելին՝ ազդակ է դարձել վաղաժամկետ ազատագրման։ Հայրս, սակայն, հավատարիմ պապիս նվիրական երազանքին, չի մեկնել եղբայրների մոտ, ուղևորվել է Հայաստան։ Լենինականում նրան մերժել են ընդունել, ուղարկել են Ախալքալակ։ Այստեղ հանդիպել է հայտնի կատակերգակ Վրույրի որդուն, ով տեղի թատրոնում բեմադրություններ էր անում։ Մի քանի դերակատարումներից ու բեմադրություններից հետո Վրույրը հասկացել է, որ հորս տեղը չէ ինքնագործ թատրոնը։ Թբիլիսիից հորս ծանոթ Դավիթ Մալյանը հրավիրել է Երևան՝ խոստանալով կարգավորել գործերը։ Ներկայիս «Երևան» հյուրանոցի սրճարանում զրուցել են Լևոն Քալանթարի հետ, ով հորս մաուզերիստի դեր է տվել ինչ-որ հեղափոխական պիեսում։ Մալյանը ցույց է տվել համապատասխան արտաքինով մեկին։ Հայրս լռելյայն հետևել է համազգեստավորին՝ չիմանալով, որ պետանվտանգության վարչության պետն է։ Ձերբակալելեն հետապնդման մեղադրանքով, անվանի արտիստների խնդրագրով ոչ թե բանտարկել են, այլ վտարել, ապա միայն թույլ տալով Երևանից 100 կմ – ի վրա բնակվել։ Այդպես նա հայտնվել է Ալավերդու թատրոնում, որտեղ մայրս արդեն աշխատում էր Վավիկ Վարդանյանի ստուդիայի ավարտական վկայագրով։

-Հենց այդ ստուդիան գեղարվեստաթատերական ինստիտուտի հիմնաքարը դարձավ 1944-ին։

- Այո՜, բարձրակարգ դարբնոց էր... Չմոռանամ նշել՝ ՀՀ ժողովրդական արտիստ Վոլոդյա Գրիգորյանը իրեն հորս սանն է համարում։ Հարգված ու գնահատված էր, բայց հայացքը Երևանի ճամփից երբեք չէր կտրվում։ Ոչ Երևանն էր նրան ընդունում, ոչ ՝ Լենինականը։ Միայն մորեղբայրս, ում Երևանում պատասխանատու պաշտոնի էին նշանակել, 1953-ին կարողացավ ձեռք բերել այդ իրավունքը ("Волчий билет")։ Հիշում եմ, երբ Ստալինի մահվան լուրը հաղորդեց Լևիտանը, հայրս կամացուկ ասաց. «Վերջապես սատկեց»... 7 տարեկանում հանկարծ հասունացա։ Հետո միայն նրան թույլ տվեցին բեմադրել իր մանրապատումները ու խաղալ, բայց ոչ ՝ Երևանում, երբե՜ք։ Տարօրինակ է, բայց նրան այդպես էլ ռեաբիլիտացիայի «պատվին» ասեմ, թե «շնորհին» չարժանացրին։ Հետո, երբ ռուսական թատրոնի տնօրեն Կոզլիները ինձ համոզում էր «լավ ապագայի» համար ընդունվել կոմկուսի շարքերը, զարմացա՝ ինչպե՞ս եք ինձ կոմունիստ դարձնում, երբ հայրս արդարացված չէ…

-Հայ մարդու դարավոր կենսապատումին չափազանց բնորոշ է Ձեր տոհմական տարեգրությունը...

- Եվ՝ հարուստ...Մորական պապս էլ լոռեցի է եղել, ծնունդով՝ Սանահինից։ Ներսիսյան ճեմարանն է ավարտել, մտերիմ եղել Միկոյանի, Թումանյանի հետ... Սոֆիա տատիս հայրը Թեոդոսիայի քաղաքագլուխն է եղել Հովհաննես Այվազովսկու ժամանակներում, երբ ամբողջ ծովեզերքը Առափնյա Հայաստան էր կոչվում։ Նրա տանն էլ է հյուընկալվելՎահրամ Փափազյանը։ Ավելին, գիմնազիայի մեծ սրահում «Օթելլո» բեմադրել, որի ներկայացման մեջ տատս Էմիլիա է խաղացել։ Չէ, թատերարվեստը վերապահումներով է ընդունել։ Համաձայնել է խաղալ նրա հետ՝ ընդառաջելով ընտանեկան բարեկամությանը։ Մի սիրային արկածի անխուսափելի դաժան հաշվեհարդարից Փափազյանը մազապուրծ փրկվել է պապիս հնարամտության շնորհիվ, ով խոտի դեզի մեջ թաքցնելով չքնաղ այգեպանուհու վտանգավոր սիրահարին, աննկատ փախցրել է Ղրիմից։ Պապիս վաղաժամ մահվանից հետո գիմնազիան ավարտելուն պես նրա դստերը տվել են կրթությանԱզնվական օրիորդների ինստիտուտ։ Չկամենալով «ֆրոյլեն» մկրտվել՝ Սոֆիա տատս վերադարձել է, սկսել մաթեմատիկա, լեզուներ դասավանդել իր գիմնազիայում։ 8 լեզու գիտեր։ Հայտնի էր նրանց գերդաստանն էլ։ Մի եղբայրը վիրահայոց եպիսկոպոս էր, Թբիլիսիի Սբ. Գևորգ եկեղեցու բակում, Սայաթ-Նովայինի կողքին է գտնվում նրա գերեզմանը։ Երկրորդ եղբայրը՝ հայտնի գրաքննադատ Սուրխաթյանն է։ Երրորդը՝ հայտնի ինժեներ շինարար էր, Թբիլիսիի ճանապարհաշինարարական ինստիտուտի ռեկտոր։ Մորաքույրս՝ ՀԽՍՀ վաստակավոր արտիստուհի Թամարա Գալստյանը, ռադիոյի բարեկիրթ հաղորդավար էր, հրաշալի ձայն ու հարուստ խոսք ուներ...

Սոֆյա տատիս և Ալեքսանդր պապիս 1924-ին Հայաստան է հրավիրել Ալեքսանդր Մյասնիկյանը։ Հետո նրանց գործուղել են Բայազետում անգրագիտության դեմ պայքարելու. զտարյուն կոմունիստներ էին, ի տարբերություն մյուս նախնիներիս՝ երդվյալ դաշնակցականների։


«Պոետները շրջում են բոկոտն՝ շեղբերի վրայով»


- Ազնվազարմ ընտանեկան միջավայրում հասակ առնելով՝ վաղաժամ սկսեցիք պեղել համաշխարհային մշակույթի գանձարանը։

- Մեր տանը միշտ հավաքվում էին հայտնի արվեստագետներ, զրուցում, քննարկում, բանավիճում... Ես կողքի սենյակից, բազմած իմ մահճակալին, ուշադիր հետևում էի հետաքրքիր խոսքուզրույցին։ Ինձ հետաքրքիր էր, թե ովքեր են այդ Ստանիսլավսկին ու Մեյերհոլդը, որ հայրս մեկի կողմնակիցն է, մայրս՝ մյուսի։ Ստանիսլավսկին խիստ դուր եկավ ինձ, իսկ մյուսին փնովել չէի կարող, որովհետև ոչինչ չգիտեի նրա մասին։12-13 տարեկանում արդեն գիտեի բոլորի մասին, բացի Մեյերհոլդից։ Պարզապես նա հիշատակված չէր հորս թատերական գրքերում։ Մեր տան մեծ գրադարանում հնարավոր էր կարդալով գրեթե ամեն ինչ իմանալ։ Հոգևոր պահանջներս էլ տարիքիցս առաջ էին ընկել կարծես։ Պլուտարքոսի 4-հատորյակը ծայրից ծայր կարդացել էի, Հռոմն ավելի լավ գիտեի, քան Երևանը... Երախտապարտ եմ նախնիներիս...Հավելեմ նաև, որ ինձ որևէ բան պարտադրելն անկարելի էր։ Օրինակ, բացարձակ երաժշտական լսողություն ունենալով՝ հրաժարվեցի ջութակ բռնել ձեռքս, մասնագիտական կրթություն ստանալ։

-Առաջին ջութակ դարձաք միայն 1987-ին, բեմադրող ռեժիսոր Մարտիրոս Փանոսյանի «Քառյակ» ֆիլմում...

-Մինչ օրս էլ գերզգայուն եմ կեղծ նոտաների հանդեպ, չէ՞ որ մեր տանը երբեք չէր լռում համաշխարհային դասական երաժշտությունը։ Չափազանց երաժշտական լինելս բազմիցս կիրառություն գտավ թատերարվեստում։ Հիմնականում հեղինակային երգերով ճանաչված Էդուարդ Զորիկյանի հետ 1997-ին հայկական առաջին ռոք օպերան արեցինք իմ ուսանողների ներուժով։ Անդերսենի հեքիաթի հենքով գրված նրա «Մերկ մարդու» ասելիքն իմ՝ «Այս խայտաբղետ, խելահեղ աշխարհը» մտահայեցակետով, Նարեկացուց ամփոփ մեջբերումներով իմաստավորված երաժշտական դադարներով, անսպասելի լայն արձագանք ունեցավ։ 2004-ին Հայկազյանի «Այրվող մոմերի» բեմադրությանս մեջ Զորիկյանն ինքը գործող անձ դարձավ իր հեղինակային երգերով։

- Վերադառնանք Մարատ Մարինոսյանի արվեստանոց...

- 2-րդ կուրսում Շեքսպիրի «Ռիչարդ 3-րդն» էի անում, Գորկու «Քաղքենիները», Տոլստոյի «Կենդանի դիակը»։ Ստեղծագործական բանավեճեր շատ էինք ունենում, երբեմն նեղանում էր իմ համառությունից, բայց սատարում էր ազատ մտածողությունս։ Իրեն ասիստենտ վերցրեց հեռուստաթատրոն։ Արդեն ավարտելու շեմին էի, «Իրկուտսկյան պատմությունն» էի անում։ Երվանդ Ղազանչյանը, ով մեր կուրսի ասիստենտն էր, գնում էր Լենինականի թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Ինձ հրավիրեց միանալ իրեն։ 1 տարի 7 ամսում 4 ինքնուրույն, 4 համատեղ ներկայացումներ արեցի։ Խոշոր փորձառություն էր. դիպլոմայինս՝Վարդգես Մովսիսյանի «Երկնագույն լճակները», «Վրացական վոդևիլները»... Ղազանչյանը ոչինչ չէր խնայում, որպեսզի գունեղ ու շքեղ լինեին երաժշտական մանկական ներկայացումները։ Հետագայում տարբեր թատրոններում տասնյակ մանկական ներկայացումներ արեցի, բայց ոչ մեկը չունեցավ Գաբբեի «Անագե մատանիների», Շվարցի «Ձյունե թագուհու» շքեղ բեմահանդերձը։

-Լենինականում բեմադրություն անելու եկավ Ստանիսլավսկու անվան ռուսական պետական դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր Ալեքսանդր Գրիգորյանը։ Ղազանչյանի առաջարկով Զորայր Խալափյանի «Տարբեր նվագները» միասին արեցիք։

-Միասին էլ ապրում էինք, թատերական գիշերներ լուսացնում։ Հրավիրեց ռուսական թատրոն։ Երվանդ Ղազանչյանը սիրահոժար համաձայնեց։ Առաջինը՝ Ա. Խմելիկի «Տղամարդի՜կ,կրե՜ք տղամարդու գլխարկները», ես վերածեցի յուրատիպ դատավարության։ Թող որ արդեն 1976 թիվն էր, բայց չէ՞ որ մեր էությամբ մենք մոտ էինք 60-ականներին։ Իմ ներկայացման գաղափարի խորքում էլ ընդվզումն էր, չհամակերպվելը տիրող բարքերի խեղումներին, անառողջ հանրային ապրելակերպին։ Խմբի հետ սկսեցինք Կորոստիլյովի «Փիրոսմանի, Փիրոսմանին» անել։ Ոչ թե «Ամբոխը և հանճարը» բանաձևով, այլ 2 տարաբևեռ աշխարհների մասին, որոնք իրար չեն ճանաչում, չեն էլ ընդունում... Գիշերները... Ճեմասրահում էինք արել, Վիսոցկու հայտնի՝ «Պոետները շրջում են բոկոտն՝ շեղբերի վրայով» կարգախոսի համաձայն։ Բոկոտն դերասանները ազատ շփվում էին հանդիսատեսի հետ՝ չկար նրանց բաժանող 4-րդ պատը, մի հարթության վրա էին, խմբի ստեղծած մթնոլորտում։ Չկաղապարված լուծումներս բյուրոկրատական պատնեշ բարձրացրին...

- Ինչ-որ առումով Ձեր թատերական մոտ 20-ամյա տարեգրության լեյտմոտիվը կարող է համարվել Վիսոցկու կարգախոսը։ Ձեր որոշ բեմադրությունների ներկայացումները թե մրցանակվում, թե շուտով արգելվում էին։

-Իսկապես։ Հաջորդը՝ Ֆոնվիզինի «Տհասն» էր... Ինչու՞ է հասունանում պուգաչովշչինան։ Անարդարության գերպրկումն է, ըստ իս, մարդկանց հունից հանում։ Ներկայացման տիրույթ բերեցի Ֆոնվիզինի և Եկատերինա 2-դի նամակագրությունը, իրեն՝ կայսրուհուն, որի դերակատարուհին շուտով զգեստափոխվում էր, դառնում Պրոստակովա։ Տգիտության, օրինազանցության, հանցածին անպատժելիության բացահայտ երգիծանքը բացահայտ էր քաղաքական քառյակներում։ Սուր էր ստացվել, արգելեցին ներկայացումը։

-Չնայած Հայաստանի թատերական ընկերության և Մշակույթի նախարարության կողմից «Լավագույն ռեժիսուրայի համար» տրված 1-ին մրցանակին։

- Ստեղծագործական խումբը սկսեց հնարներ որոնել խնամքով թաքցնելու շեշտված նրբերանգները, ներկայացման այն բազմաթիվ անկյունները, որոնք բյուրեղանալով պարփակում էին հիմնական ասելիքը։ Թատերական փոխաբերությունը ոչ թե աճպարարություն է, այլ մտքի թանձրացում...Մարդկային հոգուն եթե չկարողացար կյանք տալ, ինքնանպատակ են բոլոր արտասովոր, գրավիչ կաղապարներդ... Մարդն ավելի նրբերանգներով է երևում։

-Կոնստանտինովի ու Ռացերի «Հարսնացուն Իմերեթիայից» երաժշտական կատակերգության Ձեր բեմադրությունը, որի երաժշտությունը նույնպես «Խանումայի» կոմպոզիտոր Գիա Կանչելին էր գրել, զավեշտախառն իրավիճակների, քնարական մեղեդիների առատությամբ, նկարչական ձևավորման ցայտուն կոլորիտով ամենևին չզիջեց դասական դարձած «Խանումային»։

- Երբ 27 տարեկանում առաջարկվեց ստանձնել Արտաշատի թատրոնի գեղարվեստական ղեկավարությունը, առանց երկմտելու անմիջապես հրաժարվեցի։ Մշակույթի նախարար Կամո Ուդումյանը զարմացավ, կամեցավ անձամբ տեսնել։ Երբ լսեց հրաժարականիս հիմնավորումը՝ դեռ պատրաստ չեմ զգում ինձ այդպիսի իրավասությունների հանձնառման, փայլեց. «Ապրես, տղա ջան, կարգին մարդ ես, գնա շարունակիր քո գործը»։

- Գաղափարախոսական հզոր տերության արվեստագետը, ինչ խոսք, հաճախ էր պարտավորված ստեղծագործել ժամանակի թելադրանքով։ Ասպարեզում հայտնվեցին խորհրդային կեցության առավելություններով զանգվածներին ոգեշնչող անկոնֆլիկտ պիեսները։ Էությամբ խռովարար, անհանդուրժող, Դուք էլ ռուսական թատրոնի բեմում հարկադրված էիք ներկայացնել սոցիալիստական գյուղի կոկված առօրյան։

- Այդուհանդերձ, գտնում էի այլընտրանքային լուծումներ,պիեսի բովանդակային սնանկությունը հագեցնում էի երաժշտական հենքով։ Այդպիսով Մ. Չամանյանի «Վարդաձորյան իրարանցումը» գրեթե մյուզիքլի կերպավորման հասցվեց։ Մարտին Վարդազարյանն էլ աշխույժ մոտիվներով էր համեմել հորինված երգերը։ Կարգախոսային պարապտույտներն առանձնակիկենսախինդ գրավչություն էին ստացել։ Պատահել է, որ գաղափարական գրաքննության թելադրանքով կասեցվել են բեմադրական աշխատանքները, ինչպես, ասենք, Վասիլևի պիեսի, որն իրենում ներառել էր արտառոց մի փաստ. ֆաշիստների հարձակման բոթը նախօրեին հայտնած հոգևորական Քսենզին մերոնք գնդակահարել են...

- Բարեբախտություն էր, որ ստալինյան հալածախտի հուժկու ալիքն արդեն մարել էր, թե չէ հորից հետո Գուլագի սարսափները որդին կապրեր... Հապճեպ անցում արվեց «անմեղ» դասականներին։ ՀԽՍՀ արվեստի վաստակավոր գործիչ, բեմանկարիչ Արմեն Չիլինգարյանի համագործակցությամբ ձեռնամուխ եղաք Լեոնովին։

- «Ոսկե կառքը» վառ թատերայնությանմի շարք նախադրյալներ ուներ, ինչի շնորհիվ 20 օրում կյանքի կոչվեց։ Կլանված ռիթմում, սակայն, լիովին չհաղթահարվեց նախորդի արգելանքից մնացած թանձր տրտմությունը։

- Իր 53-րդ թատերաշրջանը 1989-ին մեր ռուսական թատրոնը բացեց Ձեր բեմադրատեսիլքով երգիծական մյուզիքլի կերպավորում ստացած «Մարդակերները» («Բաց ծովում») պիեսի ներկայացմամբ։ Խորհրդային բեմում առաջին անգամ ներկայացված լեհ ավանգարդիստ դրամատուրգ Սլավոմիր Մրոժեկի հայաստանյան մեկնաբանությունն առաջին մրցանակի արժանացավ միջազգային փառատոնում։

- Տաժանակիր աշխատանք է թատերական արարումը։ Այո, նաև ոգեշնչում է, հոգեկան բերկրանք։ Բայց ... Սա հասկանալի կարող է լինել միայն թատրոնի մարդուն։ Անընդհատ հիշում եմ Հերբերտ Ուելսին, ով ասում էր. «Պատերազմի դեմ անհամար գրքերեմ գրել, մարդիկ միևնույն է պատերազմում են»։ Սեփական անզորության զգացողությունն ինձ պաշարեց հեղաբեկումների հակառուսական հիստերիայի վայրագ օրերին։ Հեռացա թատրոնից։ Ինքս ինձ հարց էի տալիս՝ 60-ից ավելի բեմադրություններ ես արել, ու՞մէ հարկավոր... Շատ էի կարդում, նկարում, ինքս ինձ համար բեմադրում՝ վերարժևորելով անցած ճանապարհս... Այդպես մեկ տարի անցավ, մինչ ճակատագրական հանդիպումս Սոս Սարգսյանի հետ նկարահանման հրապարակում, մինչ մեր մշակութային սրտացավ զրույցն ավտոբուսում, ամբողջ երկար ճանապարհի ընթացքում։ Կինոյում նույնիսկ գլխավոր դերերում եմ նկարվել, ինձ հետաքրքիր է եղել միշտ, բայց թատրոնից ոչ առավել, քանի որ թատերական ներկայացման միասնական ամբողջականությունը ոչ մի ֆիլմ չի կարող ունենալ...

 

Վերածնունդ՝ հակամշակութային քաոսում


-1991-ի հուլիսին կայացավ բախտորոշ հանդիպումը Սոս Սարգսյանի հետ։

- Շոգ ամառ, համընդհանուր հայրենասիրական պաթոս, կիզիչ լարում, երեկվա կոմունիստները ասես նոր շքերթի են մասնակցում բազմամարդ մոմավառությամբ եկեղեցիներում։ Այս մթնոլորտում իմաստուն արվեստագետը մտմտում է նոր թատրոն ստեղծելու մասին, երբ կաթվածահար է մյուս թատրոնների գործունեությունը, համատարած շրջափակում։ Բանավիճեցինք, ընդհանուր հայտարարի եկանք՝ այսօր հարկավոր է մի թատրոն, որը կօգնի մարդկանց իրականությունը տարբերել հիպնոսից։ Չէ՞ որ հիպնոսված ապրելակերպը կարող է խորը ընկճախտի վերափոխվել սթափվելուց հետո։ Եկանք այն եզրահանգման, որ բեմ ենք բարձրացնելու այնպիսի պիեսներ, որոնց ներգործությամբ թատրոն եկած հանդիսատեսն իրեն մարդ կզգա, հնարավոր է՝ մարդանա, զգաստանա, բարիանա... Մեր մարդկային տեսակը վերականգնելու, զինվորին էլ գազանացումից փրկելու դժվարին խնդիր ունեինք։ Ես մտածում էի, որ դավաճանություն է կռվի դաշտում չլինելը պայքարի թեժ օրերին։ Սոսը ապացուցում էր, որ մեր կրակոցը մարդացնող ներկայացումներն են լինելու, որոնք կխաղացվեն նաև խրամատներում...

- Ծանր ժամանակներ էին, անպատմելի ծանր։Նվիրյալների ձեր խումբը դաժան պայմաններում, ձմեռային տաք հագուստով վառարանի շուրջ բոլորած, բեմական փորձեր էր անում Ժուռնալիստի տան ներքնահարկում։ Հակաստեղծագործական մեկ տարում բեմ բարձրացրեցիք 2 պիես։

- Հստակ ծրագիր ունեինք, որի համաձայն էլ վարում էինք մեր խաղացանկային քաղաքականությունը։ Հանդիսատեսային քննությամբ պարզ դարձավ, որ մեր բաժին կրակոցները թիրախի նշանակետին շատ մոտ են դիպել։ Նոր թատրոնի ծնունդը կայացավ։ Ես կարծես վերածնվեցի։ Համոզվեցի, որ Սոսը ոչ թե տարիների փորձով էր իմաստնացել։ Ո՜չ, իմաստուն էր ծնվել։

- Հետո Մոլիերի «Տարտյուֆն» արեցիք։

-Ինչու՞։ Որովհետև հանկարծ կորավ հավատը մարդու նկատմամբ։ Մեր ծրագրի հուշած բանալիով առաջին հայացքից այս ասելիքին չառնչվող պիեսը դարձավ մարդկային հավատի վերականգնման անհրաժեշտության, կարևորության մասին։ Մանկական 8 ներկայացում ինքս արեցի «Համազգայինում», որովհետև հրատապ էինք գտնում երեխաներին թատրոն հաճախելու մշակույթ պատվաստելը։ Նրանց խանդավառում էինք թատրոնի սիրով, մտածել ստիպում։ Փոխվել են ժամանակները, այլ մոտեցումներ է հարկավոր մշակել, որ դերասանը չկորչի... Իր վերջին օրերին Սոսը մի անգամ անսպասելի հարցրեց. «Գիտե՞ս, թե Լիրն ինչու այդպես վարվեց։ Հոգնել էր... Բայց թատրոնում հոգնել չի կարելի»։ Քոչվորական մեր կարգավիճակում չէինք ընկճվում, քանի որ հավատով էինք լեցուն։

- Հիմա, կարծես, հուսալքվում եք...

- Հակամշակութային խմորումները կրկին խոշոր ծավալ են ձեռք բերել, գլորվող ձնագնդի նման։ Եվ ցավալիորեն անզոր ես կասեցնել ակնհայտ հետընթացը։ Չեմ կարողանում իմաստավորել նոր կարգավիճակը գլխավոր ռեժիսորի։ Եզոպոսյան լեզվով ասած, այսօր ավելի կարևորվում է ոչ թե Լև Տոլստոյը, այլ նրա հրատարակիչը... Ինչպե՞ս համակերպվես։ Հիմա մեր թատրոնում նորելուկ ռեժիսորների ու դերասանների կայացմանը պիտի նպաստեի՝ փորձառությունս նրանց փոխանցելով, որպեսզի կարողանան վաղը ինքնուրույն առաջ գնալ։ Ես գերագույն հաճույք եմ ստանում թատերական աշխատանքից։ Բայց չէ՞ որ հանուն հաճույքի չէ, որ շարունակում եմ ծառայել թատրոնին։ Ազգը դիմազրկվում է, երբ դադարում է թատրոն հաճախել։ Առանց կենդանի արարման հետ հաղորդակցվելու ինչպե՞ս կհարստանան մատաղ սերնդի միտքն ու հոգին, կձևավորվի գեղագիտական բարձր ճաշակը... Ի՞նչ են նրանք տեսնում տանը, փողոցում։ Ի՞նչ բարձր արժեքներ նրանց կարող է պատվաստել տարերայնորեն ընտրված համացանցային տեսանյութը, հեռուստաեթերը։Երեխաների համար գիրք կարդալը, թատրոն հաճախելը նույնպիսի սովորություն պիտի դառնա, ինչպես քնելուց առաջ ատամները խոզանակով լվանալը։ Մի անհերքելի իրողություն էլ կա. համացանցային ընթերցանությունը, մի կողմ թողնենք հարուցած առողջական խնդիրները, չի կարող գիտելիքի հուսալի աղբյուր դառնալ։ Համակարգչով ստեղծված ու համացանցով տարածվող գրականությունը հեղեղված է արտառոց վրիպակներով։ Նկատել ե՞ք, թե որքան չստուգված, հորինված տեղեկատվություն է այն հրամցնում։ Արդյո՞ք դիտավորություն չէ... Այս չարիքից ապահովագրվել հնարավոր է միայն հեղինակավոր մարդկանց իրազեկված խմբագրությամբ լույս ընծայված գրքերով։

 

Զրուցեց Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆԸ