ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ - 65

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ - 65    

 

ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ - 65«Արվեստների  պատկերասրահ» հիմնադրամի (նախագահ՝ Մարիամ Շահինյան) երաժշտական փառատոնի արվեստամեծար երեկոյի ներշնչանքով վերստին կսկծաց  ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ (29 հունվարի 1951թ. – 23 մարտի 2016թ., Երևան ) վաղաժամ կորստի համազգային ցավը  և կարևորվեց մեծահամբավ օպերային երգչի արտիստական դիմանկարի հնարավորինս ամբողջական վերստեղծումը։ Չէ՞ որ մեր ազգային  արժեքների հանդեպ խորին ակնածանքով միայն կարող ենք դիմագրավել ամբոխացման հոգևոր-մշակութային ավերածություններին ու մշտապես հաղթել հանուն հայրենիքի մղվող պատերազմներում...      

Հոբելյանական  դիմանկարի  ուրվագիծ       

Խնկարկում Ազգային պատկերասրահի կամարների ներքո 

«Տեր, ողորմեա», «Ավե Մարիա», «Ամենասեր կույս Մարիամ»... Որմնանկարների սրահում մեկնարկում էր  Հայաստանի գլխավոր կերպարվեստապահոցի և համաշխարհային երաժշտարվեստի անպարպելի գանձարանի մնայուն նմուշների հնարամիտ համադրությամբ ուրույն գրավչություն ստացած «Ազգային պատկերասրահ» միջազգային երաժշտական փառատոնը։ Մայրաքաղաքային մշակութային կյանքում անշփոթելի հմայքով հաստատված ամենամյա երաժշտահանդեսի 12-րդ մուտքը ինքնատիպ խնկարկման արժեք էր ձեռք բերում սիրված օպերային երգիչներ Լիպարիտ Ավետիսյանի, Դավիթ Բաբայանցի, Արծվիկ Դեմուրչյանի իրարահաջորդ մեներգերով։ Հայաստանի պետական կամերային նվագախմբի երաժիշտները դիրիժոր Հարություն Արզումանյանի գլխավորությամբ անսայթաք ապահովում են    աշխարհահռչակ տենոր ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ ազգային արժեքը մեծագույն հարգանքով վերահաստատող ինքնատիպ պատարագի բազմաձայն հենքը։ Տարագույն կատարումներին հետևելով՝ մտածում ես,  օպերային երգարվեստի անզուգական վարպետի անփոխարինելի կորստի ցավը զգալիորեն խաղաղվում է, երբ համերգահարթակում երևում են շնորհաշատ նորերը։ Ասենք, Երևանի պետական կոնսերվատորիայում մասնագիտացող Գոշը, ով իր կատարողական ունակությունները հղկել է Գեղամ Գրիգորյանի երկամյա դասընթացներով, դեռ երկար ճանապարհ ունի անցնելու։ Մինչդեռ սքանչաձայն Սիլվայի կայացման ուղին  հետայսու պետք է հարթեն ավագները, որպեսզի գործնականում հարստանա բեմափորձը։ ...Խորասուզված անձրևոտ երեկոյի տխրատամուկ ելևէջներում՝ չեմ էլ նկատում, թե ինչպես է թափ առնում ներքին երկխոսությունս Լիտվայի վաստակավոր և Հայաստանի ժողովրդական արտիստ Գեղամ Գրիգորյանի հետ՝  մեր բազմաթիվ հանդիպումների, խոցելու աստիճան անկեղծ զրույցների  համապատկերում։ Տարեմուտին,  Սպենդիարյանի անվան ազգային օպերային թատրոնի գեղարվեստական ղեկավարությանը  վերջին վերադարձից հետո, փաստորեն մեր վերջին հանդիպմանը, փորձությունների անկանխատեսելի բովով  անցած  աշխարհահռչակ հայ տենորը  խուսափեց  բարձրաձայնել  իր վաղեմի երազանքի՝ օպերայինը երգարվեստի ակադեմիա դարձնելու իրականացման հավանականությունը, դեռևս պահպանվող ինքնատիպ ձայնի հրապարակային լռության իրական դրդապատճառները, վերարժևորել թատրոնի  ներկան ու հեռանկարները իր գեղագիտական առաջնորդության 8-ամյա փորձառությամբ...   

 

Հայաստանում վերջին դերերգը Տիրիթը եղավ


Մայր բեմում Էդգարի  գլխավոր դերերգով (Դոնիցետի, «Լյուչիա դը Լամերմուր») փայլուն դեբյուտից սկիզբ առած արտիստական 45-ամյա փառահեղ տարեգրության կենսական ակունքները, որքան էլ զարմանալի թվա,  մխրճված են  հայրական օջախում։ Լինելով ինժեներներ` ծնողներն արվեստին շատ մոտ են կանգնած եղել. մայրն ու քեռին հրաշալի նկարում էին, հոր երաժշտական շնորհերն ամենքին էին հայտնի։ Հոր նման փոքր, բայց տպավորիչ ձայնով դեռ մանկուց երգում էր Ռոմանոս Մելիքյանի «Փոքրիկ տղան մի վարդ տեսավ» ռոմանսը։ Դասական արժեքների հանդեպ հոր պատվաստած սիրով էլ  ամբողջ կյանքում ընդդիմացավ  ցածրարվեստ անճաշակությանը։ Այդուհանդերձ, հոր չիրագործված երազանքին հասնելու մղումով  սկսեց ջութակ նվագել, բայց  6-7 տարեկանից օպերային արվեստի սիրով համակվեց, որովհետև ուսուցիչը` Շավարշ Բաղդասարյանը, նվագախմբի ջութակահարներից էր ու իրեն միշտ հետը թատրոն էր  տանում։

-Խնամվող պարտեզում են միայն լավ պտուղներ հասունանում։ Հիմա է, որ հոտում ու ճիճվոտում են,- մեր մտերմիկ զրույցներից մեկում  առակախոսեց Մաեստրոն։ - Մշակութածին ժամանակներում, Սպենդիարյանի անվան երաժշտական դպրոցում մասնագիտական առաջին իսկ քայլերից, որոշակի պատկերացում էինք սկսում կազմել արվեստի բոլոր ոլորտներից։ Ճշգրտում էինք մեր կարողության սահմանները։ Ուսումնարանի երկրորդ կուրսում խմբավարությունն ինքնակամ  համատեղեցի վոկալի հետ։ Արդեն հանրապետական և անդրկովկասյան մրցույթների դափնեկիր էի։ Տրամաբանական շարունակությունը պիտի լիներ կոնսերվատորիան, որտեղ առանձնապես անելիք չունեի, պատկերացրեք, քանի որ նույն ուսուցչի` ժողովրդական արտիստ Սերգեյ Դանիելյանի մոտ էի։ Միասին էլ կայացման ամենակարևոր ուղին ընտրեցինք` սկսեցի շատ երգել։ Շրջագայում էի նախկին Խորհրդային Միության ամբողջ տարածքում։ 1982-ին արդեն Արևմտյան Բեռլինում էի երգում։
Երբեք չձգտեց որևէ մեկին նմանակել, չնայած իրեն  հոգեհարազատ գագաթներ էին Բյոռլինգը, Կարուզոն, Պերտիլեն, Ջիլին։ Եթե անձնական-ընտանեկան հանգամանքների բերումով Վիլնյուսում  չհաստատվեր, միևնույն է, ընդարձակելու էր բեմատարածքը, որովհետև համոզված էր՝ միևնույն տեղում  մնալով հնարավոր չէ լիարժեքանալ։ Մինչ Լա Սկալայում վերապատրաստվելը համերգներում, ներկայացումներում էր երգում, մենելույթներ  ունենում Մոսկվայի կոնսերվատորիայի մեծ դահլիճում, Լենինգրադում։ Երկար տարիներ արտասահմանյան հռչակավոր երգիչներն անպայմանորեն իրենց  համերգային ծրագրերում էին  ընդգրկում ինքնատիպ հարուստ ձայնով հայազգի տենորին։ Վալերի Գերգիևի  գլխավոր դիրիժոր նշանակվելուց հետո արդեն ճանաչված երգիչ էր, վստահելի ուժ և կարողացավ  հայտնի  արտիստների համախմբել Մարիինյան թատրոնում։ Նրանց հետ շրջագայելով՝ առավել ընդարձակեց  իր հանրահռչակման  աշխարհագրությունը։ Բեմական վստահությունն ամրապնդվեց  մրցույթներում տարած բազմաթիվ հաղթանակներով։ Սպենդիարյանի 100-ամյակի առթիվ նախաձեռնված հանրապետականից սկսած մինչև Գլինկայի անվանը։ Ասենք, խորհրդային ժամանակներում  երաժշտագետները հրաշալի գիտեին տարբեր տարիքի շնորհալիներին, հետևում էին նրանց աճին։ Եվ նա ինքն արդեն վաղօրոք գիտեր, թե ինչ մրցանակի կարող է հավակնել։ Երբ Չայկովսկու անվան մրցույթին էր մասնակցում, Լիտվայի վաստակավոր արտիստ էր։
Հավասարապես սիրելի ու անմոռաց 64 դերերգից  յուրաքանչյուրն իր ժամանակաշրջանի ծնունդը եղավ` Հերցոգը, Գերմանը, Պինկերտոնը, Կանիոն, Դոն Կառլոսը։ Առանց որևէ փորձ անելու առաջին Ռադամեսը (Վերդի, «Աիդա») Հռոմի «Կարակալա» փառատոնում կատարեց, որն այդպես էլ չջերմացրեց հայրենի բեմն իր աշխարհաճանաչ հմայքով։ Հարյուրավոր ներկայացումներում հանդես եկավ  մեծանուն երգիչների հետ կողք կողքի` Ֆիլիպովա, Միրելո Ֆրենի, Գյաուրով, Լեո Նուչի, Գուելֆի, Խվորոստովսկի, Սկանդիուցի, Բուրչուլաձե, Դոմինգո, Պավարոտի։ Բոլորը չես թվարկի։ Նրա կատարումներում առանձնահատուկը  երբեմն նույնիսկ անվանի տենորների կողմից դժվարությամբ հաղթահարվող դերերգերի անթերի մատուցումը եղավ։ Ինչպես, ասենք, Վերդիի «Ճակատագրի ուժը», Չայկովսկու «Պիկովայա դաման»։ Լա Սկալայում շքեղ կենսագրություն էր կերտում, երբ Ռոբերտ Քոչարյանի հրավերով համաձայնեց Երևանի օպերայինի գեղարվեստական ղեկավարությունը ստանձնել։
-Սկզբում երբեմն գնում-երգում էի։ Հետո սկսեցի հոգնել,-  չէր թաքցնում ճշմարտությունն իր երկրպագուներից Գեղամ Գրիգորյանը։ - Բացի ստեղծագործելուց, հազար ու մի հոգս էի հոգում. դժվար տարիներին ներկայացումներ էինք բեմադրում, գումար էի հայթայթում, իմ միջոցներից տրամադրում դրանց իրականացման համար։ Պետությունը ո՛չ «Անուշ»-ին, ո՛չ «Կարմեն»-ին, ո՛չ «Գայանե»-ին, ո՛չ «Ալեկո»-ին հատկացումներ չի արել։ Երիտասարդներով համալրեցի գրեթե փլուզված ստեղծագործական խումբը։ Կոնսերվատորիայի կղզիացած դասարաններում Կարուզոյի համարում ստացածներից  շատերն  իրականում երգել կարողացան։ Շուտով  զարմանալիորեն կտրուկ փոխվեց վերաբերմունքն իմ անձի ու արածի հանդեպ։ Դեռ չգիտեին, թե ինչ եմ անելու, 6 ամիս առաջ ստորջրյա հոսանքներ էին բխեցնում, հակաստեղծագործական կրքեր բորբոքում։ Գաղտնիք չէ, որ լավ արտիստը միշտ էլ լավ ռեժիսոր է լինում, մանավանդ օպերայում։ Լոս Անջելեսում, օրինակ, Դոմինգոն էր երգում «Պիկովայա դամա», երբ ինձ վստահեց բեմադրությունը, քանի որ ինքը չգիտեր գործը։ Հետո ամիսներով անձամբ էր փորձում։ «Մետրոպոլիտենում» նույն օպերան Մշչինսկին էր բեմադրում, երբ զորամասի տեսարանը ես արեցի։ Ստանիսլավսկին էլ, չէ՞, դերասան է եղել։ Ընդամենը 4 բեմադրություն եմ արել։ «Ալեկոն» էլ է հրավիրված ռեժիսոր արել (Էրիկ Գաբիդով), «Կարմենն» էլ (Արմեն Մելիքսեթյան), «Նորման» էլ (Բորիս Հայրապետյան)։ Ի դեպ, Գաբիդովի վարձատրությունն այդպես էլ կիսատ մնաց... Օդում կախված մնացին ինձ տրված հեղինակավոր խոստումներից շատերը... Թողեցի-գնացի։
Եթե կուլիսային ստորջրյա հորձանքներից չընկճվեր հոգին, դեռևս ի զորու էր տարիքային կենսուժին հարիր ամբողջական ներկայացումներ երգել։ Իր իսկ հավաստմամբ՝ Օթելլո», «Դոն Կառլոս», բայց ոչ «Ռիգոլետո» կամ «Բոհեմ»։ Եթե իհարկե համապատասխան միջոցներ հատկացնեին նոր «հայրենական» բեմադրությունների համար։ Եթե «ի վերուստ» չկարևորեին  մեր բազմաճեղք պետբյուջեին անհարիր թանկարժեք «Սպարտակն» ու «Աիդան»... Մինչևիսկ  իր անզուգական Դեզդեմոնայի ընտրությունն էր արել.
- Միայն աղջկաս` Հասմիկին կվստահեի, սքանչելի սոպրանո և ընտիր դերասանուհի է։ Գերմանիայում, «Կոմիշ-օպերայում» Ջրահարս է երգում, Լիտվայում՝ Տատյանա։  Հիշու՞մ եք, 60-ամյակս նշանավորող երեկոյին մեզ մոտ «Անուշ» երգեց. երեք օրում սովորեցինք, մինչդեռ ուրիշներին 6 ամսում չես կարողանում սովորեցնել։
Օպերայինի բազում երգիչ-երգչուհիներ, որոնց վաղուց ի վեր կատարողական վարպետության դասեր էր տալիս, միաձայն վկայում են բոլորի դերերգերն անթերի ներկայացնելու  նրա անզուգական վարպետության մասին։ Իր հարուստ փորձառությամբ  տրտնջում էր  հմուտ թատերանկարիչների բացակայությունից։ Գտնում էր, որ դեկորների վրա միայն հսկայական գումարներ  ծախսելու փոխարեն  խելամիտ կլիներ որակյալ ներկերին ու հագուստին համապատասխան միջոցներ տրամադրեին, ավելի դինամիկ ու շքեղ նոր ներկայացումներ բեմ բարձրացնեին, որպեսզի խաղացանկայիններն էլ փորձելու ու շրջանառելու հնարավորություն ունենար մեր ազգային թատրոնը։ Ավելի քան համոզված էր, որ օպերային թատրոնը ոչ թե մշակույթի նախարարության, այլ նախագահական ենթակառույց պիտի լինի, ինչպես խորհրդային տարիներին` Մեծ թատրոնը, ձերբազատվի նյութական կախյալ վիճակից։  Վստահ էր, որ թատրոնին անհրաժեշտ է  ի՜ր գործող ստուդիան, որպեսզի պատշաճ կատարողական մակարդակը պահպանի։ Լրջորեն մտահոգված էր  շնորհառատ երիտասարդ երգիչների՝ Գևորգ Հակոբյանի, Առնոլդ Քոչարյանի, Հովհաննես Այվազյանի բեմելի  կարոտով։ Գիտեր, որ եթե շարունակ չերգեն, կկորցնեն տպավորիչ ձայները։
Երբ գլխատված գեղագիտական եռամյա տարուբերումներին դիմագրավելուց ուժասպառված հարազատ թատրոնի կամարների ներքո մեծարվեց ծննդյան 60-ամյակի կապակցությամբ, տոնական լույսերով ողողվեց աշխարհահռչակ տենորի ընկճված հոգին. «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալ շնորհեց իր ներկայությամբ հանդիսությունը պատված ՀՀ նախագահը:  Կարծես թե խաղաղվեց դյուրաբեկ հոգին։ Մոր կորստյան ծանր ապրումներով նաև  էապես կապանքվեց ու սկսեց  խզվել երգը։ Հայաստանում վերջին դերերգը Տիրիթը եղավ, «Արշակ Երկրորդ»-ի առաջին բեմելին միայն։ Ֆիլհարմոնիկում մի երկու անգամ Կանիո երգեց։ Վերջին ամբողջական ներկայացումը  7 տարի առաջ Չեխիայում էր երգել  («Պայացներ»,Կանիո), Պետեր Դվորսկու միջազգային փառատոնում, հետո Պիտերում Գոլիցին` «Խովանշչինա»-ում, որով նաև երեք ներկայացում տվեցին Լոնդոնում։ Ավելի վաղ՝ «Մետրոպոլիտենում» 12 ներկայացում Պիեռ Բեզուխով («Պատերազմ և խաղաղություն»)։ Վերստին վերադարձավ օպերայինի գեղագիտական առաջնորդությանը բազմաթիվ անջատումներից էապես նվազած խանդավառությամբ։ Հոբելյանական երեկոներին էլ ներկայացրեց իր շնորհառատ սաներին՝ մի քանի կատարում միայն իրեն բաժին հանելով... Մանկան պես խոցելի են արվեստի մարդիկ։  Եվ գուցե բազմիցս խոցվելուց էլ ձեռք բերեց անսպասելիորեն ի հայտ եկած  բախտորոշ հիվանդությունը... Քանիցս լռել է  հայրենիքում Գեղամ Գրիգորյանի երգը, կրկնվել է «հարկադիր կամավոր» անջատումը թատրոնից և՝ վերադարձը...  Թող որ խոցելի էր որպես բեմադրիչ, բայց, անհերքելի համակարծությամբ,  մեր օրերում հավասարը չուներ որպես օպերային երգարվեստի Ուսուցիչ... Հիմա արդեն  միառժամանակ կմարեն ինտրիգների ալեբախումները, հիմա արդեն իսկապես որբացավ մեր օպերային թատրոնը Մաեստրոյի վաղաժամ կորստով... 20-րդ դարի լավագույն տենորների` Պերտիլեի, Բյոռլինգի, Պավարոտիի, Դոմինգոյի շարքում տասնամյակներով հաստատված  ԳԵՂԱՄ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ անկրկնելի  երգարվեստի մասին հետայսու կարելի կլինի   մոտավոր պատկերացում կազմել, ցավոք, «Պիկովայա դամա», «Պատերազմ և խաղաղություն», «Սադկո», «Ալմաստ», «Նորմա» ֆիլմ-օպերաներով միայն։ Հազա՜ր ափսոս... Թող որ չարյաց փոքրագույն ընկալվեց երաժշտասեր հանրության կողմից  օպերային որևէ բեմադրություն չարած դաշնակահար, դիրիժոր  ամերիկահայ Կոնստանտին Օրբելյանին մեր օպերայինի գեղարվեստական  առաջնորդությունը վստահելը։ Միջազգային երաժշտական խմորումներին քաջատեղյակ մեր հայրենակիցը գուցե  թե կարողանա  ուղղորդել թատրոնի  ստեղծագործական գործընթացը Գեղամ Գրիգորյանի բեղուն վաստակի երախտագետ արժևորմամբ։  Ասում են, որ նրանք քանիցս սրտացավ զրույցներ են ունեցել մեր թատրոնի կատարողական առկա ներուժի և արդիաշունչ հեռանկարների շուրջ։ Լավատես լինենք, չէ՞ որ մեր ազգային օպերային միակ թատրոնի բարձրարվեստ հարատևությունը բոլորս ենք կամենում։ Այդպիսով  կնշանավորվի նաև Գեղամ Գրիգորյանի ծննդյան 65-րդ, հոբելյանական տարեդարձը և անկատար չեն մնա աշխարհի բեմերը իր բազմահարուստ ձայնով նվաճած մեր ազգային հպարտության թատերաերազանքները։

  

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ