ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ – 90

ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ – 90Իրենց ուրույն թատերայնությամբ, անհատականացված մարդկային նկարագրերով և գեղարվեստական ընդհանրացման խորունկ ուժով քառորդ դար գեղագիտական իմաստուն վայելք պարգևեցին արվեստասեր հանրությանը ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Էդգար Էլբակյանի լավագույն անձնավորումները՝ Պատանի հանդիսատեսի թատրոնում, «մայրությունը» անվերապահորեն հաստատած հայաստանյան գլխավոր բեմում, այսօր երանությամբ հիշվող հեռուստաթատրոնում։ Աննկատ չմնաց նրա որևէ դերակատարում։ Անկախ ներկայացումների ընդհանուր արժեքավորությունից։Գնահատեցին երևելի ուսուցիչները, գնահատեց հանդիսատեսը։ Ժամանակի մամուլը հեղեղված էր նրա դերակատարումների սրաչք գնահատականներով։ Հարյուրավոր դերակատարումներով զարմանալիորեն գունեղացած ու անշփոթելի «էլբակյանական կերպապնակով» կերտված տարաբնույթ հերոսների դերապատկերներից 20-րդ դարի երկրորդ կեսի հայ թատրոնի «ազգային պատկերասրահում» իրենց մնայուն տեղը գտան Կորչագինը, Լևոնը, Խլեստակովը, կարդինալ Ռիշելյեն, Գիքոն, Տարելկինը, Տոպազը... Լավագույնները միշտ էլ սակավ են լինում։ 

Արտիստական տարեգրության ոլորաններում

 

«Թե փակվի վարագույրը աշխարհի դեմ,

Ա՜խ, մեկ է, իմ երազը բեմ է ու բեմ։

Թե լռեն երգերը ու մեռնեն դերերը,

Ա՜խ, մեկ է, իմ երազը բեմ է, բեմ է ու բեմ...»։

Էդգար Էլբակյան կրտսեր


Այդ բազմաշնորհ «Խլոբուսը»

Կարող էր ֆուտբոլիստ դառնալ, այն էլ՝ ոչ աննշան։Ճկուն ու աշխույժ պատանի Էդգարը, երկբևեռ նախասիրությամբ՝ հարձակվող և դարպասապահ,ժամանակին լրջորեն հրապուրվել է ֆուտբոլով... Կարող էր նաև քիմիկոս դառնալ. Ղարսից Ալեքսանդրապոլ գաղթած, Թիֆլիսում կրթություն ստացած և Ախալքալաքում դպրոց հիմնադրած Գևորգ Էլբակյանն այդ դպրոցում որդու քիմիայի ուսուցիչն էր, ով տարված էր աշխարհն իր համար հայտնագործելու բնագիտական համառ պրպտուքով... Կարող էր և նշանավոր երգիչ դառնալ։ Ինչպես և բնատուր արտիստականությամբ օժտված հայրը, ով Ներսիսյան դպրոցում սովորելիս Շարա Տալյանի և Արմենակ Տեր-Աբրահամյանի հետ երգել է Սպիրիդոն Մելիքյանի երգչախմբում, որդին էլ զուլալ ձայն ուներ։ Թե Թիֆլիսի, թե Ախալքալաքի նրանց տանը միշտ հավաքվում էին արվեստի նվիրյալներ։ Թատրոնի նշանավոր մարդիկ կարդում-քննարկում էին հոր թարգմանած պիեսները, հոգնությունը մշտապես ցրում էին երգել-ուրախանալով։ Այդ ուրախությունների զարդն էր փոքրիկ Էդգարը, ով տպավորվում էր «ընտանեկան երգացանկից» հնչեցրած Կոմիտասով, Եկմալյանով, Սայաթ-Նովայով...

Ուշագրավ մի մանրամասն. Ախալքալաքում Գևորգ Էլբակյանն ուսուցիչների ուժերով բեմադրել է «Անուշ» օպերան։ Ներկայացման այն հատվածում, երբ Սարոն իր «Բարձր սարերը» երգելուց հետո ընկել է Մոսիի գնդակից, վշտահար հանդիսասրահի քար լռությունը խախտվել է փոքրիկ Էդգարի «անդրանիկ բեմելով»: Վրայից ընկնող շալվարով, մեծ-մեծ կոշիկներով ծուռտոտ մանչուկը, ում «Խլոբուս» էին «մկրտել», անբացատրելի առողջ բնազդով, կուլիսներից բեմ է մտել, մոտեցել «սպանված սիրահարին» ու ցնցել ուսը. «Վե՜ր կաց, Երվանդ քեռի, դու մեռած չես...»:

...Երբ միջնակարգից հետո 1946-ին դիմեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ, հաճելի քնարական բարիտոնը երկմտելու լուրջ տեղիք տվեց ընդունելության հանձնախմբին՝ գուցե կոնսերվատորիա՞... Մանավանդ դյուրաթեք դիմորդը ընդգծված վեհերոտ բնավորություն ուներ, դժվարանում էր հաղթահարել ամոթխածության ներքին պրկումը։

Մինչև 3-րդ կուրս մասնագիտական ուսուցման ձեռքբերումները ոչ նրան էին մխիթարում, ոչ էլ դասախոսներին գոհացնում։ Ինստիտուտում նրան ավելի շատ որպես երգիչ գիտեին։ Բախտի քմահաճույքով շուտով երերաց օպերային երգիչ դառնալու նրա երազանքը։ Միջակ դրամատիկական դերասանի հեռանկարով խուճապի մատնվեց Նայդյոնովի «Վանյուշինի զավակներից» հետո։ Ինստիտուտից ինքնակամ հեռանալու հուսահատ վճռի մասին հայտնեց կուրսի ղեկավար Սարգիս Քոչարյանին... Պարզվեց, որ ոչ միջակ դերասան դառնալու առկա նախադրյալները կարելի է բացահայտել՝ ինքնահաղթահարման տառապալից աշխատանքով, մեծագույն կենտրոնացումով։ Արդյունքում, Սունդուկյանի «Ամուսիններում» սպասավորի դերակատարմամբ, մասնագիտական պետական քննությունը գերազանց հանձնեց։ Իմպրովիզացիայի բնատուր ձիրքը նկատեց ավարտական կուրսի ղեկավար, ներկայացման ռեժիսոր, գունեղ մանրամասների ու անմիջական խոսք ու շարժման սիրահար Վարդան Աճեմյանը։ Դիպլոմային դերակատարումները ստիպեցին լրջորեն մտածել լիովին չհղկված, բայց հետաքրքիր ու հեռանկարային ձիրքի տեր դերասանի ապագայի մասին։

 

Ինքնահաստատման լրջագույն նախանշանները


ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ – 90Տիգրան Շամիրխանյանի հրավերով գնաց Պատանի հանդիսատեսի թատրոն և փորձառու ռեժիսոր-դաստիարակի հոգատարության շնորհիվ սկսեց աստիճանաբար կայանալ։ Թատրոնում էլ համարյա ուսանող էր զգում իրեն համակուրսեցիներից շատերի ընկերակցությամբ՝ Իշխան Ղարիբյան, Զարեհ Տեր-Կարապետյան..., «տեղացիներից»՝ Գրիգոր Յաղջյան, Հրաչյա Ղափլանյան ... Փորձի ժամանակ անփութորեն տարվեց շախմատ խաղալով։ Վարչական տույժի դառնությամբ զգաստացավ՝ գոյություն չունեն ոչ լուրջ դերեր, թատրոն ասվածը համակ կենտրոնացում է ու կարգուկանոն։ Ապա... Մասունքի պես պահպանեց ինքնահաստատման առաջին հայտը՝ Ա.Ի.Միկոյանի անվան պատանի հանդիսատեսի պետական թատրոնի թիվ 47 հրամանը. «1951-ի ապրիլի 4-ին «Խաղաղության աստղը» պիեսի բեմադրության պրեմիերայի հանձնմանը Էտյենի շնորհալի դերակատարման համար դերասան Էդգար Էլբակյանին հայտարարում եմ շնորհակալություն և վերացնում ս.թ. մարտի 13-ին նրան արված նկատողությունը։ Դիրեկտոր՝ Տ. Շամիրխանյան»: Աշխույժ ու անհոգ պատանուց ամերիկյան ռազմամոլների դեմ ընդվզող խաղաղության մարտիկի վերափոխվող Էտյեն –Էլբակյանը հուզառատ կարեկցանքի արժանացավ այն տեսարանում, ուր նրա հերոսին այրում էին Վիետնամ զենք փոխադրող նավի ծխնելույզում։ Աննկատ մնալով, խուլ տնքոցով ու աղեկտուր հեծեծանքով միայն թրթռացրեց պատանի հանդիսատեսի նրբազգաց հոգին։ «Խաչատուր Աբովյան» ներկայացման մեջ նրա անխոս զինվորը կուլիսներից միաժամանակ «Հոլ արա, եզո» երգեց։ Ծերուկ բժշկի մի փոքրիկ դեր խաղաց Բրուշտեյնի «Քեռի Թոմասի տնակը» ներկայացման մեջ՝ փայփայելով աճուրդի տեսարանում ունեցած մի հատիկ խոսքը։

Թատրոնը հերոսների դերակատարների խիստ կարիք էր զգում, ուստի նախապատվությունը տրվեց կերպարի առավել «տեսանելի» գծերի ցայտունացմանը։ Այդ ժամանակներից էլ, պլաստիկայի ու ճկունության մանրախնամ մշակմամբ, գունեղացավ Էլբակյանի խաղացած դերերի արտաքին նկարագիրը։ Հրաչյա Ղափլանյանի «Ուսուցիչը» պիեսում իր նախկին սանի և ապագա խաղընկերոջ խոհունակ ու ջերմ պատանեկան դերակատարումը «Ավանգարդ» թերթում շնորհավորեց Գուրգեն Ջանիբեկյանը։ Ինքնասիրությունը շոյվեց հանդիսատեսի ուշադրության կենտրոնում պահող դերաշարով. ճարպիկ ու զվարճասեր 15-ամյա կապիտան («Երկու կապիտան»), չափից ավելի խելացի, կարգապահ ու ընկերասեր տղաներ («Սուվորովականներ», «Սևանի ափին»), անհամեմատ բազմերանգ՝ Մարիուս («Թշվառներ»)...

Առաջին դժվարին փորձությունը Պավել Կորչագինը (Ն.Օստրովսկի, «Ինչպես էր կոփվում պողպատը») եղավ երիտասարդ ռեժիսոր Զավեն Տատինցյանի անդրանիկ ինքնուրույն բեմադրության մեջ։ Մի տարիքում, երբ երիտասարդները ավելի ձգտում են իրենց անձը ներկայացնել բեմում, քան անձնավորվող կերպարը։ Կրկին ինքնահաղթահարման պատնեշի առջև հայտնվեց, ինստիտուտից ծանոթ, բայց ավելի անանցանելի թվացող։ Փորձառությունը չնչին էր, վարպետությունը՝ պակաս։ Օգնության եկավ Լևոն Քալանթարը, ում կանչել էին փորձը նայելու. ծանրակշիռ դիտողություններ արեց, իսկ Էդգարի հետ առանձին հանդիպեց։ Գիտնական արվեստագետի բարեկամական տարողունակ զրույցը կյանքի և բեմի ճանաչողության անփոխարինելի դաս եղավ։ «Պիտի հավատաս, որ հավատացնես» հավատամքով սկսեց իր տրամաբանական հունի մեջ ամրանալ կերպարը։ Պատանի հանդիսատեսը սիրեց Էլբակյանի Կորչագինին հոգու մաքրության և ուժի, ճշմարիտ հերոսականության և անկեղծ զգացմունքների համար։ Հմայքը և դերինն էր, և դերակատարինը։ Ստեղծագործական տառապանքի համարժեք վայելք ապրեց Թումանյանի համանուն հեքիաթի մոտիվներով թատրոնի երիտասարդ դերասան-դրամատուրգ Գրիգոր Յաղջյանի գրած «Ոսկի քաղաք» պիեսի Հրաչյա Ղափլանյանի բեմադրության մեջ։ Թատերական գունեղ պայմանականության վրա հիմնված ներկայացման մեջ իրական կյանքի թրթիռն էր զգացվում։ Գլխավոր դերակատար Էդգար Էլբակյանի սրտառուչ քնարականությունը, խոսքի, շարժուձևի, դիմախաղի բնականությունը հավասարապես դրսևորվում էին թե ընտանեկան-կենցաղային շրջապատում, թե երևակայական-հեքիաթային Ոսկի թագավորությունում, թե վիշապի հետ մենամարտելիս, թե Հայրենուհու սիրով տոչորվելիս։ Երբ «Ոսկի քաղաքը» ներկայացվեց Մեծ Հոկտեմբերի 40-ամյակին նվիրված պատանի հանդիսատեսի թատրոնների համամիութենական ստուգատեսի եզրափակիչ փուլին, նրա Քաջիկը սիրվեց նաև ռուս պատանիների կողմից։ Ի թիվս թատրոնի մի շարք դերասանների, Էլբակյանն արժանացավ առաջին կարգի դիպլոմի։

Ղափլանյանը բեմականացրեց Շիրվանզադեի «Արտիստը» ու կրկին բեմադրեց նրա գլխավոր դերակատարությամբ։ Էլբակյանի «մշակած ու դաշնավորած» ամենաերաժշտական կերպարն էր սա, երգչի նրա ունակություններին ամենահամահունչը։ Թախծոտ մեղեդու նման էլ մարում, կործանվում էր Էլբակյանի Լևոնի նրբազգաց հոգին կոպիտ իրականությանը անխուսափելիորեն բախվելիս։ Մեծ սիրո թեման իր ինքնատիպ շարունակությունը գտավ Շիլլերի «Սեր և խարդավանք» դրամայի ղափլանյանական բեմադրության մեջ։ Էլբակյանի Ֆերդինանդը բեմում ավելի քնարաշունչ մի սիրահար էր, քան լուսավորական նոր հայացքների տեր ըմբոստ պատանի։ Թե ներկայացման մեջ, թե Ֆերդինանդի կերպարում ամենահնչեղը սիրո անմահության թեման էր դարձել։ Գուցե բեմադրիչը, պատանի հասցեատեր ունենալով, գիտակցվա՞ծ էր այսպիսի հունով տարել իր մեկնաբանությունը՝ քաղաքական միտումը բացահայտելով խարդավանքի զոհ դարձած պատանիների սիրո ողբերգության միջոցով։

Ի վերջո հաստատվեց, որ Էլբակյանը շատ ավելի բազմակողմանի տվյալներով է օժտված, քան պահանջում են «սիրահար հերոսների» դերերը։ Այս առումով վճռորոշ նշանակություն ունեցավ ստեղծագործական լիարժեք հանդիպումը Լևոն Քալանթարի հետ, ով պատանիների թատրոնում բեմադրեց Գոգոլի «Ռևիզորը»։ Անմիջապես չընտրեց Խլեստակովի բարդ կերպարի դերակատարին. լարված փորձեր, հեռավոր կյանք ու կենցաղի ծալքերը բացող զրույցներ... Մի անգամ էլ, երբ արդեն փորձում էին սեղանի շուրջ, հանկարծ դիմեց նրան. «Էդգար, հապա էսօր դու կարդա»։Մյուս փորձին էլ... Ի վերջո, միատեղ հայտնվեցին նրա դերասանական գրեթե բոլոր հատկանիշները՝ արտաքին և ներքին ճկուն պլաստիկա, շարժուն դիմախաղ, ռիթմի բնահատուկ զգացողություն, հարուստ հնչերանգներով ձայնասահման, ինքնաբուխ հումոր, անբռնազբոս խաղաոճ... Գոգոլյան ցուցումներին միանգամայն հարազատ ներկայացավ Էլբակյանի Խլեստակովն իր ռեժիսորական ու դերասանական մեկնաբանությամբ։Միանգամայն ինքնուրույն էր և ինքնատիպ՝ ինչ-ինչ աղերսներ ունենալով հայ թատրոնում մարմնավորված նախորդների հետ, որոնք երիտասարդ դերասանն անձամբ չէր տեսել։ «Չգիտեմ, հայ բեմում այսպիսի Խլեստակով եղել է, թե ոչ,- ներկայացումից հետո խոստովանեց Քալանթարը,- թերևս միայն Վաղարշյանը»։ Ներկայացումից հետո ռուս թատերագետ Յակով Ֆելդմանը դիմեց Խլեստակով - Էլբակյանին.«Դուք երբևիցե բալետով զբաղվե՞լ եք։ Ո՞չ։ Զարմանալի է։ Այնքան պլաստիկ ոտքեր են, որ կարծես պարող եք։ Ձեր ոտքերը խոսում են»։ Խլեստակովը շռնդալից հաղթանակ եղավ թե դերասանի, թե թատրոնի համար։

Պատանիների թատրոնում մեկուկես տասնյակից ավելի դերեր ևս խաղաց Էլբակյանը։ Միայն մեկը նրա սրտով եղավ և օգտակար՝ վերամարմնավորման արվեստի վարպետացման առումով՝ կարդինալ Ռիշելյեն (Ռաձինսկի, «Երեք հրացանակիրները» ըստ Դյումայի): Ոչ մի ավելորդ շարժում, կերպարի ներքին ուժի ու նենգորեն խորաթափանց մտքի տարագույն «լուսարձակները»... աչքերն էին։


Մայր թատրոնի ազնիվ մշակը


ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ – 90Երբ մրցույթ հայտարարեցին Սունդուկյանի անվան թատրոնը դերասանական թարմ ուժերով համալրելու նպատակով, կարդինալ Ռիշելյեն իր բարի գործն արեց. ՀԽՍՀ վաստակավոր արտիստի կոչման արժանացած Էդգար Էլբակյանին ընդունեցին միաձայն։ «Հերոսական ու ազնիվ» դերերի «ագրեսորների» ոչ այնքան ազնիվ հարձակումներից հոգնած Վարդան Աճեմյանը ի սկզբանե նախազգուշացրեց.«Միայն թե խարակտերային դերեր պիտի խաղաս»:

Նոր թատերամիջավայրին ընտելանալու համար ստիպված էր 3 տարի բավարարվել «Նամուսի» Ծիպլիծատուրով, «Արա Գեղեցիկի» «դեկորատիվ» Բահալի քրմապետով, «Պաղտասար աղբարի» Փայլակով։ Ասենք, «Ոսկե կառեթի թագավորության» Թագավորի նրա անդրանիկ դերակատարումը տեսնելուց հետո Փափազյանն ասել էր Աճեմյանին.«Վարդան, այս մանչը տաղանդավոր է, ուշ դարձրու...»: Ոչ էպիզոդիկ դերերից ամենանպաստավորը Տերյոխինը եղավ Ալյոշինի «Հիվանդանոցում» (ռեժիսոր՝ Գրիգոր Մկրտչյան). ոչ թե ներմուծվում էր, այլ մասնակից էր հենց սկզբից։ Հանդիսատեսային ճանաչումը եղավ 1966-ին, երբ նույն տարում խաղաց արտիստական ներուժը բացահայտելու հնարավորություն ընձեռող 2 դեր՝ Գիքո և Տարելկին...

«Պեպոյի» աճեմյանական բեմադրությունը, հավատարիմ «Պատվի համարի», «Ժայռի», «Նամուսի» նոր մեկնաբանություններով հաստատված նրա մեկնակետին, ավանդականին արդիական հնչողություն հաղորդելու միտում ուներ։ Սկսած բեմապատկերից մինչև գործող անձանց խոսքի ինտոնացիոն լուծումը։ Սովորական մարդիկ էին ոչ միայն Շուշանը, Կեկելը, Գիքոն, այլև հենց ինքը՝ Պեպոն, որին հաճախ պատկերացրել են ու պատկերել իբրև բացառիկ անհատականություն՝ հերոսական կեցվածքով, պոռթկուն շարժումներով, պաթետիկ խոսքով։ Ոմանք հավանությամբ ընդունեցին ներկայացումը, ոմանք էլ «արվեստում հեշտ ուղի» համարեցին նոր մոտեցումը՝ մեղադրելով բեմադրիչին «Պեպոյի» բեմական լավագույն ավանդույթներին հակադրվելու մեջ։ Բանավիճողները լիակատար համերաշխ էին միայն Էդգար Էլբակյանի՝ իր տեսակի մեջ փայլուն ու կատարյալ Գիքոյի հարցում։

Երիտասարդ դերասանն անճանաչելի դառնալու աստիճան փոխվել էր ծեր, բայց ոչ զառամյալ մարդու մարմնավորելիս։ Անհամատեղելի թվացող հատկանիշներ էին միաձուլվում այս Գիքոյի կերպարում՝ պլաստիկա և «անդյուրաթեքություն», արագաշարժություն և խոհական ներքին, խոսքի ճարճատուն հոսք և ծորուն ընթացք... Բարձրակետը լույս աշխարհ ընկած անիծյալ բարաթի նրա արած պատմությունն էր։ Պեպոյի տուն եկած Զիմզիմովի հետ տեսարանում երբեմնի զվարճասեր ու առույգ կինտոն էր դառնում։

Հայաստանում բուլղարական մշակույթի տասնօրյակի առիթով բուլղար ռեժիսոր Էնչո Խալաչևը բեմադրեց Պեյո Յավորովի «Վիտոշի փեշերին» ողբերգությունը։ Էլբակյանի համարձակ, կծու սարկազմով Չուդոմիր Չիպիլովսկին, կատակերգական և ողբերգական եզրերի մերձեցմամբ, առանձնապես աչքի էր ընկնում այն տեսարանում, ուր Խրիստո-Սոս Սարգսյանին պիտի հայտներ նրա սիրած աղջկան՝ Միլային պատահած դժբախտության մասին։

...Հայ թատրոնն առաջին անգամ էր դիմում Սուխովո-Կոբիլինի ՝ «Կրեչինսկու հարսանիքը», «Դատական գործ», «Տարելկինի մահը» եռագրության երկրորդ սատիրական կատակերգությանը։ Աճեմյանն առանց այլևայլության գոգոլյան Խլեստակովի «ազգակից» Տարելկինի դերը հանձնարարեց Էդգար Էլբակյանին։

-Ուզում էի Տարելկինին համարյա ճիվաղ դարձնել, - խոստովանում է Էլբակյանը,- ատամները թափած, ծնոտը թույլ կախ ընկած... Հրաժարվեցի՝ իմ նպատակը չէր բացարձակ հակակրանք, նողկանք առաջացնել կերպարի նկատմամբ։ Թատրոնը խաղ է, որը միտված է ցույց տալու, թե ինչն է արդար, ինչը՝ ոչ, ինչն է կառուցում կյանքը և ինչն է այն ավերում։ Ահա թե ինչու թատրոնը կարող է դիտվել որպես գիտություն, որն ուսումնասիրում է մարդու վարքը և հոգու շարժումը։

Հավատարիմ մնաց իր գեղագիտական սկզբունքին՝ պեղել, հայտնաբերել մարդկայինը նույնիսկ ամենաբացասական կերպարներում։ Ստանիսլավսկու «Եթե չար մարդ ես պատկերում, գտիր, թե որտեղ է նա բարի» պատգամի յուրատիպ «շրջասություն» եղավ նրա Գիքոն՝ «եթե ուրախ մարդ ես պատկերում, գտիր, թե որտեղ է նա տխուր»։ Երեսպաշտ, ստախոս, շողոքորթ, դրամական խղճուկ ողորմություն-տուրքեր առնելով կաշառքի խոշոր գործարքներ կազմակերպող Տարելկինի պարագայում՝ «եթե ծիծաղելի մարդ ես պատկերում, գտիր, թե որտեղ է ողբերգական»։ «Փոքր ավազակ» Տարելկինի կերպարի թատերային բնութագրմանը նպաստավոր հնարք էր գտել։ Բեմ էր մտնում, ավելի ստույգ՝ ներս գլորվում ասես փողոցից, ընկնում էին ցիլինդրը, կեղծամը, և հանդիսատեսին ներկայանում էր իր հերոսի «արտաքին մերկությամբ»։ Ներկայացման վերջում հուսահատությունից քաշում-հանում էր կեղծամը։ «Ներքին մերկացմամբ» յուրովի ամբողջացվում, շրջանակվում էր կերպարը։ Լերկ գլուխ, դողդողացող-ծալվող բարալիկ ծնկներ, վախից գունաթափ կերպարանք, որ խոսելուց առաջ մի պահ բացուխուփ էր անում բերանը, ասես օդը չէր հերիքում։ Օ՜դը՝ գոյության միջոցները, ինչի պատճառով էլ պարտատերերը հալածում էին նրան ամենուր։ Բայց հանդիսատեսը չէր հասցնում զարմանքից անցնել խղճահարության. Տարելկին-Էլբակյանը կեղծամը կրկին դնում էր գլխին, իրեն կարգի բերում ու... կերպարանափոխվում. չէ՜ սա թեև ողորմելի, բայց ուրիշ հովեր ունեցող արարած է, պաշտոնյա՜ է վերջապես, կոլեգիական խորհրդական, ինչն ընդգծվում էր նրա ապագա զոհի՝ Մուրոմսկու տանը։ «Խլեստակովյան մոտիվներ» կային նաև դեպարտամենտի տեսարանում...Մոսկովյան ներկայացումների վերջում ծափերի միջից լսվում էր՝ «Բրա՜վո, Տարելկին»...

-Տարելկինի կատարման մեջ կա մի կողմ, որ գրավում է ինձ,- գրեց մեծավաստակ արվեստագետ Ռուբեն Զարյանը, ում աշակերտելու երջանկություն էր ունեցել թե դպրոցում, թե ինստիտուտում։ - Վարդան Աճեմյանի առաջադրանքը՝ պլաստիկ լուծում տալ կերպարին, Էլբակյանն այնպիսի հմտությամբ է անում, ասես իր տարերքի մեջ լինի։ Բեմական խնդրի պլաստիկական այդպիսի լուծում, այն էլ այդպիսի մակարդակով, վաղուց չեմ տեսել... Էդգարի սերնդակիցների ուսերի վրա է թատրոնն այսօր։ Բայց ոչ Էդգարի, որը եթե օգտագործվի իր արժանիքների համեմատ, դա ոչ միայն իր, այլև թատրոնի ստեղծագործական շահը կլինի։

 

Տոպազի երկունքի տևական սպասումը


ԷԴԳԱՐ ԷԼԲԱԿՅԱՆ – 90Կատարողական ներուժի մասնակի կիրառությամբ, ցավոք, հետագայում բեմ հանվեցին «բանվոր տղա» Վարդանը («Աշխարհն, այո, շուռ է եկել»), Չորրորդ նավաստին («Բեկում»), Սամսոնը («Դոն Կիխոտ»), Մուխոյարովը («Ճշմարտությունը լավ է, բախտն ավելի լավ»), Հռոմի քաղաքացին («Կորիոլան»), Փայլակն ու Եփրեմը («Պաղտասար ախպար», «Հացավան»)։

Ակամա հարաբերական դադարը թատրոնում տևեց 8 տարի։ Մինչդեռ երազում էր Սիրանո խաղալ, Ռիչարդ Երրորդ, Կոմիտաս՝ եթե մի լավ պիես գրվեր... Այս շրջանի լավագույն դերը հայ զինվոր Բաղդասարը եղավ Ժիրայր Ավետիսյանի «Ջրհորի մոտ» ֆիլմում։ Առաջին խոշոր, մնջախաղի հնարքներով նրբորեն մշակված, զարմանալի հյութեղ ու արտահայտիչ կինոկերպարը։ Նկարահանվեց մի շարք ֆիլմերում՝ «Համագյուղացիներ», «Արշակ», «Երբ գալիս է սեպտեմբերը», «Երկունք», «Պաղտասարը բաժանվում է կնոջից», «Հուսո աստղը»... Անգերազանցելի մնաց Բաղդասարը։

Նրբերանգներով հարուստ ձայնով, խոսքի ու երաժշտության ռիթմի անվրեպ զգացողությամբ փնտրված կատարող եղավ ֆիլմերը կրկնօրինակելիս։ «Ձայնական կերպարների» մի ամբողջ շարք ստեղծեց նաև ռադիոթատրոնում։ Կապույտ էկրանի երանելի երկուշաբթիների բազմահազար սիրահարներն այսօր կարոտով են հիշում նաև հեռուստաթատրոնի նրա հերոսներին. Միկիտան Սաքո (Պ. Պռոշյան, «Հացի խնդիր»), Քաջ Նազար (Գ. Տեր-Գրիգորյան, «Քաջ Նազարի Նոր տարին»), Մարտինե (Ժ. Սովաժոն, «Չաո»), Քահանա (Ե.Օտյան, «Միջնորդ Տեր Պապան»), Ծերունյան (Հ.Մելքոնյան, «Հրաժարական»), Իլլ (Ֆ.Դյուրենմաթ, «Ծեր տիկնոջ այցը»), անկրկնելի Իլիկոն (Ն. Դումբաձե, Գ. Լորթքիփանիձե – «Ես, տատիկը, Իլիկոն և Իլարիոնը»)՝ Գիքոյին արյունակից աշխույժ ու կենսասեր, ազնիվ ու բարեկիրթ, ժողովրդական անչար հումորով մի ծերունի... Դերից դեր խորացավ Էդգար Էլբակյանի արտիստական հմայքը, ընդլայնվեցին համաժողովրդական ճանաչման սահմանները։ Բայց էկրանային թատրոնում չկար նրան այնքան հարազատ, ներկայացման արարման ընթացքի համահեղինակ հանդիսատեսի տաք շունչը։ Առիթը ներկայացավ 1974-ին, երբ Մարսել Պանյոլի «Տոպազի» հեռուստատեսային բեմադրությունից հետո գլխավոր դերակատար Խորեն Աբրահամյանը Սունդուկյանի անվան թատրոնում ձեռնարկեց այդ պիեսի բեմադրությունը։ Էլբակյանը ստեղծեց մեր թատրոնի գլուխգործոցներից մեկը։ Նրան հարազատ էր պիեսի գլխավոր հատկանիշը՝ հավասարակշռությունը սոցիալական սատիրայի և թատերական վոդևիլային ձևի միջև։ Էլբակյանի պանսիոնի ուսուցիչ Տոպազն առաքինության կոթող էր՝ մոլեռանդ ինքնանվիրումով, անբեկանելի հավատով։ Ծիծաղելիորեն լուրջ էր դասի ժամանակ, ոգեշնչված։ Աշակերտները, ակներև ծաղրով, իրենից սերտած ասույթներ էին մատուցում նրան՝ հեռու նրա քարոզած բարոյախոսությունից։ Խաղային նրբերանգներով հոգեբանորեն հագենում էր Տոպազը, լցվում կյանքով, համարյա աննկատ կերպանափոխվում մի վիճակից մյուսին անցնելիս։

-Տոպազն ամեն ինչով՝ թե զգացմունքներով, և թե ունակություններով քանքարավոր մարդ է, պոտենցիալ կարողություններով օժտված մարդ,- գրում է Էլբակյանը։- Դրա համար էլ այնպես ուզում ես, որ նա միանգամից ու կատարելապես չդավաճանի իր նախկին հայացքներին, որ մի բան մնա նրա ազնիվ էությունից, որ լրիվ չկորչի այդ մարդը...Կարող էի ներկայացնել իբրև ոչ մի սրբություն չունեցող մարդու, բայց դա էժան ու գռեհիկ լուծում կլիներ, իմ համոզմունքներին անհարիր։ Ես չեմ հավատում մարդու լիակատար անկմանը, այլասերմանը։ Արվեստում էլ, կյանքում էլ գեղեցիկը պիտի մնա, այլապես դժվար է, անկարելի է ապրել...

Եվ բարդ բեմական ընթացք էր ունենում Էլբակյանի հերոսի հրաժարումն իր էությունից ի նպաստ քաղաքապետարանի խորհրդական Կաստել-Բենեկի գրասենյակում աշխատանք ստանալու։ Սկզբունքներն ու պատվասիրությունը դեռ չկորցրած մարդու ներքին ընդվզման նրբին կերպավորմամբ էր հիմնավորվում բիզնեսմեն-Տոպազի այլասերումը՝ հանդիսատեսին հավատացնելով, որ նրան հանգամանքնե՜րն են փոխել, մարդի՜կ...

Տոպազով Էլբակյանը վերջնականապես հաստատեց, որ ինքն օժտված է լայն կտավի կերպարների դիմելու պատկառելի կարողությամբ։ Շատ չուշացավ Սունդուկյանի անվան թատրոնում հղկված վարպետության ճանաչման պաշտոնական վկայությունը՝ ՀԽՍՀ ժողովրդական (1978) արտիստի պատվավոր տիտղոսը։ Բայց Տոպազից հետո էլ եղան դերեր, որոնք ակնհայտորեն նրա կարողություններից ցածր էին։ Այդուհանդերձ, գտավ իր կերպարից պահանջվող միակ, բայց կարևորագույն գույնը։ Եվ կենսահյութով հագեցան Մուկուչ Ասողիկը («Հաջի Փայլակ»), Երվանդը («Հարսնացու հյուսիսից»), Գասպարն ու, հատկապես, Մուշեղը, («Խաչմերուկ»): Վերջինիս համար ստեղծագործական խմբի կազմում Էլբակյանը ևս արժանացավ ՀԽՍՀ պետական մրցանակի (1979): Կոլորիտային էր նաև իշխան Սաքոն՝ Դեմիրճյանի «Քաջ Նազարում», ով տարատեսակ խորամանկություններով ձգտում էր «աթոռից գցել» թագավոր Նազարին և նրա տեղը որդուն՝ կրտսեր Սաքոյին դնել։ Բեմադրիչ Հրաչյա Ղափլանյանը հնարամիտ բեմավիճակներ էր ստեղծել հայր և որդի ներդաշնակ «երկմիասնության» համար։ Ի դեպ, սյուժետային այս հորինված գծով բեմ հանվող կրտսեր Սաքոյի կերպարը, «ժառանգական» ճկուն պլաստիկայով, խաղում էր Արմեն Էլբակյանը։

... Երբ 1988-ի հոկտեմբերի 15-ին իրենում առկայծող վերջին կենսական ուժերով խանդավառ պատմություններ էր անում իր «հուշագրին»՝ հիվանդատես եկած Ռուբեն Զարյանին, չէր կարող երևակայել, որ իր ու վաղամեռիկ շնորհառատ թոռան անունները միաձույլ կապրեցվեն «Էդգար Էլբակյան» դրամայի և կոմեդիայի նորաստեղծ թատրոնի արարչագործությամբ, այդ բեմի լույսերը դժվարին մաքառումով մշտավառ պահող որդու, Լիլի թոռնուհու ու սքանչելի Աննա հարսիկի տաղանդավոր համախոհությամբ։ Չէր կարող երևակայել նաև, որ երբևէ, ի նշանավորումն ծննդյան 90-րդ տարեդարձի, Հայաստանի թատերական համքարության հաստատած գլխավոր հանդիսանքի՝ «Արտավազդ» ամենամյա մրցանակաբաշխության 2017-ի գլխավոր հերոսն է լինելու ինքը։

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ