Կայացավ «Թատերական Սյունիք» փառատոնի բացումը

Ս/թ մայիսի 19-ին Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Թատերական Սյունիք» փառատոնի հանդիսավոր բացումը, որին ներկա էին թատերական գործիչներ, պետական այրեր: Ողջույնի խոսքով հանդես են եկել Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը, Սյունիքի մարզպետարանի մշակույթի եւ սպորտի բաժնի պետ Սարգիս Դավթյանը, Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արթուր Գաբրիելյանը, Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնի տնօրեն Շանթ Հովհաննիսյանը:
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, շնորհավորելով ներկաներին, նշեց, որ փառատոնի գլխավոր նպատակն է հանրապետության լավագույն թատրոնների ներկայացումների կազմակերպումը ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան, Գորիս, Կապան, Քաջարան, Ագարակ և Մեղրի քաղաքներում: 
Հ. Ղազանչյանի խոսքով` նշված տարածաշրջանում միաժամանակ տասը թատերախմբերի ելույթները միջոցառումը կվերածեն իսկական թատերական տոնի ոչ միայն այն պատճառով, որ հեռավոր քաղաքների բնակչությունը չունի հնարավորություն առնչվելու մայրաքաղաքային թատերական կյանքին և մոտիկից ծանոթանալու անվանի թատերական գործիչներին, այլև տեղում վեր հանելով տարածաշրջանում գործող երկու` Գորիսի Վ. Վաղարշյանի անվան և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնների առկա խնդիրները՝ ավելի արդյունավետ դարձնելով այդ թատրոնների աշխատանքը:
Փառատոնի բացումն ազդարարել է Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը` հանդիսատեսի դատին հանձնելով Կ. Խոդիկյանի «Սիրային քառանկյունի» պիեսը (բեմադրությունը` Հ. Ղազանչյանի): Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել: 
Նշենք, որ «Թատերական Սյունիք» փառատոնին մասնակցում են Գ. Սունդուկյանի անվան ազգային թատրոնը (Գ. Խանջյան «Որբերի ընտանիքը»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Սերգեյ Շևչենկո և Ալեքսեյ Կուլիչկով «9 ամիս»), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան «Բրեմենյան երաժիշտները»), Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան «Անբան Հուռին»), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան «Հեքիաթներ»), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին «Կրիսպի մկնիկը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա») և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը («Բակունցյան գույներ»):
«Թատերական Սյունիք» փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այն անց է կացվում ՀՀ մշակույթի նախարարության և «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ: