ՍԻՐԱՆՈՒՅՇ - 160

  

«Մի՞թե հնարավոր է պատմել ու վերապատմել, թե ի՜նչ էր Սիրանույշը, ինչպիսի՜ երջանկություն էր լինել  նրա  ժամանակակիցը ու բեմական անմոռանալի հայտնագործությունների զմայլված հանդիսատեսը»։                                                                                        

 

Լևոն ՔԱԼԱՆԹԱՐ

   

                Հայ  թատերարվեստի  անզուգական  քրմուհին

Նորօրյա  աղոթք

ՍԻՐԱՆՈՒՅՇ - 160Երբ անամոք մնացած ցավդ  ժամանակ առ ժամանակ ահագնանում է, կամա-ակամա սպեղանի ես փնտրում։ Հատկապես դժվար է հոգումդ անթեղված մորմոքի պոռթկումը խաղաղեցնելը։ Երբեմն, բարեպատեհ հանգամանքներով, անսպասելիորեն գտնում ես, իհարկե, տամուկ տրտմությունդ  մեղմացնելու հնարքը։ Սիրանույշով իմաստավորված մայիսյան հուզառատ ապրումներս դուրս հորդելու ելք էին փնտրում, երբ գտնվեց առիթը։  Բազմաշնորհ արվեստագետ Վիգեն Ստեփանյանի նախաձեռնած մտերմիկ թատերազրույցի ծիրում վերստին մարմին առան  մեկ տասնամյակ փոթորկվող մտքերս։ Սրտամոտ համախոհությունից ասես թև առած՝ կերպավորվեցին և, տարերային «ազատագիր» ստացած, խուռներամ խմորումների ճնշումից գեթ մասամբ թոթափվելու հրաշալի շարժառիթ ստացան։ Վերընձյուղվեցին լավատեսության ձնծաղիկներս՝ իրենց անուշ բուրմունքը  որպես ուղեցույց փարոս տարածելով  մշակութային քաոսում խարխափող մարտունակությանս վերադարձի ճամփաբաժանին։

Այսպիսի անբացատրելի խռովք էր պատել հոգիս ճիշտ և ճիշտ  10 տարի առաջ, երբ անկատար մնացին Սիրանույշի 150-ամյա հոբելյանը նշանավորող թատերական համահայկական հրավառության երջանիկ մասնակիցը լինելու սրտատրոփ հույսերս։ «Արմմոնո» թատերական փառատոնի շրջանակներում  ցուցադրվեցին «Երկյուղած լռություն» (բեմադրիչ՝ Գառնիկ Սեյրանյան, դերակատար՝ Հասմիկ Տեր-Կարապետյան ) և «Լինել...» (բեմադրիչ՝ Հակոբ Ղազանչյան, դերակատար՝ Լարիսա Կադիրովա )   «հոբելյանահենք»  մենաներկայացումները։  Դրանց խաղարկումներին  Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում անմիջականորեն  հաղորդակցված  թատերապաշտների հանգույն ինքս էլ ուշի ուշով որոնեցի հայ բեմարվեստի մեծագույն պարծանքի 150-ամյակը հանրահռչակող   նորանոր  նախաձեռնություններ։ Ապարդյու՜ն։ Հակառակ հիմնավոր  բազմաձայն ակնկալությունների։  Շուտով մարմրեցին այդ 2 առկայծումներն էլ։ Ապավինելով առավելապես Ռուբեն Զարյանի և Վահրամ Փափազյանի մեզ ավանդած գրականությանը՝ փորձեցի   «Ավանգարդ» և «Թատրոն» պարբերականների էջերում  արտահայտել սեփական հայեցակետս և վերստին կարևորել մեր ազգային  թատերարվեստի անշփոթելի հմայքը համաշխարհային բեմում հաստատած մեծատաղանդ արտիստուհու առասպելական դերակատարությունը։ Քանի որ սկզբունքորեն չեմ հանդուրժում հանիրավի (գուցե միտումնավո՞ր...) ստվերումը ամենաարժանավորների, ինձ առանձնակի հարազատացավ  իր շենշող փառքի մայրամուտի դառնությունը  հեռավոր Կահիրեում ցմրուր ըմպած Սիրանույշը։ Խորասուզվելով  նրա առեղծվածային արվեստի գաղտնարանում՝ դյուրությամբ համոզվեցի, թե  բեմի ու կյանքի որքա՜ն ուսանելի դասեր կարող է քաղել ներկա թատերասերունդը։ Չէ՞ որ, ինչպես ինքն էր պնդում, իսկական արվեստը երբե՜ք չի ծերանում...  Օրհնյա՜լ լինի ծնունդդ, Մերոպե, «փոքրիկ Աստղիկ», Հաջի Մեհրյուբե, հայ բեմի պարծանք ՍԻՐԱՆՈՒ՜ՅՇ...

«Ահա  հայության  ապագա  մեծ  դերասանուհին»

Կոստանդնուպոլսի Բերա  թաղամասում վանեցի ատաղձագործ Սահակի՝ նահապետական ոգով հասակ առնող դստեր համար մանկական  հետաքրքրություններն ի սկզբանե դրսևորման մի տիրույթ ունեին՝ թատերախաղը։ Լինելով մորաքրոջ դստեր՝ Ազնիվի ու նրա որդու՝ Միհրանի  հայրենասիրական երազներով առլեցուն ընտանեկան թատերասրահի մշտական հանդիսատեսը՝ Մերոպեն վստահ էր, որ ինքն էլ է մի օր բեմում հաստատվելու։

ՍԻՐԱՆՈՒՅՇ - 160-«Վարդան  Մամիկոնյան» ներկայացմանը հրեշտակի թևերով ինձ բեմ հանեցին, - իր առաջին դերակատարման մասին  տարիներ անց պատմում է Սիրանույշը։- Գեղեցիկ սպիտակ զգեստները, ժապավենները ինձ գրավեցին։ Թեև ոչինչ  չէի հասկանում, սակայն անգիտակցորեն գրավվում էի, և այն բոլորը, որ կատարվում էր, երեխայական խաղ էր թվում ինձ։ Ես ոսկեգույն թևերով թռչում էի հասարակության մեջ, ինձ փայփայում էին, իմ շուրջը կատարվում էր մի բան, որը հրապուրում էր ինձ։

Շուտով, փոքրիկ տղայի երկու խոսք ունեցող դերով, բեմ է բարձրանում «Նաումի» թատրոնում։ Տեսնելով նրա խելացի խաղը՝ բեմադրության ղեկավար Թովմաս Ֆասուլաճյանը բացականչում է. «Ահա հայության ապագա մեծ դերասանուհին»։ Երբ վերջնականապես բեմին են նվիրվում Ազնիվն ու Միհրանը, ապա  Մերոպեի  ավագ քույրը՝ Աստղիկը, իսկական թատրոնի հանդիսատես  դարձած աղջնակը լրջորեն տարվում է բեմարվեստով։ Ներկայացումներում տեսածը անդուլ փորձերով վերարտադրում է տանը. փակված իր սենյակում, բեմ-թախտի վրա, ապավինելով փայլուն հիշողությանն ու սուր լսողությանը։ Չէր էլ կարող պատկերացնել, թե ի՜նչ հերոսական քայլ է  քույրերի հաստատվելը պրոֆեսիոնալ թատրոնում. ասիական նախապաշարումներով շրջապատում  մինչև իսկ առաջին վարժուհիներն էին որակվում «երեսը պատռածներ»։ Ազնիվի միջնորդությամբ 1873-ին ընդունվում է Պետրոս Մաղաքյանի թատերախումբ, որտեղ կենտրոնացած էին  պոլսահայ բեմի լավագույն ուժերը։ «Հորդանսի դեղձանիկը» կատակերգության մեջ նրա աղախնու  դերակատարմամբ  ոգևորված Հակոբ Պալյանը գրում է «Թռչնիկ» ոտանավորը և խնդրում Տիգրան Չուխաճյանին մեղեդի հորինել դրա համար։ Առաջին պարգևն է ստանում՝ 10 ոսկի, իրեն ձոնված երգի լավագույն կատարման համար։  Բնատուր օժտվածությունը հաստատվում է  դերերի բազմազանությամբ նպաստավոր  երկրորդ թատերաշրջանում՝ փայլելով  իր Շարլոտայով  («Որկրամոլության նպատակով աստղագետ» ) և  Ամալյայով («Ավազակներ»): Կովկասից ժամանած Միհրդատ Ամրիկյանի ղեկավարությամբ ներկայացված «Պեպո»-ում  Կեկել խաղալուց հետո, անվանափոխության սովորույթով,  «փոքրիկ Աստղիկին» սեփական բեմական անուն են շնորհում՝ ՍԻՐԱՆՈՒՅՇ։ Ինչպես որ Մարիամին Արուսյակ էին անվանակոչել, Ազնիվին՝ Հրաչյա, Ամպերին՝ Աստղիկ...

Մաղաքյանի հեռանալով՝ խումբը քայքայվում է։ Սիրանույշը  քրոջ հետ միանում է Ֆասուլաճյանին, ապա անցնում Վարդովյանի «Օսմանյան թատրոն», որտեղ դրամաների հետ օպերետներ էին ներկայացնում, տուրք տալով թուրք մեծահարուստների ճաշակին՝ տարեցտարի կրճատում հայկական բեմադրությունների քանակը։  Ճիշտ է, մեծ համբավ է ձեռք բերում որպես օպերետային երգչուհի, բայց, դժգոհ ստացած գիտելիքներից, համառորեն ինքնակրթությամբ է զբաղվում, ուսուցիչներ վարձում մայրենին, ֆրանսերենը կատարելագործելու, ձայնը մշակելու համար։ Ռուս-թուրքական պատերազմի արհավիրքներից  փրկություն է գտնում հունական շրջագայության մեջ, ապա քրոջ ու Պետրոս Ադամյանի հետ Գևորգ Չմշկյանի հրավերով տեղափոխվում Թիֆլիս ։ Միակ բարեկամի՝ Գևորգ Չմշկյանի ջանքերով՝ «Սեր առանց համարման» թերարժեք մելոդրամայի ներկայացումը հաջողություն է բերում պոլսահայ դերասաններին։ «Մեղու Հայաստանին» հետևողականորեն հակադարձում է «Մշակի» չարակամ հարձակումները։ Ուշադրության կենտրոնում Ադամյանն ու Աստղիկն էին։ Սիրանույշի ձիրքն ակնհայտ էր, բայց ստեղծագործական դիմանկարն՝ անորոշ, խաղում էր՝ ինչ պատահի։ Առաջին վառ դերակատարումը, որով դրամատիկական լավ դերասանուհու ապագան կանխորոշվեց, Կատարինան էր Հյուգոյի «Անջելո»-ում։  Երանուհի և Վերգինե Գարագաշյանների հրավիրվելով ծանրանում է հատկապես փառատենչ Աստղիկի վիճակը, ով, ժամանակակիցների վկայությամբ,  Սիրանույշի «գեղեցիկ ձիրքերեն ու զորեղ նկարագրեն շատ բան պակաս ուներ»։ Հոգեբանական մղձավանջից ազատվելու միտումով Սիրանույշը ճակատագրական քայլ է անում՝ քրոջ հետ վերադառնալով Պոլիս։ Միանալով Պենկլյանի օպերետային խմբին՝ անցնում է Հունաստան, խնդագին ընդունելություն գտնում։ Ամուսնանում է խմբի դիրիժոր, հայտնի երաժիշտ Կարլո Նիքոսիասի հետ՝ «հազար օրվա երջանիկ  ընտանեկան կյանք» ապրելով միայն, ունենալով մի տղա ու մի աղջիկ։ «Արվեստի սիրույն փախչելով ընտանեկան հարկից» և չափազանց խանդոտ ամուսնուց՝  ընդունում է Եգիպտոսի փոխարքա Մուհամեդ Ալիի  որպես օպերետային երգչուհի հանդես գալու հրավերը։ Ընդմիջվում է գտած հաջողությունը որդու մահվան բոթով։ 1890-ին կրկին ընդունում է Թիֆլիսի հրավերը և բյուրեղացող արվեստով ստեղծում բեմական մնայուն կերպարներ՝ Ռուզան, Կատարինե, Հուդիթ, Ռեգինա, Հովհաննա... Նրա ներգործուն խաղով ու համեստագույն  անձով հափշտակված Շիրվանզադեն գրում է «Իշխանուհին»  պիեսը։ Մի թատերաշրջանից հետո կրկին շրջագայում է։ Խոցված 96-ի զանգվածային կոտորածներից՝ ընդունում Բաքվի նորակազմ դերասանական ընկերության  հրավերը։ Թաղիևի թատրոնում  Պոտեխինի «Հոգով աղքատներ» պիեսի բեմադրությամբ թատերական կյանքը սկսում է կենտրոնանալ Կովկասի արդյունաբերական կենտրոնում։ Թիֆլիսը  4 տարի պարզապես դատարկվում է   լավագույն դերասաններից։

«Մեծ արվեստագետ, որի համար արվեստը գաղտնիք մը չունի այլևս»

ՍԻՐԱՆՈՒՅՇ - 160Սկիզբ  առավ Սիրանույշի բեմական գործունեության ամենահասուն շրջանը։ Անցյալում կատարած ամենացայտուն մի քանի դերերին միայն անդրադառնալով՝ ձևերի, խոսքերի ու շարժումների  զարմանալի ճկուն  կերպապնակով արտիստուհին ստեղծում է նոր հրաշալի կերպարաշար՝ Մագդա, Մեդեա, Կրուչինինա, Մարիա Ստյուարտ... Վերադառնալով Թիֆլիս՝ Օֆելիայից, Դեզդեմոնայից, Կատարինեից, Գոներիլից հետո կերտում  է Համլետի իր մանրակրկիտ  մշակված տեսիլքը։ Ըստ Լևոն Քալանթարի, ստեղծագործական անհագ պապակի և ձգտումների լայնության վկայությունն էին տղամարդկանց դերեր կատարելու մասնագիտորեն  չարդարացված նրա փորձերը՝ Ռայխշտադի դուքսը, Նապոլեոն, Համլետ։ Սրանք իրենց բեմական տեխնիկայի  աներևակայելի վիրտուոզությամբ ինքնըստինքյան  ապացույցն  էին այն բանի, թե ինչպես պետք է աշխատել դերի վրա ու հաղթահարել դրա հետ կապված դժվարությունները։ Սումբատով – Յուժինի «Դավաճանություն» պիեսում Զեյնաբի ( 1904 ) փայլուն մարմնավորումից հետո ոչ ոք  այլևս չի  կասկածում, որ Սիրանույշը ողբերգական շնչի դերասանուհի է, «արվեստի այն բարձր աստիճանը, որից հետո ավելին պահանջել անկարելի է»։ Նրա հուզումնառատ խաղի մեջ նկատվում է մի հզոր կիրք, որը կերպարին, անկախ ապրած ժամանակներից, կապում է արդիականության հետ։  Նրա անզուգական կատարումների ներգործությամբ հանդիսատեսն Ադամյանի մահից հետո վերստին  անհագ  կարոտով ձգտում է դեպի թատրոն։ Երիտասարդությունը երկրպագության փառացույցեր է կազմակերպում՝ ձեռքերի վրա բարձրացրած առաջնորդելով ներկայացումից հետո, ձիերի փոխարեն լծվելով կառքին։ Կապը ժողովրդի հետ Սիրանույշի գործունեության անքակտելի մասն է դառնում, ամրագրվում ուղևորություններով գավառական քաղաքներ, արվարձաններ, ակումբներ։ «Միանձնուհու կյանք վարող ոսկեգիսակ փարթամ կինը» անձնական կյանքի դառնությունների մխիթարությունը գտնում է ժողովրդի գրկաբաց սիրո մեջ, դառնում համընդհանուր պաշտամունքի առարկա՝  ամենևին չլինելով արտիստական շուքի սիրահար։ 15-ամյա ընդմիջումից հետո երբ կրկին հանդես է գալիս Եգիպտոսում, առաջին իսկ՝ «Տոսկա» ներկայացմամբ գնահատվում է եվրոպական հռչակավոր անուններին համահավասար. «Մեծ արվեստագետ, որի համար արվեստը գաղտնիք մը չունի այլևս»։  Բաքվի ազգամիջյան արյունահեղ ընդհարումների պատճառով հրաժարվում է Թիֆլիսում նշել բեմական 30-ամյակը։ Քանի՜-քանի՜ անգամ է հետաձգել իր մեծարման հանդեսները... տարիներով։  1909-ին իրեն գեղարվեստի տաճարին ծառայելու առաջնորդած տիկին Հրաչյայի ուղեկցությամբ  երբ ի վերջո մեծ շուքով կայացել է «ազգային ստեղծագործության լուման համաշխարհային մշակույթի գանձանակի մեջ ձգած» արտիստուհու հոբելյանական երեկոն, «մի փոքր ազգի քաղաքակրթության տոնի» է վերածվել ինքնաբուխ։

«Հզորապես ձգտեցիք, տարաք և Ձեզ հետ բարձր հանեցիք դեպի ազնիվ գեղարվեստի կանաչազգեստ ու կենսունակ բլուրն ի վեր հասարակությունն էլ Ձեր կերտած հրաշալիքներով՝ կյանքի մի շարք պայծառ ու խավար, ազնիվ ու կոպիտ... կենդանի տիպերով,- գրում է Կոմիտասը,- արձանագրեցիք նրա սրտի և հոգու խորունկ աշխարհներում պատկերներ ու նկարներ, որոնք չեն թոշնում բնության ոչ մի արհավիրքից, ինչ կա ավելի դժվար, քան սրտեր ու հոգիներ տաշելը այնպիսի միջավայրում, ուր գեղարվեստը հավասար է ժամանցի։ Հայ բեմի փեթակը բազմապիսի ծաղիկներից հավաքած առատ հյութով լցրեցիք»։

«Դժբախտներն են ծեր ծնվում...»

Երբ Պոլսից Կովկաս վերադառնալով Աբելյանի խմբով մեկնում է Մոսկվա, առաջին իսկ՝ Մագդայի դերակատարմամբ, վաստակում է ռուս անվանի արվեստագետների բարձր գնահատականը. «Բեռնարյան տեխնիկայի և Մոսկվայի Գեղարվեստական թատրոնի անկեղծ վերապրումի ներդաշնակ միավորում», «հրայրքոտ տեմպերամենտ, իդեալական շարժուձև, դուրեկան ձայն՝ ահա հայ բեմի պարծանքի ու զարդի աչքի ընկնող գծերը»։ Երմոլովան վարդի մի մեծ կողով է նվիրում «Դավաճանություն» ներկայացումից հետո «Իմ առաջին Զեյնաբին՝ մեծատաղանդ Սիրանույշին»մակագրությամբ։ Պետերբուրգը ևս օվացիաներով է ընդունում նրան. «Սիրանույշը մեծ է, գեղանկար, գրեթե անդորր, անտագնապ, խոսքի մեջ զսպված կիրք կա, շարժումների մեջ՝ լիաբուռն ու լիավարտ զգացմունք, որ ջինջ է, պարզորոշ ու վիթխարի։ Եվ  ի՜նչ  ձայն՝  երաժշտություն...»։

Ստեղծագործական թարմությունը Սիրանույշին թույլ է տալիս շարունակել խաղալ Համլետ, Զեյնաբ, Նաստասյա Ֆիլիպովնա... Մոսկվայից հետո, «Դժբախտներն են ծեր ծնվում, իսկական արվեստը չի ծերանում»  հաստատուն հավատամքով,  լրացնում է մոտ 300 անուն ընդգրկող իր դերաշարը նոր կերպավորումներով՝ Ագնես, Ֆեդրա, Ֆրու Հիլլե, Աննա Դմիտրևնա...  Հայտնի է, որ ճշմարիտ արվեստը կարողանում է իշխել տարիքի վրա, կասեցնել նրա ավերիչ ուժը. 60-ն անց Ռոսին Ռոմեո էր խաղում, 60-ամյա Կաչալովը՝ Չացկի, Փափազյանը՝ Համլետ, մի արկածի բերումով կաղ մնացած 70-ամյա  Սառա Բեռնարը՝  Ֆեդրա...

«Իմ տեղը իմ հայրենիքում էր...»

«Հայկական Ֆեդոտովա, Բեռնար, Դուզե» որակված Սիրանույշն ինքն է տալիս արտիստական իր նկարագրի ստույգ բնորոշումը. « Ես տեսել եմ ռուս հայտնի դերասանուհի Երմոլովային, Ֆեդոտովային և, որ գլխավորն է, Վերա Կոմիսարժևսկայային։ Իմ խաղը բնույթով մոտ էր Սառա Բեռնարի դպրոցին 14 – 15 տարեկանում, Պոլսում, Վարդովյանի խմբում։ Սակայն, երբ եկա Կովկաս, շրջեցի Մոսկվա, Օդեսա, Ռոստով, աշխատեցի մոտենալ իրական դպրոցին, ոչ իրապաշտական, նատուրալիստական, որն, իմ կարծիքով, չափազանց գռեհիկ է, և ես այն չսիրեցի»։

... Ինքնաձեռագիր  կենսագրականներում Սիրանույշը որպես իր ծննդյան տարեթիվ է նշում 1861,1862,1863 թվականները՝ անորոշության, տատանումների տեղիք տալով։  Ստույգ է օրը՝ մայիսի 25... Այդուհանդերձ, արևմտահայ թատրոնի գիտակների ուսումնասիրություններով,  վաղուց հստակ է 1857-ը։ Կարևորը, ըստ իս,  մեր ազգային սնապարծությունը էապես շոյող այս արտիստական անհատականության  աստվածաշնորհ ծնունդն է։ Ճակատագրի հեգնանքով միանգամայն հավաստի է Կահիրեի գերմանական հիվանդանոցում բժիշկների կողմից այդպես էլ չբացահայտված հիվանդությունից վախճանվելու պահը՝ 20.00, ուրբաթ, հունիսի 10, 1932 թվական... Փառքի գագաթին մայրական անզուսպ սիրո հարկադրանքով հայրենիքից անդարձ կտրված, կեսդարյա բեղուն դերարարման անջնջելի տպավորությունները հեռուներում թողած, զրկանքներով լի միայնության մեջ իր մայրամուտն ապրեց հայ գեղարվեստի անզուգական քրմուհին։«Սա րոպեիս իմանում եմ, որ իմ տեղը իմ հայրենիքում էր, բայց ափսոս, որ ես իմ սխալն իմանում եմ, երբ ուշ է արդեն»  դառնաղի ճշմարտության գիտակցումը գուցե արագացրեց նրա հուզառատ սրտի կանգը։ Այդպիսով նաև մի վերջին դաս տվեց օտար ափերում փառք ու վայելք որոնող արվեստագետներին՝ որքան էլ տոկուն լինի կաղնին, դատապարտված է կործանման, երբ  իսպառ հեռանում է իրեն ծնած ու սնած հայրենի հողից...   

...Այսօր 2017 թվի մայիսի 25-ն է։ Հայ բեմի թագուհու ծննդյան 160-րդ տարեդարձի օրը։ Գեթ թատերային շենշող  բովանդակությամբ  այն հագեցնելու նախանձախնդրության որևէ  հավատընծա  նախանշան, ավաղ,  չի երևում։ Քանդակազարդ Երևանում չկա գարնանային  լիափթիթ ծաղկունքով ողողված երախտագետ հիշողության առհավատչյա մի ներկայացուցչական հանգրվան-հուշակոթող։ Թույլ տալով պատմության փոշու հաստաբեստ շերտերի կուտակումները մեր ազգային հինավուրց գանձարանի  բազմաբազում գոհարների վրա՝ արդյո՞ք ինքնակամ չենք համակերպվում մեր մոտալուտ միահամուռ փոշիացմանը։ Անդիմագիծ հոգեզրկման ախտանիշն անհապա՜ղ է հարկավոր վնասազերծել։ Համամիտ չե՞ք...

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ