«Թատերական Սյունիք» փառատոնը հատեց եզրագիծը

«Թատերական Սյունիք» փառատոնը հատեց եզրագիծըՄայիսի 27-ին Գորիսի Վ. Վաղարշյանի անվան դրամատիկական թատրոնում կայացավ «Թատերական Սյունիք» փառատոնի հանդիսավոր փակումը: 
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը ողջունելով ներկաներին՝ ասաց, որ բարձր տրամադրությամբ է հեռանում այստեղից. «Ինձ համար շատ հարազատ վայր է, այստեղ 4 տարի աշխատել եմ (նկատի ունի Կապանի Ա. Շիրվանզադեի անվան թատրոնը, որի գեղարվեստական ղեկավարն է եղել 1984-1889թթ.), և մեր կապը շարունակվում է»: 
Հ. Ղազանչյանն ընդգծեց, որ փառատոնին մասնակից թատրոնները գոհ և շնորհակալ հեռացան այստեղից. «Մեծ անհրաժեշտություն կա, որպեսզի մայրաքաղաքի թատրոնները հաճախակի այցելեն մարզեր և հաճախակի շփվեն իրենց ժողովրդի մասնիկը կազմող հրաշալի հատվածի հետ: Եվ ես կասկած չունեմ, որ փառատոնին մասնակից թատրոնները կրկին կայցելեն Ձեզ. նրանք խնդրեցին, որպեսզի ծրագիրը շարունակական լինի և կազմակերպվի նրանց այցելությունը»: 
«Թատերական Սյունիք» փառատոնը հատեց եզրագիծըՆշենք, որ «Թատերական Սյունիք» փառատոնին մասնակցում էին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնը (Կ. Խոդիկյան «Սիրային քառանկյունի»), Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոնը (Սերգեյ Շևչենկո և Ալեքսեյ Կուլիչկով «9 ամիս»), Պատանի հանդիսատեսի թատրոնը (Վ. Ստեփանյան «Բրեմենյան երաժիշտները»), Հ. Թումանյանի անվան Տիկնիկային թատրոնը (Հ. Թումանյան «Անբան Հուռին»), Հ. Մալյանի անվան կինոդերասանի թատրոնը (Հ. Թումանյան «Հեքիաթներ»), Կամերային երաժշտական թատրոնը (Ա. Պանտիկին «Կրիսպի մկնիկը»), Գյումրու Վ. Աճեմյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա»), Գորիսի Վ. Վաղարշյանի անվան թատրոնը (Ռ. Կալինոսկի «Հրեշը լուսնի վրա») և Կապանի Ալ. Շիրվանզադեի անվան թատրոնը («Բակունցյան գույներ»):
«Թատերական Սյունիք» փառատոնը հատեց եզրագիծըՓառատոնը եզրափակվեց Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի Գ. Խանջյանի «Որբերի ընտանիքը» ներկայացմամբ (բեմադրությունը՝ Տիգրան Գասպարյանի): Ներկայացումը մեծ հաջողություն է ունեցել: 
«Թատերական Սյունիք» փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի թատերական գործիչների միությունը: Այն անցկացվեց ՀՀ մշակույթի նախարարության և «Հրայր և Աննա Հովնանյան» բարեգործական հիմնադրամի հովանավորությամբ, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աջակցությամբ: