ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ - 80

«ԻՆՁ ԹՎՈՒՄ Է, ՈՐ ԳՏԱ ԻՄ ԱՇԽԱՐՀԸ»

 

«Դու մնա՜...»

- Երեքուկես տարեկան էի։ Մեր լուսամուտը ծեծում էին,- հիշողության մեջ մնացած զարմանալի դաջվածքների պատմության կծիկն է հանգույց առ հանգույց բացում պատկառելի հոբելյանի նախաշեմին ՀՀ ժողովրդական արտիստ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ։ - Մայրս ասեց՝ չեմ բացի, մինչև լիազորին չկանչեք։ Գնացին, լիազորի հետ եկան, մայրս ի վերջո բացեց դուռը։ Խոսակցությունները մանրամասն չեմ հիշում, բայց հստակ հիշում եմ, որ մայրս սկսեց ինչ-որ իրեր դասավորել։ Հայրս ինձ համբուրեց ու գնաց։ Երբ 17 տարի անց տոհմիկ արևմտահայ Խաչատուր հայրս եկավ սիբիրյան աքսորից, պատմեցի՝ ապշեց , թե որչափ տպավորված եմ եղել։


ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆ - 80Ապրած 80 բազմաբովանդակ տարիների հուշամատյանի առաջին էջը ցավալիորեն չխունացավ երբևէ։ Թե ինչ է նշանակում ծնվել հալածախտի համաճարակով բռնկված 37 թվին, «ժողովրդի թշնամու» զավակը հետո միայն ամբողջ սահմռկեցուցիչ խորքով պիտի ըմբռներ։ Եղիսաբեթ մոր և Մարիամ մորաքրոջ ու նրա ամուսնու՝ Ստեփանի ապրեցնող խնամքի բարեբախտությամբ, ի հեճուկս մռայլապատ ժամանակների, պիտի լուսավորվեր կիսաորբ մանկությունը, մարդկային ազնիվ հատկանիշներ սերմաներ նորաբողբոջ հոգում։ Մեծ Հայրենականի տարիներին, դպրոցում սովորելուն զուգահեռ, մոր հանապազօր բեռը փոքր-ինչ թեթևացնելու ջանադրությամբ հազար ու մի հնարք պիտի գտներ. կոստյում կարեր, գուլպա ու կտավ գործեր... Միաժամանակ կյանքի դասեր քաղեր։ Իրենց Բետանա թթի ծառի բերքի մի մասը երբ շուկայում վաճառելու էր տանում, անընդհատ ջրում, մաքրում էր շրջապատը, խոնավ լաթով սրբում թասը, որ հանկարծ ճանճեր չհավաքվեն։ 15 րոպեում սպառվում էր թութը։ Հարևանները դժգոհում էին, իսկ ինքն ավելի ու ավելի էր համոզվում, որ մարդը նախընտրում է մաքուր ապրանք, մաքուր պահվող շրջապատ։

Անսահման սիրելի Երևանի բնակիչների սրտակից հարազատությամբ գոտեպնդված, տարատեսակ փորձությունների բովում թրծվող ընկերների խմբով կենսուրախ քայլեց խենթավուն երազանքների փարոսին ընդառաջ։ Տարվեց օպերային արվեստի մոգական հմայքով։ Իրենում առկա անհատականության հունդի ծլարձակման հողը գտավ Պիոներ-դպրոցականների քաղաքային պալատի թատերախմբում, որը ղեկավարում էր ժողովրդական արտիստ Պերճ Գևորգյանը:

-Մի օր մեզ ասեց, որ Շամիրխանյանն ինչ-որ բան պիտի փորձի, պիտի գնանք թատրոն,- ինքնապատումը շարունակում է Երվանդ Ղազանչյանը։ - Գնացինք։ 8-10 պատանիներով կանգնեցինք բեմի վրա։ Մի նախադասություն տվեց, որ առանձին-առանձին ասենք. «Ոտքի, ընկերներ, հարգենք ֆրանսիացի բանվոր Էտիենի հիշատակը» ։ Դահլիճում էր նստած, լուսամփոփի լույսի տակ։ Մենք իրեն տեսնում էինք, ինքը մեզ ՝ ոչ։ Հետո սկսեց ասել՝ դու մնա, դու մնա...Ե՞ս, դու՝չէ, դու... Ես էլ համարձակվեցի հարցնել՝ ե՞ս... Պատասխանեց՝ հա, դու մնա՜... «Դու մնան» ինձ համար դարձավ բախտորոշ՝ 11 տարեկանից մինչ օրս...Եվ ես շնորհակալ եմ ճակատագրից այդ իմաստով։

Տիգրան Շամիրխանյանի ու Հրաչյա Ղափլանյանի անվրեպ ընտրությամբ հաստատվեց պրոֆեսիոնալ բեմում։ Ինքնահատուկ կոլորիտով տասնյակ ուշագրավ դերեր կերպավորեց` Վանյա Սոլնցև, Դոբչինսկի, Ավագ ջոկատավար,Սուրհանդակ, Իսմայիլ, Վասո… Եվ շուտով լիովին վաստակեց դրա իրավունքը: Մայրը չէր կապանքում որդու հակումները, բայց համառորեն ստիպում էր, որ բժիշկ դառնա։ Անսալով նրա կամքին՝ դպրոցից հետո գնաց բժշկական ինստիտուտ։ Հրճվանքով ընդունեց նախնական ստուգման տապալումը և հանգիստ խղճով դիմեց Գեղարվեստաթատերական։ 6 ամիս հետո միայն մայրն իմացավ, որ որդին բժշկականում չի սովորում, և դժվարությամբ համակերպվեց։

-Հոգիս լցվում է անհուն ջերմությամբ, երբ հիշում եմ մեր հանդիպումը պատանի հանդիսատեսի թատրոնում որպես մանուկ դերասաններ,- գրում է մեր ազգային օպերային ռեժիսուրայի վերջին մոգպետ ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆԸ։ - Դեռ այն ժամանակ քո մեջ ակնհայտ էր անձի անհատականության հունդը, որը քեզ առանձնացնում էր շատ շատերից։ Հետո միասին հայտնվեցինք գեղարվեստաթատերական ինստիտուտի պայծառ մի կուրսում, ուր որ մեր անուշիկ համակուրսեցիներից շատերին էր վիճակված դառնալ ազգային արվեստի նվիրյալներ...

«Ամենակարևորը Աճեմյանին հանդիպելն էր»

Մարդկային վեհ նկարագրերով Ուսուցչապետերի, գիտելիքների անսպառ շտեմարան արվեստագետների անխոնջ միասնության մի ուրույն կաճառ էր անցյալ դարակեսի մեր թատերակրթարանը։ Նրանցից մեկին` Վարդան Աճեմյանին էր վիճակված լինել գլխավոր ճարտարապետը շնորհալի երիտասարդի արվեստի նորակառույց տաճարի: Ուսանելով Վարդան Նիկիտիչի դերասանական կուրսում` Երվանդ Ղազանչյանը, իր իսկ հղացած գեղեցիկ միջոցառումների խճանկարով, հընթացս նաև իմաստավորում էր ինստիտուտի ուսանողական առօրյան` կազմակերպչական ակներև տաղանդով շուրջը հավաքելով արվեստին զինվորագրված նվիրյալներին: Նոր հերթափոխի հայտնության ավետիս ավարտական ներկայացումների տեղատարափ ծափերով սրտապնդված` 13 համակուրսեցիներով մեկնեցին Ղափանի նորաբաց պետական թատրոն: Նոր կյանք ստացավ հեռավոր լեռների ծոցում ծվարած ամբողջ երկրամասը:

- Ինստիտուտ, Գալյա, հարսանիք, Ղափան, - ինքնապատումի թելն է մանում Երվանդ Ղազանչյանը։ - Հիմա ես զարմանում եմ, որ տղան ու աղջիկը 5-6 տարի հանդիպում են, ընկերություն անում, հարսանիքի ձայները չլռած՝ բաժանվում, արդարանում՝ իրար չհասկացանք... Նրանք պիտի գիտակցեն, թե որքա՜ն կարևոր է ընտանիք ստեղծելն ու պահպանելը։ Ազգային ինքնագիտակցության տեսակետից նաև... Մենք Գալյայի հետ աննկարագրելի փորձությունների միջով միակամ անցանք։ Նոր հայ թատերական գերդաստանի հիմքը, փաստորեն, դրեցինք, ինչի մասին, իհարկե, տասնյակ տարիներ անց պիտի իմանայինք։ Կարևորագույն իրադարձություններ էին որդիներիս ծնունդները։ Շատ հետաքրքիր եղավ Հակոբինը։ Մենք Ղափանի թատրոնով հյուրախաղերի էինք Ջերմուկում։ Խաղում էինք էստոնացի դրամատուրգ Էգոն Ռանետի «Անառիկ որդին», ես գլխավոր դերակատար էի։ Երկրորդ գործողությունը երբ սկսվեց, նկատեցի, որ բոլոր դերասանները գինովցած են բեմ մտնում։ Բարկությունից տեղս չէի գտնում, գինու հոտը բեմում թանձրանում էր։ Հետո միայն իմացա, որ ընդմիջմանը Երևանից զանգել են, ասել, որ Երվանդին տղա է ծնվել։ Դույլով գինի են բերել, ամեն բեմելից առաջ ու հետո որդուս կենացն են խմել... Մի մեծ բեռնատար մեքենա գտա, որով գիշերը Երևան հասա։ Ստեփանիս ծնունդին արդեն Երևանում էի...

Հերոսների պահանջված դերակատար լինելով, վատառողջ Լևոն Մարտիրոսյանի ակամա «մեղքով», զուգահեռաբար ձեռնարկեց բեմադրական աշխատանքի։ Առաջին հաջող փորձը վստահություն ներշնչեց: Շարունակելով հանդես գալ գլխավոր դերերում` զուգահեռ բեմադրեց Է. դե Ֆիլիպոյի «Չեմ վճարի» կատակերգությունը (դոն Ռաֆայելե), Ա. Բաբայանի «Մոր սիրտը չի խաբի» (Շավարշ), Վ. Կորոստիլյովի «Հավատում եմ քեզ» (Սերյոժա), Րաֆֆու «Ոսկի աքաղաղ» (Միքայել) պիեսները: Վերջինս դարձավ 1962-ի երևանյան հյուրախաղերի մեխը` հստակեցնելով թատերական հետագա ուղին: Ներկայացման հաջորդ օրն Աճեմյանը կանչեց նրան, Գալյային ու Արծրուն Մանուկյանին։ Կրկին ոտք դրեց ինստիտուտ, Աճեմյանի ռեժիսորական կուրսում ձևավորեց նորահայտ բեմադրական ունակությունները: Միլլերի «Դեպքը պատահել է Վիշիում» դիպլոմային աշխատանքով որպես բեմադրող ռեժիսոր հաստատվեց Սունդուկյանի անվան թատրոնում։

Կինոխցիկի առաջ դերասանական համոզիչ վարքագիծը տպավորիչ դրսևորումներ գտավ Լ. Իսահակյանի («Ո՞ւմ է ժպտում կյանքը»-Հեռախոսավար, «Թռիչք անդունդի վրայով»-Արա), Ստ. Կևորկովի («Ճանապարհ»-Հայկ), Յու. Երզնկյանի («Թաղը սկսվում է անավարտ շենքից»-Զարե) և Գ. Մելիք-Ավագյանի («Մոր սիրտը»-Զինվոր) ֆիլմերում: Առկա էին կինոդերասան դառնալու նախադրյալները,սակայն արվեստում այլ առաքելություն էր նրան վերապահված… Գալյա Նովենցի հետ ստեղծած տաքուկ ընտանիքում երկու որդիների ու ծերացող ծնողների ջերմ միջավայրում խաղաղ երջանկություն վայելելու փոխարեն բաց չթողեց ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության ընձեռած բյուրեղանալու բարեպատեհ հնարավորությունը և ճանապարհվեց Լենինգրադ։

- Մասնագիտության առումով ամենակարևորը Աճեմյանին հանդիպելն էր,- ներկա փորձառության իմաստնությամբ հանրագումարում է Երվանդ Ղազանչյանը։ - Մե՜ծ դաս էր և դերասանական, և ռեժիսորական բաժինը նրա հետ։ Նրանից հետո՝ 60-ականների թարմաշունչ մտածողության ջահակիր Տովստոնոգովը. Լենինգրադի նրա թատրոնն առաջատար էր ԽՍՀՄ մասշտաբով, դերասաններն իսկական աստղեր էին։ Քաղաքի ընդհանուր մշակութային, թատերական մթնոլորտն ինձ աննկատ վերափոխեց, դարձրեց ուրիշ մարդ, ստիպեց ուրիշ կերպ մտածել։ Մենք հիմա այստեղ փակված ենք, կտրված աշխարհից։ Արվեստագետի հասունացման համար անհրաժեշտ փոխշփումներն են կտրուկ նվազել։ Մասնակի հյուրախաղերն ինչ-որ կայծեր են վառում, բայց շատ թույլ, մշակութային ընդհանուր մթնոլորտը չեն բարելավում։

Դոստոևսկու «հայացման» առաջին փորձով արժանացավ երևելի Ուսուցչի դրվատանքին. «Ղազանչյանական «Ապուշը», անկասկած, անմերժելի արժեք է հայ թատրոնում»: Փայլուն դերասանակազմի (Նաստասյա Ֆիլիպովնա-Մետաքսյա Սիմոնյան և Վարդուհի Վարդերեսյան, իշխան Միշկին-Լորենց Առուշանյան, Ռոգոժին-Հովակ Գալոյան) և բեմադրական հմտությունների հասունությամբ նրանց վստահությունը շահած ռեժիսորի ստեղծագործական դաշինքով ապահովվեց ներկայացման շռնդալից երկարակեցությունը:

«Երազների երազ մնաց Լենինականի թատրոնը»

Մայր թատրոնում մոտ մեկ տասնյակ բեմադրություններով վկայելով մասնագիտական հմտությունների բյուրեղացման մասին` 1970-ին նշանակվեց Լենինականի Մռավյանի անվան դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Որպես հաջողության առհավատչյա ընդունեց Աճեմյանի պարտավորեցնող ուղերձը. «Ուղարկում եմ ձեզ իմ եղած ամենաթանկ, ամենաարժանավոր մարդուն` Երվանդ Ղազանչյանին»: Համախմբելով իր շուրջը աճեմյանական քուրայում կոփված ավագ սերնդին և երիտասարդներին` հոգու ու մտքի թռիչքը խթանող ջերմ մթնոլորտում տրվեց որոնումների տառապալից հրճվանքին: Աշխատում էին 1 տարի առաջ մանրակրկիտ քննարկված ու հաստատված խաղացանկին համապատասխան։ Բեմ էին բարձրացնում հայ, ռուս և արևմտյան դասական ու ժամանակակից դրամատուրգիայի հայտնի ու նորահայտ նմուշներ: Եվ դերասանն էր աճում, և ռեժիսորը։ Ժամանակի մամուլը հեղեղած անդրադարձներում հատկապես բարձր են գնահատվել` Ժան Պոլ Սարտրի «Անշիրիմ մեռյալներ» («Այս բեմադրության ռեժիսորը եթե ֆրանսիացի չէ, ուրեմն անպայման մի քանի տարի ապրել է այնտեղ»-Ե. Քոչար).- Ֆ. Դոստոևսկու «Ոճիր և պատիժ» («Ստացվել է ուժեղ, տաղանդավոր ներկայացում, որ արդիական է բառի լավագույն իմաստով. թատերական ոչ սովորական երևույթ» -Վ. Ռոգով).- Ժ. Հարությունյանի «Հարսանիք-73» («Սուր բեմավիճակներ, կոլորիտային կատարումներ, վարքագծերի հյութեղություն…» -Լ. Անանյան) թատերակտավները:

-Հրաշալի էին Լենինականի տարիները, - անափ կարոտով վերապրում է Երվանդ Ղազանչյանը։ - Արզո Արզումանյան, Ժաննա Թովմասյան, Արտավազդ Փաշայան... Երբ ինձ նշանակեցին գլխավոր ռեժիսոր, շատերն այստեղ ասում էին՝ Փաշայանը 2 ամսում քեզ կուտի... Պարզվեց թատրոնի ամենակարգապահ, ամենաանձնազոհ մարդն է։ 20 րոպե առաջ փորձասենյակում նստած էր, 2 գույնի մատիտն ու ակնոցը դերի տեքստին դրած... Այդ տեսակ դերասանի համար ես հոգի՜ եմ տալիս... Հիմա երբ ջահելներից մեկնումեկը փորձից ուշանում է, ավագները բարեհոգի ժպիտով նախատում, ներս են հրավիրում... Եթե մեկնումեկը փորձից ուշանար կամ հանկարծ հետնաբեմի բազմամարդ խմբում նիզակի ծայրը թեք պահեր, Փաշայանը ընտանիքո՜վ Լենինականից կաքսորեր։ Մարդիկ էին, որոնց համար թատրոնն էր ամենաառաջնայինը։ Չէր կարելի ամեն տեսակ մայմունություններ անել, ծռտի-պռտի պիեսներ խաղալ։ Երբ «Ոճիր և պատիժն» էի անում, Թերզիբաշյան կար, ասում էր՝ ա՜յ սա մեր թատրոնին վայել է։ 30 հոգի կար բեմի վրա, խոշոր կրքերի բախումներ էին։ Փաշայանը ընդամենը 1 պատկերում էր, Արզո Արզումանյանը՝ նույնպես. կիսամեռ բերում էին, դնում, ասում էր՝ Սոնյա, Սոնյա, ներիր ինձ ու մեռնում էր։ Չկար այդպիսի մտայնություն՝ ես ժողովրդական եմ, այս դերը չեմ խաղա... Արուս Ազնավուրյանը, Գալյան խոսք չունեին։ Բոլորն էին կոլորիտային։ Այնքան հուսալի ու ամուր էր նրանց ստեղծած միջավայրը, որ Քոչարյան Վովան ու ԱրծրունյանՎահանը լողում էին բեմում։ Առանձնակի հարգալից էր ամբողջ քաղաքի վերաբերմունքը թատրոնի նկատմամբ։ Մի անգամ քաղկոմի քարտուղարը եկավ, խնդրեց, որ միասին կահույքի ֆաբրիկա գնանք։ Ինձ թվաց՝ հումոր է անում։ Տեղ հասանք, լրջացա։ Ասեց՝ 3 տեսակ աթոռ ենք պատվիրել, տես՝ նմուշներից ո՞րն է ավելի ճաշակով։ Այսինքն, եթե դու թատրոնի գլխավոր ռեժիսոր ես, պիտի քաղաքի ընդհանուր մշակույթի, ճաշակի ձևավորմանը նաև մասնակից լինես։ Թատրոնն ամենուր էր, ամբողջ քաղաքն էր թատրոն։ Թատրոն ծնող միջավայր էր, ահա թե ինչու երազների երազ մնաց Լենինականի թատրոնը։

«Անուններ տալիս պիտի չամաչես»

Բազմատասնամյա ստեղծագործական վերընթացով հստակվեց Ղազանչյան արվեստագետի ձեռագիրը, հարստացավ գեղագիտական զինանոցը։ Նրա բեմադրատեսիլքի հասուն արտահայտությունները բոցկլտացին հայ թատրոնի գրեթե բոլոր բեմերում: Համաժողովրդական ճանաչման արժանացած արվեստագետը թատերական բազմաթիվ հանգրվաններում իրականացրած մոտ 150 բեմադրություններից լիավյուն ապրած 80 տարիների հեռվից ներքին խստահայաց գրաքննությամբ առանձնացնում է լավագույն տասնյակը.

-Պատանի հանդիսատեսի թատրոնում՝ «Մի քաղաքի պատմությունը», «Ոչնչից մեծ աղմուկ», կարելի է և՝ «Կործանվածը», դրամատիկում՝ «Երկիր Նաիրի», Սունդուկյանում՝ «Ապուշը», կողքին մյուսներից որևէ մեկը չեմ դնի, Լենինականում՝ «Հարսանիք 73», «Ոճիր և պատիժ», Պարոնյանում՝ «Քաղքենին ազնվական», «Ատամնաբույժն արևելյան», «Մորգանի խնամին»... Անուններ տալիս պիտի չամաչես, գնահատման նշաձողը կամա-ակամա չիջեցնես...

1995-ից մոտ մեկուկես տասնամյակ աննահանջ լավատեսությամբ նախագահեց Հայաստանի թատերական գործիչների միությունը` տրտմելով արմատներից ու իրարից հեռանալու կղզիացնող փաստով. «Մեր թատրոնի փառքը սկսեցինք կորցնել, երբ մտածեցինք, թե մեզնի՜ց է սկսվում թատրոնը»: Բեյրութի «Վահրամ Փափազյան» թատերախմբի նվիրյալները Ղազանչյանի ջանասեր համագործակցությամբ տասնյակ տարիներ վայելեցին դեպի բարձր արվեստ տանող խիզախումների բերկրանքը: Ծնողական նախանձախնդրությամբ 70-ականներից մինչ օրս իր իմաստուն փորձառությամբ թատերական հերթափոխի ձևավորմանն է մասնակցում՝ հետևելով ինքնուրույն հասունացման ընթացքին։

ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր, պետական ու միջազգային մրցանակների դափնեկիր, մեր թատերարվեստի ազգային նկարագրի պահպանման առաջամարտիկ Երվանդ Ղազանչյանի գեղարվեստական առաջնորդությամբ քառորդ դար երերուն հավատով հաղթահարելով հեղաբեկումնային հակամշակութային խութերը՝ «պարոնյանցիները» նոր կյանք պարգևեցին Արտեմի Այվազյանի «Արևելյան ատամնաբույժին», երիտասարդացած կազմով տոնեցին Տիգրան Չուխաճյանի «Կարինեի» 64 տարի երկարաձգվող «տունդարձը»։ Կատարողական առկա ներուժի կենտրոնացմամբ բեմ բարձրացրեցին Շիրվանզադեի շքեղաշուք «Մորգանի խնամին»։ Տարատեսակ փորձարարությունների հուսալի հարթակ դարձավ տեխնիկապես բավականաչափ հագեցած նորաստեղծ փոքր դահլիճը։ Բազմավաստակ արվեստագետը երբևէ չխուսափեց ժամանակակից հայ դրամատուրգներից շատերի թերարժեք պիեսներին միս ու արյուն ներարկելուց։ Հեգնախառն հումորով համեմված թատերական հնարքներով աներևույթ միահյուսեց իր ասելիքի անափ կուտակումները բեմադրած պիեսների հեղինակային ենթատեքստերին:

- Մասունքի նման թանկ են իմ հանդիպումները բոլոր մեծ դերասանների հետ, - ամփոփում է ինքնապատումը Երվանդ Ղազանչյանը ,- թատրոնին բեմից դուրս ծառայող մեծ մասնագետների հետ... Զարմանալի մարդիկ էին... Լենինականում՝ ուստա Խաչիկը, Սունդուկյանում՝ ուստա Կոստանը, Անդրանիկը Էլիազյան, բեմադրական մասի վարիչ Սերգեյ Դալաքիշվիլին, դիմահարդար Մառլիկը...Ի՜նչ աննկարագրելի նվիրում էր։ Ինչ որ Փափազյանը, Վաղարշյանը, Օլգա Գուլազյանը, մյուս մեծ դերասաններն արեցին բեմի վրա, սրանք հավասարապես արեցին կուլիսներում։ Առանց չափազանցության։ Նրանք էին ապահովում բոլորի փայլուն բեմելը բոլոր ներկայացումներում։ Ստեղծագործական տառապանք էր, բայց վայելք էր Բաբկեն Ներսիսյանի հետ աշխատելը։ Ստեղծագործական հրավառություն էր Վարդուհու, հատկապես Խորիկի հետ աշխատելը... Ինձ թվում է, որ գտա իմ աշխարհը։ Թե ինչքանով կարողացա ապրել այդ աշխարհում, ես չեմ կարող դատել, բայց նաև մի բան գիտեմ, որ  չեմ ստել այդ աշխարհին, այդ աշխարհի մարդկանց։ Թե ինչքանով եմ կարողացել օգտակար լինել, երևի թե ինքս չկարողանամ որոշել...

Ապրած բազմաբեղուն և տարագույն 8 տասնամյակների անմոռանալի, ուսանելի ամենաարժեքավոր բովանդակային շերտերը ինքնահատուկ նուրբ հումորով անձամբ թղթին հանձնելու մտադրությունը կենսագործման կերպերի փնտրտուքի փուլում է այժմ։ Վստահ ենք, մեծաթիվ բեմականացումներով հղկված գրչով կերպավորվելով՝ դրանք ընթերցողների մի ստվար բազմության կհետաքրքրեն և էապես կլրացնեն արդի հայ թատրոնի պատմությունը։ Հանձնելով «պարոնյանցիների» գեղագիտական առաջնորդության ջահը ավագ որդուն՝ Երվանդ Ղազանչյանը միաժամանակ իրենում խմորվող բեմադրական նոր մտահղացումներն է կյանքի կոչելու իր տունը դարձած Կոմեդիայի թատրոնում, մտմտալու է տարբեր թատրոններից արված բեմադրական առաջարկների շուրջ։ Գուցե և իրականանալի դարձնի նվիրական երազանքները՝ Ռաբլեի «Գարգանտյուան և Պանտագրուելը», Սերվանտեսի «Դոն Կիխոտը», Աբովյանի «Վերք Հայաստանի»-ն, Դեմիրճյանի «Քաջ Նազարը»... Ուստի մեզ մնում է արևշատություն և ստեղծագործական երկարակեցություն մաղթել անվանի բեմադրիչին և անհամբեր ակնկալել նրա թատերական նոր սխրանքների վայելքը։

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ