ԲԼՈԿՅԱՆ ԱՐՔԱՆ` ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄ

ԲԼՈԿՅԱՆ ԱՐՔԱՆ` ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄՈւսումնական տարվա ավարտին ՀԹԳՄ նախագահ Հակոբ Ղազանչյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի` իր ղեկավարությամբ դերասանական 2-րդ կուրսի ուսանողների հետ հանդիսատեսին ներկայացավ 20-րդ դարի ռուս անվանի պոետ, դրամատուրգ, սիմվոլիստ Ալեքսանդր Բլոկի «Արքան հրապարակում» լիրիկական դրամայի բեմադրությամբ: Ուսումնառության ընթացքում գտնվող երիտասարդների հետ նման պիես բեմադրելը, ինչ խոսք, համարձակ քայլ է, քանզի թատերարվեստի խորը գիտելիքներով զինված դերասանախմբի միջոցով միայն կարելի է ներկայացնել բլոկյան յուրահատուկ գեղագիտությունը:

Այս տեսանկյունից ողջունելի է գրական երկի ընտրությունը, քանզի բեմադրիչը իր սաների առջև ի սկզբանե դնելով բարդ խնդիր` լուծել է այն թատերային ու պոետիկ, սիմվոլների ճանապարհով:

Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի Փոքր դահլիճը մեզ է ներկայանում գողտրիկ բեմական միջավայրով, ուր տարբեր խմիչքներ պարունակող տարաձև անփույթ նետված շշեր են, թղթեր, որոնք միանգամից հանդիսատեսին հուշում են, որ գործողությունները զարգանալու են մեկ այլ` գերիրական միջավայրում: Խորքում առկա է Արքայի մատիտե ճեպանկարը` ոչինչ չասող հայացքով կամ, ներեցեք, կարծես անգութ ու չարագույժ ինչ-որ առկայծում կա նրա աչքերում: Չմոռանանք թագի մասին` այն դրված է խիստ անփույթ և ավելի շուտ հակված ընկնելու. այստեղից իսկ հետևություն…

Ուսումնառության մեջ գտնվող դերասանները ալեգորիկ ու աբսուրդային, խորհրդանիշներով լի իրավիճակներում ներկայանում են օրգանական: Նրանք կարողանում են հանդիսատեսին փոխանցել իրենց առջև դրված ամենատարբեր ռեժիսորական խնդիրները, ի ցույց դնել իրենց կերպարների մեկ պաղ, մեկ ջերմ զգացմունքները: Պետք է նշել նաև, որ նույնիսկ նույն ուսանողը, ով ներկայանում է Բանաստեղծի կերպարով, կարողանում է համոզիչ լինել նաև գաղափարական առումով մեկ այլ բարդ` Ծաղրածուի դերակատարումով, ինչը արդեն իսկ ուրախալի փաստ է: Այստեղ ընդգծենք, որ միավորելով այս կերպարները ռեժիսորը նրանց դիտարկել է որպես անձի երկվություն և այս կերպով ընդհանրացրել իր փիլիսոփայական ընկալումը:

ԲԼՈԿՅԱՆ ԱՐՔԱՆ` ՓՈՔՐ ԴԱՀԼԻՃՈՒՄԲեմադրության մեջ առանձնահատուկ ուզում ենք անդրադառնալ իրերին, որոնց խորհուրդով ու իմաստով է օժտել Հ. Ղազանչյանը: Ճամպրուկները կիրառվում են դեպ լուսավոր գալիքը քայլ կատարելու տեսարաններում, հովանոցները` պաշտպանություն ակնկալող, ճարտարապետի մտրակը` գործող իշխանության գործունեությունն է իմաստավորում, կոշիկները, որոնց որպես բնութագրիչ տարր, ձեռքերով քայլեցնում են ուսանող-դերասանները, կրում են մահացած տաս մարդկանց խորհուրդը, բայց և կերպավորվում, թանձր գույներով խտացնում են իրենց մեջ ողջ հեղափոխական երանգը, որը ստիպում, սպառնում, ճչում է` ազատագրվելու, քայլ անելու և ազատ ճախրելու մասին: Իրերից բացի ռեժիսորը կերպարը բացահայտելու միտումով է ընտրել զգեստները` եթե ճարտարապետը սառնասիրտ ֆրակով և ցիլինդրով է, ապա նրա դուստրը` զուսպ, չշտապող, գեղեցիկ, բարձրահասակ ու սևազգեստ բլոկյան աղջիկ է, բանաստեղծը` ճերմակ շապիկով և ժիլետով է, ծաղրածուն` իր դասական կոստյումով: Ձկնորսի հանդերձանքով ներկայացող կերպարը, ով հոգեվորսության խորհրդով է այստեղ` ազատորեն ստանձնում է դեպքերի պատմիչի դերը և առաջ մղում գործողությունները: Ներկայացման կուլմինացիոն տեսարաններից մեկում, երբ հերոսներից մեկը պետք է մեռնի, նա դիրիժորություն է անում, իսկ ռեժիսորն էլ բեմում ահարկու փոթորիկ է «ստեղծում»: Խելահեղ մոլեգնում է տագնապ ու ահ գուժող երաժշտությունը /երաժշտ. ձևավորումը` Հ. Ղազանչյանի/, լույսերը հատու թարթվում են, իսկ կերպարներն էլ ահաբեկված աջ ու ձախ են նետվում: Դրան հաջորդող տեսարանում անդորր է: Սառնասիրտ ամբոխը հանգիստ ու պաղ հայացքով կազմակերպում է թաղումը: Բեմադրիչին հաջողվում է փոքրիկ բեմատարածքում աչք շոյող սինխրոնությամբ ներկայացնել ամբոխի տեսարանները` միաժամանակ ցույց տալով ամբոխի հակասական մարդկային նկարագիրը:

Տեսարանները դինամիկ են, կտրուկ զարգացումներով, բեմադրությունը ռիթմի մեջ ընթանում է մեկ շնչով: Ներկայացման մեջ պահպանված է լիրիկական միջավայրը, որը ստեղծվում է ընտրված արտահայտչամիջոցների, հնչող երաժշտական ելևէջների, չափածո տեքստի, պարային հատվածների, լուսային ձևավորումների միջոցով:

Նավերի կամ երջանկության սպասման տեսարանները ռեժիսորը բեմադրել է ուրախությամբ լի, բոլորը բեմեզրին շարված են, պարային քայլքով, հայացքները հեռուն հառած սպասում են, խոսում հավատով լի: Որքա~ն հույս կա նրանց աչքերում և որքա~ն երազանք: Բեմադրիչը որոշ տեսարաններում ներկայացնում է ճահճացած միջավայրը, ուր հերոսները ընդվզելու փոխարեն սպասում են, որ ինքնին կգա փրկությունը, այլ տեսարաններում նա այդ սպասումը վերածում է երազանքի, իսկ երազանքն էլ` «ստիպում», որ իրականություն դառնա:

Ռեժիսորը աշխատել է նաև բառերի հետ և առանձնահատուկ կշիռ տվել նրանց: Այդ բառերից «կառավարությունը» արտաբերելուն պես զրուցակիցը արգելում է արտաբերողին` կիրառել այն: Մեկ այլը` «նավերը», արտաբերվում են հատուկ ինտոնացիայով` առանձնահատուկ քնքշանքով ու նրբությամբ: Նմանատիպ շեշտադրումները գալիս են ամբողջացնելու ընդհանուր մտածողությունը:

Այս պիեսի բեմելը խոսում է Հ. Ղազանչյանի ԵԹԿՊԻ-ի արվեստանոցում իր սաների երկամյա ուսումնառության հրաշալի արդյունքի մասին: Արդյունք, որը մի յուրատեսակ քննություն է և փաստում է, որ դերասանական 2-րդ կուրսի ուսանողները կարողանում են հավաստի հանդես գալ կամերային միջավայրում, յուրացրել են բլոկյան գեղագիտությունը, գիտեն դրամայի տեսությունը և պոետիկ տեքստի հետ աշխատելու առանձնահատկությունները, սիմվոլիզմի դրսևորոււմները և շարունակում են ուսանել բեմական խոսքի հմտությունները:

«Արքան հրապարակում»հրաշալի ուսանողական բեմադրության համար շնորհավորում ենք Հ. Ղազանչյանին, իր կուրսի ուսանողներին և ուրախությամբ լի փաստում, որ հայ թատրոնի ապագան կերտելու է գալիս մի նոր` ղազանչյանական սերունդ:

 

Ռուզաննա Առաքելյան

թատերագետ