ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ – 80

«Գալյան ճշմարիտ արվեստագետ է, ջինջ ու մաքուր, ունի բեմի ու էկրանի սուր զգացողություն, որն էլ նրան բերեց մեծ դերասանուհու համբավ ու լայն ճանաչում»։

 ՏԻԳՐԱՆ ԼԵՎՈՆՅԱՆ


 

«ԻՄ ԱՄԵՆԱՄԵԾ ՍՐԲՈՒԹՅՈՒՆԸ ԹԱՏՐՈՆՆ Է»

 

«Ջանգյուլումների հարսը»

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ – 80Մանկության ամենաերանելի հուշերը թևածում են բակային թատրոնի բացօթյա հանդիսասրահում։ Զարմանահրաշ այդ աշխարհի ջահակիրն Անուշն էր, ով երգ ու պարով տարված բարետես Գալյայի համար հատուկ զգեստներ էր կարում ու նրա գլխավոր դերակատարությամբ բեմադրություններ անում։ Գուցե թե սեփական երազանքին հագուրդ տալու ներթաքույց ջանադրությամբ, եռանդուն հարևանուհին տարբեր պատմվածքներից ու վեպերից հատվածներ էր ընտրում, դերերը բաժանում թաղի շնորհալի երեխաներին, խանդավառ փորձեր անում, թաղի մեծ ու փոքրի անհրապույր ներկան մանկաթոթով հանդիսանքներով զվարթացնում։ Տնից «ներկրելով» հնարավոր անհրաժեշտ բոլոր պարագաները՝ առանձնակի շուք էր փորձում հաղորդել ամենքի անկեղծ համակրանքը շահած ներկայացումներին։ Որքա՜ն հոգու լույս էր ճառագում իսկականի համադրությամբ կազմակերպված այս «թատրոնը»։ Որքա՜ն երեխաներ էին «թատրոն-թատրոն» խաղով իմաստավորում իրենց կյանքի այգաբացը՝ հոգեկան բերկրանք ու տոկալու ներուժ պարգևելով միմյանց, երանության շղարշով գունազարդելով իրականում ոչ հեքիաթային իրենց մանկությունը... Բացվում էր խորհրդանշական վարագույրը, դերակատարները «կուլիսներից» խաղահարթակ էին ելումուտ անում, լրջմիտ անմիջականությամբ խաղում իրենց բաժին հասած դերերը։ Վերջնավարտին՝ ծափեր ու ծաղիկներ, քաղցրանուշ բացօթյա ընթրիքներ՝ տոմսերի նախնական վաճառքից գոյացած ամբողջ գումարով... Որքա՜ն քիչ բան էր հարկավոր հետպատերազմական սովալլուկ օրերի մանուկներին երջանկության զգացողությամբ համակվելու, մեծերի հոգսաշատ առօրյայի բազմատեսակ դառնություններից հուսալիորեն պատսպարվելու համար։ Բոլոր հերոսուհիների դերերը խաղացող 10-12 տարեկան Գալյան նաև բոլոր «Ջանգլյուլումների» անփոխարինելի հարսն էր՝ սլացիկ, նրբագեղ, ճապուկ, խոշոր աչքերի ծով հայացքում՝ կյանքի թրթիռ, հանրահայտ դերասանուհի դառնալու ինքնավստահություն... Կինոաստղերով գայթակղված՝ իր հեքիաթն էր հյուսում Գալյան։ Նրանց տանն ամեն օր դերասանական հավաքույթներ էին լինում։ Զարուհի մոր խնամքին ապավինած դերասանուհի Լյուսյա մորաքույրն էլ նկատում էր զարմուհու ձիրքը՝ խուսափելով վաղաժամ գովեստներից, դեպի արվեստի բարձունքներ տանող իրեն քաջածանոթ տատասկոտ ճանապարհ ուղղորդելուց։ Թատրոնի մթնոլորտում, սակայն, տարերայնորեն հասունանում էր կինոդերասանուհի դառնալու նրա նվիրական փափագը... Կինեմատոգրաֆիայի համամիութենական ինստիտուտ ընդունվելու անհաջող փորձից հետո դիմեց Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Աղջնակային համարձակության հետքն իսկ չէր պահպանվել։ Վախվորած պատկառանք էր ներշնչում քննական հանձնախումբը՝ Արա Սարգսյան, Վարդան Աճեմյան, Հայկուհի Գարագաշ, Սրբուհի Լիսիցյան... Այնքան ամոթխած էր դարձել, որ դերասանի վարպետության քննությանն ընկերակցող Լյուսյա Հովհաննիսյանը երկմտում էր՝ կարո՞ղ է անկաշկանդ արտասանել։ Արտասանեց, էտյուդ արեց, պարեց... Միջանցքում հուզախռիվ սպասում էր իր դատավճռին, երբ աշխարհը մի ակնթարթում մթնեց մորաքրոջ հանդարտ խոսքերից. «Գալյա ջան, եթե քեզ հիմա չընդունեն, ուրեմն դու անշնորհք ես, կգնաս ուրիշ մասնագիտություն կընտրես»։ Չէր հասցրել իսպառ հուսալքվել, երբ քննասենյակից դուրս եկավ ու նրանց մոտեցավ նվագակցող դաշնակահարուհին. «Դուք բոլորին շատ դուր եկաք»։ Պաշտելի «առաքյալի» բարի լուրով ցնծության հրավառություն ապրեց։ Այդուհանդերձ երկչոտ խառնվածքի բերումով դժվարացավ ուսումնառության առաջին կիսամյակում ի հայտ բերել կատարողական հուսադրող ներուժ։ Միայն պարասրահում էր իրեն անկաշկանդ դրսևորում՝ դյուրացնելով համակուրսեցիների պարային ռիթմերի համաչափությունը և արժանանալով Զարեհ Մուրադյանի բարձր գնահատականին. «Եթե սկսած լիներ պարարվեստի դպրոցից, կարող էր բալետի մենապարուհի դառնալ»։ Բազմահմուտ Արմեն Գուլակյանը խորաթափանց հեռատեսությամբ կարողացավ գտնել իր սանուհու ներուժի բացահայտման բանալին։ Ստեղծագործական լիավյուն մթնոլորտ էր տիրում մեր բարձրագույն թատերակրթարանում։ Տակավին նորաթուխ ուսանողուհի՝ Նովենցը մասնակցեց 4-րդ կուրսեցիների Լոպե դե Վեգայի «Ոչխարի աղբյուր» ներկայացմանը, դաշնամուրային հանդիսավոր նվագակցությունն ապահովեց, երբ Վլադիմիր Աբաջյանի գլխավոր դերակատարությամբ Ֆրունզե Մկրտչյանը բեմադրեց «Վերք Հայաստանին»։ Բեկումնային եղավ Նադինկայի դերը Սունդուկյանի «Կտակը» կատակերգության բեմադրության մեջ։ Արվեստանոցի ղեկավարն ուրախությամբ բարձրաձայնեց. «Գալյա Նովենցի Նադինկան և Արմեն Ջիգարխանյանի Անտոնը դարձան «Կտակ» ներկայացման ամենահաջողված կերպարները և արժանացան քննական հանձնաժողովի բարձր գնահատանքին»։ Դրվատանքի արժանացան մոսկովյան ստուգատեսում՝ ռուսերենով ներկայացնելով նաև Օստրովսկու «Անմեղ մեղավորները», որում Գալյան տպավորվեց իր գունեղ Գալչիխայով։ Հումորի, ակտիվ բեմավիճակների հրավառություն եղավ Նովենցի Կատոն Մոլիերի «Սեթևեթուհիներում»։ Հրաշալի թատերամանկավարժների «վերջնագրերը» կյանքի ուղեգիր դարձան սկսնակ դերասանուհու համար։

-Գալյա Նովենցն ունի մի մեծ առավելություն. նա երբեք չի կեղծում,- հանրագումարեց իր սանուհու նորակերտ նկարագիրը Արմեն Գուլակյանը։ - Ունի կերպարի զգացողություն, դերից դեր փոխվում է։ Նա ունի ամեն ինչ լավ դերասանուհի դառնալու համար։

-Այն, ինչ որ ցուցադրում էր Գալյա Նովենցը ինստիտուտում, մեզ իրավունք էր տալիս եզրակացնելու, որ նա, իրոք, կանգնած է իր կոչման ընտրության ճիշտ ճանապարհին, - գրեց Վարդան Աճեմյանը։- Եվ բնական էր, որ գուլակյանական հրաշալի դպրոց անցած դերասանուհուն սիրով ընդունեց Հայոց մեծ բեմը։

Ինքնահաստատման նախերգանքը

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ – 80Գուլակյան-Աճեմյան կուրսերի 12 շրջանավարտների ուղարկեցին Ղափանի Ալեքսանդր Շիրվանզադեի անվան պետական դրամատիկական թատրոն։ Նոր բազմագույն կյանք սկսվեց Գալյա Նովենցի համար, ով ամուսնական դաշինք էր կնքել Երվանդ Ղազանչյանի հետ և շուտով թատրոն վերադարձավ առաջնեկ որդուն գրկած։ «Մայրաքաղաքային թատերական դեսանտի» անդրանիկ զավակին սիրով գուրգուրեցին հեռավոր լեռներում ծվարած թատրոնում գործնականում թրծվող երբեմնի համակուրսեցիները, փայփայեցին հատկապես հյուրախաղերի ժամանակ։

-Հիացմունքով ու կարոտով եմ հիշում Կապանի պետական թատրոնում աշխատածս տարիները, ուր գործում էինք գրեթե ամբողջ կուրսով,- գրում է Գալյա Նովենցը։- Համարյա ամեն օր գյուղերում ներկայացումներ էինք խաղում, արտակարգ ընդունելություն էր, և թատրոնն ընկալելու այդպիսի բարձր կուլտուրա տեսել եմ ամբողջ Զանգեզուրում։ Լավ դերասաններ ունեինք և շատ լավ ռեժիսորներ։ Պատահական չէ, որ այդ տարիներին մեզ հետ աշխատած դերասաններից և մեր համակուրսեցիներից շատերը հետագայում դարձան հայ թատրոնի տարբեր բնագավառների նշանավոր դեմքեր՝ Արմեն Ջիգարխանյան, Հենրիկ Հովհաննիսյան, Երվանդ Ղազանչյան, Գուժ Մանուկյան, Ալեքսանդր Քոչարյան...

Բեղուն կայացման հնարավորություն գտավ նորաթուխ դերասանուհին։ Իրար հաջորդեցին հերոսուհիների տարագույն դերերը (Շողեր, Լու Սի-Ֆին, Արմենուհի, Ռեբեկա, Սոնա, Կատյա Շագալովա, Տատյանա, Արփիկ, Նենսի)`ամենևին չհիպնոսացնելով իրենց նախանձելի հմայքով, չսերմանելով բարձրամիտ հավակնոտություն։ Ավելին՝ ինքնադատ աշխատասիրությունն ու սեփական կերպապնակի որոնումների ընթացքը խթանեցին։ Եվ շերտ առ շերտ հղկվեցին դերամարմնավորման հմտությունները ռեժիսորներ Առնոլդ և Լևոն Մարտիրոսյանների, ապա` կրկնակի մասնագիտացած, «հավերժ ուսանող» ամուսնու բեմադրություններում, ում հուսալի խաղընկերությամբ էր հաճախ բեմ բարձրանում։ Այնուհետև, փոխադարձաբար միմյանց լրացնելով ու հարստացնելով, Գալյա Նովենցն ու Երվանդ Ղազանչյանը շարունակեցին իրենց թատերական նկարագրի գույները թանձրացնել Սունդուկյանի անվան պետական ակադեմիական թատրոնում (1962 – 1970թթ.)։ Մայր բեմում Նովենցի առաջին բեմելը 1965-ին Գրագրի կինը եղավ (Ս.Միխալկով, «Վշտից փախչողը բախտ չի ունենա», բեմադրիչ՝ Երվանդ Ղազանչյան), որին հաջորդեց Սուսաննան (Միլլեր, «Սալեմի վհուկները», բեմադրիչ՝ Հրաչյա Ղափլանյան)։ Արդեն կայացել էր կինոդեբյուտը Ֆրունզե Դովլաթյանի «Բարև, ես եմ» ֆիլմում քրդուհի Նազիի կոլորիտային դերով՝ նկարահանման հրապարակում հիացնելով երբեմնի համակուրսեցի խաղընկերոջը՝ Արմեն Ջիգարխանյանին, մարդակերտման նրբին վարպետությամբ։ Կարծես թե հավատընծա էր դառնում կինոդերասանուհի դառնալու նվիրական երազանքի կենսագործումը։ Ավա՜ղ, հեղաբեկումների անարվեստ քմայքներով՝ 26 տարի հետո միայն պիտի կայանար նրանց երկրորդ հանդիպումը «Կարոտի» ծիրում, թող որ առավել բյուրեղացած արվեստով։ Մկրատվելով՝ մեզ անհասանելի դառնար «Սարոյան եղբայրներ» ֆիլմում Մեծ եղեռնի սարսափներն ապրած կիսախելագար աղջկա նովենցյան դերակատարումը... 

Մեկուկես տասնյակ փոքրածավալ, բայց զարմանալիորեն տարողունակ կինոկերպարներով մինչ նախապատրաստվում էր շռնդալից վերելքը դեպի համաշխարհային կինոաշխարհ՝ մայր բեմում գունեղանում էին կանանց տարատեսակ նկարագրեր կենդանացնելու արտահայտչակերպերը՝ Ալեքսանդրա (Ֆ.Դոստոևսկի, «Ապուշը»), Բիանկա (Վ. Շեքսպիր, «Օթելլո»),Մարտիրիո (Ֆ.Գ. Լորկա, «Բեռնարդա Ալբայի տունը»), Քեթևան (Գ. Սունդուկյան, «Խաթաբալա»), Սուսան (Ժ.Հարությունյան, «Հունիս էր, արև»)… Զուգահեռվում են անհամեմատ մեծակտավ կերպավորումները հեռուստաթատրոնում և Լենինականի Ասքանազ Մռավյանի անվան պետական դրամատիկական թատրոնում՝ հարստացնելով արտիստական դերացանկը մնայուն արժեքներով. Լյուսի (Ժ.Պ.Սարտր, «Անշիրիմ մեռյալներ»), Մարգարիտ (Ալ. Շիրվանզադե, «Պատվի համար»)…

 

-«Պատվի համարը» էապես կանխորոշեց երիտասարդ գլխավոր ռեժիսոր Երվանդ Ղազանչյանի հետագա ստեղծագործական հնարավորությունները հատկապես դասականների բեմադրության ասպարեզում,- գոհունակությամբ արձանագրեց Բաբկեն Ներսիսյանը, ով Արտավազդ Փաշայանին զուգահեռ երբեմն հանդես էր գալիս Անդրեաս Էլիզբարովի դերակատարմամբ։- Ներկայացումը նաև գեղարվեստական այն բարձր չափանիշներից մեկն է, որոնցով գնահատվելու է աճեմյանական փառահեղ ավանդույթներ ունեցող այս թատրոնի ստեղծագործական հարուստ պատմությունը, որի կրողներից մեկը դարձավ Մարգարիտի սքանչելի դերակատար մեր տաղանդաշատ Գալյա Նովենցը։

Բևեռայնորեն տարբեր Կատրինին (Բ.Բրեխտ, «Կուրաժ մայրիկը և նրա երեխաները»), Մարիկա Չոդրիշվիլուն (Ալ. Չխաիձե, «Կամուրջ») մարմնավորելիս իր անդավաճան բեմադրիչի օգնությամբ Գալյա Նովենցը, ինքնահատուկ ներքին հրայրքով, հոգեբանական ռեալիզմին հատուկ նոր նրբերանգներ ի հայտ բերեց, որոնք թբիլիսյան հյուրախաղերի ժամանակ անմիջապես նկատեցին ու բարձր գնահատեցին վրացի թատերագետներն ու դժվարահաճ արվեստասերները։

Զարմանալի մի օրինաչափությամբ, հայաստանյան մի շարք թատրոններում Գալյա Նովենցի խաղացած հիմնական դերերը եղել ու լինելու էին իր դերասաններին սիրող ռեժիսոր ամուսնու բեմադրություններում։ Ցայտունանում էր նրանց թատերական գերդաստանի ժառանգական կենսունակությունը որդիների՝ Հակոբի ու Ստեփանի առաջաքայլով։ Անցնելով իրենց կայացման վաղեմի խաչմերուկներով՝ առաջնեկը շուտով մոր բեմադրիչներից մեկն էր դառնալու, բազմաշնորհ կրտսերը՝ խաղընկերը։ Ապա թոռնուհին էր մուտք գործելու թատերաշխարհ՝ օրավուր ավելի ինքնավստահ ճշգրտելով սեփական կածանի ուղղվածությունը։  

Սիրանույշի անխամրելի աստղը

ԳԱԼՅԱ ՆՈՎԵՆՑ – 80Ինչ էլ մարմնավորեց կինոէկրանին՝ մայր, քույր, դուստր, Գալյա Նովենցը միշտ հավաստի էր, անկեղծ, խորունկ ու հարազատ ժամանակի բոլոր հայ կինոբեմադրիչների ֆիլմերում: Երբեմն թվում էր, թե առանձնապես չի էլ ճգնում նոր դեր կերտելիս, կարծես թե ինքն իրեն, իր տարատեսակ, երբեմն իրարամերժ «ես»երն է կինոպաստառին դյուրությամբ պատկերում... Այդուհանդերձ կուտակած կատարողական ներուժն ամբողջ ուժգնությամբ փայլատակեց 1984-ին, նրա անուրանալի շնորհները վստահաբար վերաբացահայտած Ալբերտ Մկրտչյանի «Մեր մանկության տանգոն» կինոպատումի մեջ: Հրաշալի դերասանական զույգ կազմելով Մհեր Մկրտչյանի հետ՝ Նովենցը ծիծաղի ու արցունքի ներդաշն համադրությամբ ստեղծեց համամարդկային չափորոշիչներին համարժեք հայ կնոջ հավաքական կերպար: Լինելով ավանդական հայ ընտանիքի պարկեշտ կին ու զավակներին անմնացորդ նվիրված մայր՝ շիրակյան հնգամյա ստեղծագործական շրջափուլում «բնօրինակից» որսալով իր Սիրանույշի էկրանային ամենաբնութագրական, անկանխատեսելի, բայցև հոգեբանորեն միանգամայն արդարացված մարդկային հատկանիշները՝ Գալյա Նովենցը հմուտ ոսկերչի հանգույն քանդակեց իրական կյանքից ասես կինոպաստառին հայտնված հյութեղ կերպար, որի անկանխատեսելի վարքագիծը կինոդիտողի հայացքն ու միտքը պարզապես գամում է երկնագույն էկրանին, նույնիսկ մոռացնել տալիս դրա գոյության մասին...

-Իմ առաջին գլխավոր դերն էր կինոյում, որը կարող էր և չլինել,- իրեն միջազգային պատկառազդու ճանաչում բերած ֆիլմի 10-ամյա «շրջագայությունից» հետո կարոտով մտաբերում է Սիրանույշ-Նովենցը։- Երբ Ալբերտ Մկրտչյանը նոր էր գրում սցենարը, ասաց, որ գլխավոր դերի համար ինձ նկատի ունի։ Բայց հետո իմացա, որ ուրիշ դերասանուհի է հրավիրել նկարահանման։ Ես, իհարկե, շատ վշտացա, բայց դա երկար չտևեց, որովհետև շատ չանցած Ալբերտն ինձ ուղարկեց սցենարը և ասաց, որ ուզում է իր մոր դերը ես խաղամ... Կինոյի ասպարեզում դադար է, բայց պետք է նկարահանվեմ Ալբերտ Մկրտչյանի նոր ֆիլմում, որը նրա եռագրության վերջին մասն է։ Դեպքերը տեղի են ունենում դարձյալ Լենինականում, այս անգամ՝ երկրաշարժից հետո։

Եվ ամենևին էլ պատահական չէ, որ հանրապետական, միութենական և միջազգային բարձրագույն պարգևներում, որոնց արժանացել է «Մեր մանկության տանգոն», առանձնակի շեշտադրվել է Գալյա Նովենցի մարդակերտման վարպետությունը, որի լիարժեք պոռթկմանն անվերապահորեն նպաստել է ֆիլմի տաղանդավոր ստեղծագործական կազմը: Վենետիկի համաշխարհային 42-րդ կինոփառատոնի ժյուրիի հատուկ մրցանակը շնորհելիս այսպես բնութագրեցին նրա արվեստը. «Ֆիլմում գերիշխողը դերասանուհի Գալյա Նովենցն է, Աննա Մանյանիի խիստ արևելյան տեսակը»:

Ոչ մի կասկած չկար, որ Սիրանույշով սկսվելու է մի նոր վերընթաց շրջափուլ Նովենցի էկրանային կյանքում: Ավաղ, անցյալ դարի 90-ականների հեղաբեկումնային իրադարձությունների համընդհանուր փլուզման ուժգին թափին անկարող եղավ դիմագրավել նաև հայրենական կինոարտադրությունը (հոգեվարք, որ շարունակվում է մինչ օրս, տխրասարսուռ արտահայտություն ստանում «Հայֆիլմ» կինոստուդիայի աճուրդի ազգադավ վայրիվերումներում):

Ստեղծագործական պապակը հագեցնելու աներկբա հավատով հաստատվեց անդավաճան կինոխաղընկերոջ՝ Սոս Սարգսյանի հիմնած Համազգային թատրոնում: Հակամշակութային 90-ականներին ստեղծված այս միակ թատրոնում դերասանուհին իրեն հատուկ խաղաղ դրամատիզմով մարմնավորեց հուզառատ կերպարներ՝ գրեթե բոլորը վիշտ ու հոգս ունեցող, կարեկցանք հարուցող ներաշխարհով կանայք. Իմակուլատա (Էդ. դե Ֆիլիպո, «Սանիտայի թաղապետը»), Դիվանագետի կին (Լեռ Կամսար, «Մենք»), Իսկուհի (Հայկ Հակոբյան, «Լեռնային կակաչներ») և Հարմնի Բլուբլոսոմ (Վ. Սարոյան, «Մեկ գավաթ բարություն»): Իր մասնագիտական սրված արժանապատվությամբ և հարուստ փորձառությամբ աներևակայելի կարճ ժամանակահատվածում պատրաստեց վաղամեռիկ Նոնա Պետրոսյանի դերերը և, փաստորեն, ձախողումից փրկեց Լիբանանում և Սիրիայում ծրագրված հերթական հյուրախաղերը... Անիրականանալի մնաց, ցավոք, Չեխովի «Բալենու այգին» Նովենց-Ռանևսկայայով բեմ բարձրացնելու Սոս Սարգսյանի բաղձանքը։ Ինչպես նաև՝ Գալյա Նովենցի նվիրական ցանկություններից մի քանիսը՝ երբևէ շեքսպիրյան որևէ դեր մարմնավորել, Նաստասյա Ֆիլիպովնա խաղալ և կենցաղի ու բեմի միջև տարուբերվող նվիրյալ մայր ու թատրոնով միայն դիմակայելու զորեղ ուժ ստացող դերասանուհի։

-Անկեղծ ասած՝ կինոն երբեք իմ սերը չի եղել,- ի զարմանս շատերի պիտի բարձրաձայներ օրերից մի օր ստեղծագործական տևական պարապուրդներից հուսահատվող դերասանուհին։- Իմ ամենամեծ սրբությունը թատրոնն է։ Թատրոնը դրական լիցքերի մարտկոց է, ի տարբերություն կյանքի։ Մարդը պիտի մաքրվի թատրոնի լույսով, ինքնաճանաչման ու ինքնահաղթահարման, ուժի ու բարության տուն է թատրոնը։ Հասարակության ճգնաժամային պահերին արվեստը ընդհանրապես զորակոչվում է պահպանելու մարդուն, ճանապարհ տալու, իդեալ դառնալու, վերջիվերջո այդ ճգնաժամը հաղթահարելու միջոց լինելու... Բայց ստացվել է այնպես, որ քիչ թե շատ ստեղծագործելու հնարավորություն ինձ կինոն է տվել։ Կինոյի աշխարհում ես ինձ ավելի լավ եմ զգում։ Այստեղ բոլորովին այլ վերաբերմունք է իմ նկատմամբ՝ գնահատում են, վստահում։ Կինոյում ես մարդ եմ զգում ինձ ու դերասանուհի, դառնում եմ ինքնավստահ...Այսօր ես այնքա՜ն եմ զգում Հենրիկ Մալյանի պակասը՝ նրա ներկայության, նրա մտածողության, նրա հոգեբանության, նրա հայության...

... Հատուկենտացան ստեղծագործական տառապանքի վայելք ընձեռող նոր բեմելները անձնական ու հասարակական-քաղաքական հակամշակութային շանթահարումներով, բայցևայնպես հանդիսատեսի հիշողության ծալքերում դաջվեցին վերջինները։ Լոս Անջելեսի «Վարդան Աճեմյան» թատերախմբի երևանյան հյուրախաղերում աննկատ չմնաց Շաքե Թուխմանյանի Իշխանուհու մոտալուտ վախճանի ողբերգությամբ տոչորվող նրա իմաստուն ու բարեգութ Սաբեթը՝ Շանթի «Ինկած բերդի իշխանուհի» դրամայի ներկայացման մեջ (բեմադրիչ և գլխավոր դերակատար՝ Ժան Նշանյան)։ Անջնջելի մնաց Գալյա Նովենցի Լիսիստրատեն ( «Ոսկե դիմակ» միջազգային փառատոնում «Դասական երկի լավագույն մեկնաբանման» մրցանակի արժանացած Արիստոփանեսի համանուն կատակերգության Երվանդ Ղազանչյանի բեմադրության մեջ): Նրա հերոսուհին պարզ ու հասարակ մի կին էր՝ մյուսներից իր խոհեմությամբ ու կամքի ուժով առանձնացող: Մերթ քնքուշ էր ու կանացի, մերթ՝ անկիրթ ու աղմկոտ: Հանդիսատեսը կրակոտ ու անհանգիստ խառնվածքով նրա աթենուհուն միշտ սպասում էր որպես ներկայացման կենտրոնաձիգ, առաջատար ուժի, երանելի խաղաղության վերահաստատման ջահակրի: Եվ դերասանուհին մինչև վերջ կարողանում էր մնալ այդ ուժը, ով իր գրկում գուրգուրած նորածին մանկան հաղթական ճիչով ի զորու էր վերջակետելու երկարատև արյունոտ պատերազմը: Վերջին դերակատարումը հայրենական բեմում ուրույն մեղեդայնությամբ կենդանացող, հավատաշող միսիս Սևիջը եղավ (Ջոն Պատրիկ, «Տարօրինակ միսիս Սևիջը», բեմ.՝ Հրաչյա Աշուղյան): Իր հերոսուհուն հուսալքած հիմնախնդիրները թողնելով «Խաղաղ մենաստանի» պատերից այն կողմում՝ դերասանուհին առանց սեթևեթանքի մերվում էր տեղի տարօրինակ բնակիչներին, որոշ ժամանակով դառնում նրանցից մեկը։ Ինչպիսի՜ արհամարհանք ու նողկանք էր դրսևորում նրա Սևիջը մարդկային արժանապատվությունն իսպառ կորցրած սեփական զավակների գարշելի վարքագծին հետևելիս։ Եվ որքա՜ն մեղմ էր ու քնարաշունչ, երբ լուսավոր թախիծով ունկնդրում էր Ջեֆրիի նվագը, երբ հրաժեշտի պահին նվերների տեսքով ընդունում էր իր անշահախնդիր բարեկամների հոգևոր ջերմության ու անշահախնդիր սիրո հավաստիացումները՝ դրսի խելահեղ ու ցավագար աշխարհ վերադառնալով յուրատիպ պաշտպանական լուսապսակով։

... Կենդանի արվեստի դաժան օրինաչափությամբ, կխամրեն Գալյա Նովենցի թատերական պատկերասրահի 7 տասնյակից ավելի կտավներից շատերը։ Բայցև հայկական կինոարվեստին ուրույն հմայք ու տիպականություն հաղորդած տաղանդավոր դերասանուհին մոտ երեք տասնյակ կենսահենք կերպավորումներով դեռ երկար կայցելի ճշմարիտ արվեստի երկրպագուներին, կապույտ էկրանից նորից ու կրկին կհմայի իր զուսպ ու խորունկ, յուրահմա արվեստի անմիջականությամբ՝ հատկապես կախարդելով Մհեր Մկրտչյանի Ռուբենի և իր խենթուխելառ Սիրանույշի «մանկության տանգոյի» սիրառատ ու փոթորկուն «պարապտույտներով» հետպատերազմական իրականության դժվարանցանելի ոլորաններում, լացին խառնված կենսահաստատ ծիծաղով: Դեռ երկար կփայլատակի Սիրանույշի անխամրելի աստղը՝ կամա-ակամա շոյելով մեր ազգային սնապարծությունը։

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ