Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը...

Կյանքից հեռացել է Ալեքսանդր Գրիգորյանը...

 

 
Երկարատև հիվանդությունից հետո, 81 տարեկանում կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ, բեմադրիչ, Կ. Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Ալեքսանդր Սամսոնի Գրիգորյանը:
Ա. Գրիգորյանը ծնվել է 1936թ. օգոստոսի 20-ին, Բաքվում: Ավարտել է Լենինգրադի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը: 26 տարեկան հասակում դարձել է Սմոլենսկի շրջկենտրոնի թատրոնի գլխավոր ռեժիսոր: 1964թ. հրավիրվել է Հայաստան` որպես Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան պետական ռուսական թատրոնի գլխավոր ռեժիսոր, ուր աշխատում է մինչ օրս` որպես թատրոնի գեղարվեստական ղեկավար և գլխավոր ռեժիսոր: Նրա անվան հետ կապված են թատրոնի լավագույն ներկայացումները` Մ.Լերմոնտովի «Դիմակահանդես», Ն.Գոգոլի «Ռևիզորը», Սուխովո-Կոբիլինի «Տարելկինի մահը», Վ.Շեքսպիրի «Մակբեթ» և այլն: Բեմադրել է ավելի քան 150 ներկայացում Երևանում, Մոսկվայում, Սանկտ-Պետերբուրգում, Յարոսլավլում, Վոլգոգրադում, Կալինինգրադում, Օդեսայում, Լվովում, Քիշնևում, Բուլղարիայում, Ռումինիայում, Հարավսլավիայում, Սլովակիայում, Լեհաստանում, Հունգարիայում և այլուր: Նրա բեմադրած ներկայացումներից շատերը արժանացել են բարձր մրցանակների ու պարգևների: 1982թ. Օդեսայի Իվանովի անվան թատրոնում բեմադրել է Ա.Պապայանի «Փեսացուն արտասահմանից» պիեսը: 2002թ. Յարոսլավլի Վոլկովի անվան թատրոնում բեմադրել է Ջ.Օրտոնի «Ինչ տեսավ պալատականը», 2007թ.` Ա.Ցագարելիի «Խանումա» պիեսները, 2004թ. Ա.Չեխովի անվան Մոսկվայի գեղարվեստական թատրոնում բեմադրել է Ռ.Կոլինոսկու «Լուսնի հրեշը» պիեսը: Նրա նախաձեռնությամբ 2000թ. Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում առաջին անգամ բացվել է դերասանական վարպետության ռուսական կուրս: 2008-11թթ Երևանի Կ.Ստանիսլավսկու անվան թատրոնում իրականացրել է հետևյալ ներկայացումները` Գ.Գորինի «Հիշատակման աղոթք», Յու.Պոլյակովի «Աֆրոդիտեի ձախ կուրծքը», «Համադասարանցիները» և «…ինչպես Աստվածներ», Վ.Ռոզովի «Մենք լավ ենք ապրում», Ա.Շիրվանզադեի «Մորգանի խնամին», Գ.Սլուցկիի «Մոլագարը», Ս.Դովլաթովի «Նախկինում մենք ապրել ենք սարերում» և այլն: 2011թ. Չիտա քաղաքում բեմադրել է Ռ.Կոլինոսկու «Լուսնի հրեշը» պիեսը: 2000թ. դարձել է Ստանիսլավսկու, 2001թ.` Սմոկտունովսկու միջազգային թատերական մրցանակների դափնեկիր: Պարգևատրվել է ՀՀ Պետական մրցանակով, 2007թ.` ՌԴ նախագահի «Բարեկամություն» շքանշանով: 2010թ. ստացել է Թատրոնի միջազգային ակադեմիայի ակադեմիկոսի, 2012թ.` Երևանի պատվավոր քաղաքացու կոչում: 2013թ. արժանացել է ՀԹԳՄ «Արտավազդ» մրցանակի` որպես լավագույն ռեժիսուրա և ՀՀ «Մխիթար Հերացի» մեդալի: 1978թ. արժանացել է Հայաստանի ժողովրդական արտիստի, 1999թ.` Ռուսաստանի արվեստի վաստակավոր գործչի կոչման, 2017թ.՝ ՀՀ «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալի:
2017թ.-ի ապրիլին Ա. Գրիգորյանը բեմադրեց Ա. Օստրովսկու «Ամպրոպը» («Լիներ կամքի ուժ») պիեսը, որն էլ եղավ մեծ Վարպետի վերջին գործը:
Ալեքսանդր Գրիգորյանի մահը մեծ կորուստ է թատրոնի և նրա արվեստի երկրպագուների համար: Դժվար է պատկերացնել թատրոնն՝ առանց մեր սիրելի Ալեքսանդր Սամսոնիչի: