ՕՊԵՐԱՅԻՆ ՇԵՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԶՐՆԳՈՒՆ ԱԶԴԱԿԱՆՉԸ

ՕՊԵՐԱՅԻՆ ՇԵՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԶՐՆԳՈՒՆ ԱԶԴԱԿԱՆՉԸՕրերս դերասան, թատերական գործի բազմավաստակ կազմակերպիչ, թանգարանագետ, արվեստաբան ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ ՍԵՐԳԵՅ ԱՌԱՔԵԼՅԱՆԻ հեղինակած «Հայ մշակույթի մեծերը մատենաշարը («Սվետլանա Գրիգորյան», «Կարպ Խաչվանքյան», «Ժենյա Ավետիսյան», «Յուրի Ամիրյան», «Օֆելյա Համբարձումյան», «Գոհար Գասպարյան», «Երվանդ Ղազանչյան», «Գալյա Նովենց», «Բաբկեն Ներսիսյան», «Շերամ», «Հովհաննես Չեքիջյան», «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն», «Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն», «Ռուբեն Մաթևոսյան») համալրվեց 18-րդ հատորով։ Հայ ազգային օպերային արվեստի առաջնեկի` Տիգրան Չուխաճյանի «ԱՐՇԱԿ Բ» օպերայի ծննդյան 150-ամյակին նվիրված «Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն» աննախադեպ ընդգրկուն գիրք-ալբոմը նաև ամենաճոխ ընծան է մեր օպերային թատրոնի 85-ամյակի տոնակատարության հանդիսաշարում։ Ամենաարժեքավորն ու մնայունը՝ արդեն նախաձեռնված և հաջորդ տարի ծրագրված հոբելյանական միջոցառումների ստվար ցանկում։ Այս մասին հավաստում էին բոլորը, ովքեր մասնակցել են այս սքանչելի պատմագրքի ստեղծման աշխատանքներին, աջակցել պատշաճ վայելչությամբ լույս աշխարհ գալուն։ Իմ համեստ նվիրումն ունենալով Սերգեյ Առաքելյանի կոթողային աշխատության խմբագրման գործընթացում՝ ինքս էլ սրտի թրթիռով էի մասնակցում հայ երաժշտաթատերական բազմատասնամյա կյանքի «քայլող հիշողություն» արվեստաբանի նորընծա ստվարածավալ գիրք-ալբոմի ծնունդը հանրահռչակող ներկայացուցչական հավաքին։

Արդի հայ մշակույթի անխոնջ տարեգիրը

Կամա-ակամա մտապատկերումս կենդանանում էին անցյալ տարեմուտին, Կոմեդիայի թատրոնի հիմնադրման 75-ամյակին նվիրված հոբելյանական հանդիսության ծիրում, Սերգեյ Առաքելյանի հեղինակած «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 17-րդ՝ «Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն», եզակի վավերապատումի շքեղ հրատարակության շնորհանդեսի առանձին դրվագները։ Վաղ հասակից երաժշտական թատրոնով հրապուրված ծերունազարդ արվեստաբանը արժևորում էր հայ տաղանդավոր շինարար արվեստագետներից շատերի ստեղծագործական ու կազմակերպչական ներդրումը թատերաերաժշտական արվեստի ինքնատիպ կառույցների հուսալի կայացման ասպարեզում։ Ուշիմ ականատեսի հպարտությամբ ամենայն մանրամասնությամբ պատմում էր համազգային հոգևոր զարթոնքի կոնկրետ փայլատակումներից, մեր ազգային սնապարծությունը շոյող փառահեղ նախնիներից։ Կազմավորման ոլորաններում միահյուսվում էին 2 գլխավոր՝ օպերային և օպերետային երաժշտական թատրոնների պատմությունները։ Նույն նվիրյալները, աշխարհով սփռված լավագույն ներուժի մեկտեղմամբ, հայրենանվեր համախոհությամբ ու անմնացորդ ջանասիրությամբ էին մասնակցում դրանց կենսունակության ամրապնդմանը։ Թերթելով իր հեղինակած «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարի 17-րդ հատորը՝ Սերգեյ Առաքելյանը, ասես, գրում էր հաջորդը, իր փայլուն հիշողությամբ կոնկրետ կենսադեպեր մեջբերում, հիմնավորում, բացահայտումներ անում։ Կարևորը՝ նա, ի տարբերություն շատերի, խնամքով պահպանել էր ապրած երանելի օրերի, այժմ ամենքիս մշակութային անցյալի բովանդակային հարստությունը վկայող հնարավոր ու անհնար բոլոր վկայությունները։

Ինչպիսի՜ ակնածանքով էր մտաբերում դեպի թատերարվեստ ձգվող իր ճանապարհի առաջին արահետները. «Նորաստեղծ օպերետային թատրոնի հետ կապվեցի Շարա Տալյանի շնորհիվ: Նա հաճախ էր լինում պիոներպալատում, Դանիել Ղազարյանի և Կարո Զաքարյանի ղեկավարությամբ գործող մանկական երգչախմբի փորձերին, որի անդամն էի ես: Կարճ ասած՝ եկա ու մնացի թատրոնում»: Քչերը գիտեին, որ Սերգեյ Առաքելյանը հիմնադրման օրվանից նաև բազում կերպարներ է մարմնավորել հարազատ բեմում. Կուրտիս (Շեքսպիրի «12-րդ գիշեր»), Մանկովիչ (Նուշիչի «Տիկին մինիստրուհին»), Ամիլախվարի (Ջոջուայի «Ծղնեթցի Մայան»), Ադվոկատ (Չարենցի «Կապկազ թամաշա») … Նրա կոլորիտային խաղաոճով տպավորվել են Վահրամ Փափազյանը, Հրաչյա Ներսիսյանը, Վաղարշ Վաղարշյանը, բարիտոնով հմայվել են Շարա Տալյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Գոհար Գասպարյանը... Զորօրինակ, Մոկրոուսովի «Որտեղ է այդ տունը, որտեղ է այդ փողոցը»օպերետում Պյոտրի կերպարում: Թող զարմանալի չթվա, բայց պատկառազդու վավերագրերի գերակշռող մեծամասնությունը նրա անձնական արխիվից էր ներառված։ Չորրորդ դասարանի աշակերտ էր, երբ սկսեց մոլի հետաքրքրությամբ տարերայնորեն ժողովել տարբեր ներկայացումների ազդագրեր ու ծրագրեր, ժամանակի երևելիների դերակատարումներն անմահացնող լուսանկարներ ու լրագրային հրապարակումներ։

Նույն Շարա Տալյանի՝ 1912-ին Գյումրիում, 1935-ին Երևանի օպերային թատրոնում Սարոյի առաջին դերակատարի, Հայաստանում երաժշտական մի քանի թատրոնների հիմնադիր շինարարի շնորհիվ էին նաև ընդլայնվել շնորհառատ Սերգեյի մշակութային հետաքրքրությունների մանկապատանեկան սահմանները։ Կաթիլ առ կաթիլ, աննկատ խորագիտությամբ էին հագեցել բազմաթիվ վառ անհատականությունների հետ անմիջական շփումներով, «պալատական» թատերական, գրական, վոկալ խմբերին ակտիվ մասնակցությամբ Արուս Ոսկանյանից, Ազատ Մանուկյանից քաղած դասերով, ապա գեղարվեստաթատերականում մասնագիտացմամբ, Բաթումիում, Աբովյանում և այլուր թատերախմբերի ձևավորմամբ, մի քանի տասնյակ բեմադրություններով, որոնցից հատկանշական է Ալեքսանդր Հովհաննիսյանի «Պեպո» օպերան (1960թ.) նրա իսկ առաջին գլխավոր դերակատարությամբ։

Ծանոթանալով ու մտերմանալով արվեստագետներից շատերի հետ՝ ոչ միայն ճշգրտեց մշակութային սեփական վավերագրերի արժեքավորությունն, այլև վստահություն ներշնչեց նրանց անձնական արխիվները ինքնահատուկ բծախնդրությամբ պահպանելու, իր հրապարակումներով հանրահռչակելու։ Եվ հիմա, չարաճճի ժպիտով, բարձրաձայնում էր «ձեռքբերումներից» մի քանիսի «անթույլատրելի ակունքները». «Կոնկրետ կոմեդիայի թատրոնի հետ կապված՝ առաջին «ավարս» 1942թ. բեմադրված Չուխաջյանի «Կարինե» օպերետի համերգային կատարման ազդագիրն է, որը ես պոկեցի Ֆլորայի այգու ձմեռային թատրոնի պատից: Ավելի ուշ ես այդ մասին խոստովանեցի Շարա Տալյանին…»: Իր ապրած 8 տասնյակից ավելի տարիների ընթացքում ստեղծել էր արվեստածին իր ժամանակների մշակույթի այժմ արդեն պատմական արժեք ձեռք բերած բացառիկ վավերագրերի բազմահարուստ մի «արվեստապահոց», որին կնախանձեն շատ ու շատ թանգարաններ։ Ամենևին էլ պատահական չէ, որ տասնյակ տարիներ հենց նրան է վստահվել Սունդուկյանի, Սպենդիարյանի, Պարոնյանի անունները կրող մեծահամբավ թատրոնների պատմության թանգարանների վարույթը։

Ինչպիսի՜ պատանեկան խանդավառությամբ էր ներկայացնում փորձառու թանգարանագետը հարազատ թատրոնի պատմությունն ի վերջո ամփոփ մատուցող գիրք-ալբոմը, որի խմբագիրը կյանքի մայրամուտին երազել էր լինել «հայկական Չարլի Չապլին» մկրտված մեծատաղանդ Կարպ Խաչվանքյանը։ Ցնծությանը միախառնված տրտմությամբ էր թերթում նորընծա «զավակի» պատկերազարդ էջերը՝ չէ՞ որ գրքի առաջաբանը դեռևս 2002-ին էին սիրահոժար հեղինակել ԽՍՀՄ ժողովրդական արտիստներ Գոհար Գասպարյանն ու Էդվարդ Միրզոյանը, և, մոտ մեկուկես տասնամյակ հետո միայն, «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի կայացնող աջակցությամբ, տպագրական բախտավորության էր արժանացել սիրելի թատերական ընտանիքի՝ մոռացության թմբիրի մատնվող փայլուն կենսագրությունը։

Օպերային կրկնակի հոբելյանամեծար ընծա

ՕՊԵՐԱՅԻՆ ՇԵՆՇՈՂ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ԶՐՆԳՈՒՆ ԱԶԴԱԿԱՆՉԸԱյս առումով անհամեմատ բախտավոր էր անհավատալի կարճ ժամկետում հեղինակի անդավաճան գործընկեր «Լուսակն» հրատարակչատանը (տնօրեն՝ Ռուզան Սահակյան) ի նշանավորումն Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 85-ամյա հոբելյանի կյանքի կոչված «Մեր մշակույթի մեծերը» մատենաշարի 18-րդ ստվարածավալ հատորը, որի ծննդյան ներկայացուցչական հանրաճանաչմանը անթաքույց հրճվանքով «ակամա» մասնակցում էին նաև Գոհար Գասպարյանը, Տաթևիկ Սազանդարյանը, Նար Հովհաննիսյանը, Գեղամ Գրիգորյանը, որոնց մեծադիր գունագեղ դիմանկարները ոչ միայն զարդարում էին սրահի պատերը, այլև յուրովի ապահովում էին մեր օպերայինի երևելիների այս «պատվիրակների» աներևույթ ներկայությունը, էապես իմաստավորում իրադարձային այս հավաքը։ Չէ՞ որ վերջին անդրադարձը օպերայինի փառահեղ կենսագրությանը, իհարկե՝ ոչ այս ծավալով, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի տնօրենի տեղակալ Աննա Ասատրյանի հավաստմամբ, եղել էր 1984-ին։ Նորընծա գիրք-ալբոմը, փաստորեն, ոչ միայն աշխարհին իր սքանչելի ձայներով ու երաժշտարվեստով հմայած թատրոնի ամփոփ կենսապատումն էր, այլև հարգանքի արժանապատիվ տուրք հայ ազգային օպերային արվեստի հանրահռչակ նախնիներին, յուրատիպ գրչակերտ հուշարձան։ Իսկապես, աշխարհում շատ քիչ երկրներ կարող են հպարտանալ այսպիսի մեծահամբավ երախտավորներ, փառահեղ թատրոն ունենալու փաստով։ Տաղանդաշատ Արմենակ Շահմուրադյանը, ով եղել է Փարիզի Գրանդ օպերայի մեներգիչ, ժամանակին անհույս երազել է, որ մի օր Հայաստանում օպերային թատրոն լինի ու ինքն այնտե՜ղ երգի Սարո...

-Ես անկեղծորեն ուրախ եմ ու երջանիկ, որ մենք այսպիսի հնարավորություն ունենք ներկայացնելու այս հանճարեղ մարդու ստեղծած հիանալի գիրքը,- սրտաբաց տանտիրոջ ցնծությամբ բազմամարդ սրահին է դիմում Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն և գեղարվեստական ղեկավար, ՌԴ վաստավոր արտիստ ԿՈՆՍՏԱՆՏԻՆ ՕՐԲԵԼՅԱՆԸ։ - Վստահ եմ, որ «քայլող հանրագիտարան» մեր հեղինակին՝ Սերգեյ Առաքելյանին, դուք գիտեք շատ տարիներ, նրա ստեղծած անհավանական թվաքանակով գրքերով։ Դրանք տեղեկատվական անպարփակ շտեմարան են։ Խոնարհվում եմ նրա առջև արվեստին անմնացորդ նվիրվածության և խոշորագույն ավանդի համար մեր մշակութային գանձարանում։ Մեծապես շնորհակալ եմ նաև մեր հովանավորին՝ «Բիլայն» ՓԲԸ-ի տնօրինությանը, դրամական շահույթ չապահովող, բայցև չափազանց կարևոր այս նախագծին աջակցելու համար։

Միանգամայն իրավացի էր օպերայինի հրաշալի նախաձեռնության հովանավոր «Բիլայն» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն ԱՆԴՐԵՅ ՊՅԱՏԱԽԻՆԸ.«Գիրքը եզակի արժեքավորություն ունի մեր երկրի մշակութային ժառանգության պահպանման և ներկա հանրության կարևորագույն հատվածին՝ երիտասարդությանը փոխանցման տեսակետից, մեր մշակույթը աշխարհում ներկայացնող նոր բարձր արժեքներ ստեղծելու ներշնչանքի աղբյուր»։

«Կարողանանք ապահովել այս պատմության շարունակականությունը»

- Եթե հետևենք պ-ոն Առաքելյանի վերջին տարիների աշխատանքին, - ջերմագին գնահատանքի շատրվանումը մեծագույն հարգանքով ուժգնացնում է ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԸ,- որոնց խոսուն վկայությունները շարված են այս հրաշալի ռոյալի վրա, կհասկանանք, որ նա մեր արվեստի պատմությունն է ընդհանրապես գրի առել։ Այս հատորյակը մեր արվեստի ամենածանրակշիռ, ամենակարևոր, ամենաբազմահատոր վերլուծությունն է, ինչի համար հատուկ շնորհակալություն հեղինակին, ով ամենասուղ միջոցներով այնուամենայնիվ կարողանում է ի մի բերել, արժևորել մեր անցյալի մշակույթը։ Չէ որ այս գիրքը ոչ միայն մեր թատրոնի պատմության ամբողջացումն է, այլև առիթ, խթան, որպեսզի ստեղծենք արդեն եղածին համարժեք արվեստի գործեր, կարողանանք ապահովել այս պատմության շարունակականությունը։ Եվ ես վստահ եմ, որ տարիներ անց, տա Աստված՝ նրա իսկ ձեռամբ, գրվի հաջորդ հատորյակը օպերային թատրոնի մասին, որտեղ մենք առիթ կունենանք խոսելու վերջին տասնամյակների մեր թատրոնի ձեռքբերումների, մաեստրո Կոնստանտին Օրբելյանով սկսված վերածննդի, ժամանակակից օպերային արվեստում մեր նոր հաղթանակների մասին։ Ցանկանում եմ, որ այս գիրքը դառնա մեր բոլորի սեղանի գիրքը, թվայնացված տարբերակով հասանելի լինի ամենքին թատրոնի էլեկտրոնային կայքում, հրատարակվի նաև օտար լեզուներով, որպեսզի մեր պատմությունը կարողանանք ներկայացնել օտարներին։

Գոհունակության ժպիտ է փայլատակում Սերգեյ Առաքելյանի հայացքում. հիմա առանց վարանելու կարող է 18-րդ հատորում տեղ չգտած նյութերը նորովի խմբավորել ըստ պատմական արժևորության և միավորել անկախության տարիների ստեղծագործական դիմանկարն ամբողջացնող վավերագրերին։ Չէ՞ որ ստիպված էր 656 էջով սահմանափակել իր պատումը, վերջակետել օպերայինի տարեգիրքը 1999-ով՝ անզուգական Տիգրան Լևոնյանով։ Փաստորեն այժմ իսկ կարող է երկրորդ հատորի կմախքը ձևավորելուն ձեռնարկել։

- Նյութը մեզ արդեն այնքան է խեղդում, որ այս պայմաններում այսպիսի արժեքներ ստեղծելը անհավանական է թվում։ Տարեկան Հայաստանում մոտ 40-50 նոր ներկայացում է ստեղծվում,- ողջերթի խոսափողն իր ձեռքն է վերցնում Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնի գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, հեղինակի վաղեմի արվեստակից բարեկամ ԵՐՎԱՆԴ ՂԱԶԱՆՉՅԱՆԸ։ - Դա նշանակում է մոտ 40-50 ռեժիսոր, նկարիչ, կոմպոզիտոր, էլ չեմ ասում՝ դերասանների մասին։ Եվ պատկերացրեք՝ ոչ մի տեղ ոչ մի տող անգամ չի գրվում։ Սերգեյ Առաքելյանի ծառայությունը նաև այս առումով է կարևոր։ Տարիներ անց սերունդները կկարդան, կիմանան նաև այսօրվա թատրոնի մասին։ Կարծում եմ, որ այս գիրքը նոր լիցք կհաղորդի գեղարվեստական ղեկավարին վերադարձնելու մեզ մեր հիասքանչ օպերան։ Ամենից շատ ուզում եմ, որ հանկարծ պ-ոն Օրբելյանը որևէ բանից չհուսահատվի։Մենք ամեն ինչ պիտի անենք, որ այսօրվա դպրոցականը, երիտասարդը երբ խոսի օպերային թատրոնի մասին, վկայակոչի բոլոր այն ներկայացումները, որոնք դիտել է դահլիճի աստիճաններին նստած, ինչպես մեր սերունդը իր հասակում։ Նայում եմ դիմահայաց պատի կտավներին, սարսռում եմ, Գոհար Գասպարյան է եղել, Տաթևիկ Սազանդարյան... Թող գիրքը առիթ հանդիսանա, որ նորից ունենանք աշխարհին զարմացնող օպերային թատրոն։ Հավատացնում եմ, որ գրքի մեջ զետեղված նյութի ծավալով նյութեր էլ դուրս են մնացել, տեխնիկական պատճառներով։ Պ-ոն Պյատախինն էլ մտավ մեր օպերայինի պատմության մեջ՝ չէ՞ որ մեծ պատիվ է օպերային թատրոնին, առհասարակ որևէ թատրոնի օգնելը։ Ուզում եմ նաև ասել, որ Սերգեյ Առաքելյանի մոտ, տարբեր նկուղներում զմռսված պահվում են Սայաթ-Նովային առնչվող մոտ 2500 արժեքավոր փաստեր, Հովհաննես Թումանյանի, Շիրվանզադեի ձեռագրերից, Սուրեն Քոչարյանին, Գոհար Գասպարյանին վերաբերող ի՜նչ նյութեր ունի... Առաջարկում եմ մեզ բոլորիս այնքան հասունանալ, որ մի նոր սուպերմարկետ, մի քանի դեղատուն ու մերսման սրահ բացելու փոխարեն ազատված բազմաթիվ շենքերից մեկում տարածք հատկացնենք Սայաթ-Նովայի թանգարանի համար։

-Արդեն բանավոր պայմանավորվածություն ունենք պ-ոն Առաքելյանի հետ,- անմիջապես արձագանքում է պ-ոն Ամիրյանը,- հաջորդ տարի Հաղպատում անպայման իրականացնելու ենք այդ ծրագիրը։

Գովասանքի, դրվատանքի խոսքերի հեղեղից շոյվում է պատանեկան անմիջականությամբ իր «նորածին զավակով» ցնծացող Սերգեյ Առաքելյանը, կարկամում պարտավորեցնող պատասխանատվությունից։ Հուզմունքը հազիվ զսպելով՝ ներողամտորեն ընթերցում է գրքում զետեղած իր խոսքը, ապա վերագտնում կենտրոնացումը.

- Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի թատրոնի ամբողջական պատմությունը պիտի՜ գրվեր։ Ուրախ եմ, որ հենց ինձ բախտ վիճակվեց, քանի որ թատրոնի հետ համարյա հասակակիցներ ենք։ Ես մեծացել եմ թատրոնի հետ, թատրոնի կողքին, թատրոնում։ Շնորհակալ եմ Արմենակ Բուդաղյանին բազմաթիվ մասնագիտական արժեքավոր խորհուրդների և եզակի լուսանկարներ տրամադրելու համար։ Կարծում եմ, որ լրագրողների հետ մեր երկրորդ հանդիպումն անհրաժեշտ է, քանի որ նրանք դեռ գրքին ծանոթ չեն...

Այդուհանդերձ հարկ է համարում առանձնակի արժևորել թատրոնի տնօրեններին, արարչական զուլալ ակունքներում եղած ամենակարևոր անհատներին։ Երբ անդրադառնում է Հայաստանում «Ալմաստի» առաջին բեմադրության ուշագրավ մանրամասներին, վերհիշում Արմեն Տիգրանյանի ծպտված ներկայության պատմությունը Գոհար Գասպարյանի Անուշի փորձին, ներկաները միակամ ընդունում են նրա հետ երկրորդ հանդիպման անհրաժեշտության փաստը։ Անսահման լավատեսությամբ են համակվում ամենքը՝ մեր օպերային թատրոնը շարունակելու է գրել իր տարեգրության նոր փառավոր էջեր։ Նրանք, ովքեր Արմեն Ամիրյանի և Կոնստանտին Օրբելյանի տարեվերջյան հաշվետու լրագրահավաքներում խոսուն թվերի ու փաստերի հավատընծա լեզվով մանրակրկիտ իրազեկվեցին առկա նախադրյալներին, հուսառատությամբ գոտեպնդվեցին մեր 85-ամյա թատրոնի վաղվա օրվա հանդեպ։ Այնպես որ, արարչական նոր վերընթացը ոչ միայն հրատապ է, այլև միանգամայն իրատեսական։

 

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ