ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԳՈ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԿԼԻՆԵՐ 90 ՏԱՐԵԿԱՆ

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԳՈ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԿԼԻՆԵՐ 90 ՏԱՐԵԿԱՆՆա Վահրամ Փափազյանի լավագույն Դեզդեմոնաներից մեկն էր։ Երևանի թատերական ինստիտուտի՝ Ստեփանակերտից առաջին ուսանողուհին, ով ընդունվեց առանց որևէ քննության։ Համարձակ, նպատակասլաց, իրեն երբեմնի երազանքի շեմին հասցրած արկածախնդրությունից զերծ չմնացող։

Թատրոնը նրա կոչումն էր, և նա հետևում էր իր կոչմանը հանգիստ՝ փայփայելով երջանկությունը, որի մասին, իսկ նա անշուշտ գիտեր դա, չպետք է խոսել բարձր։

Բաց ճակատը, բարձր այտոսկրերը, կենտրոնացված հայացքը, հանգիստ ու վստահ քայլվածքը, վայելուչ իրանը՝ այն ամենն է, ինչով նա աչքի էր ընկնում իր անպարտելի ազնվականությամբ։ Հենց այդ՝ ինչպես բեմում, այնպես էլ կյանքում դրսևորվող, բնությունից տրված գծերի շնորհիվ է, որ նա չի "հարբել” ամպրոպի պես անսպասելի ծագած հաջողությունից:

Նա պարզապես վստահ քայլում էր առաջ՝ աշխատելով ինքն իր վրա, ընդլայնելով մասնագիտական հմտություններն ու գիտելիքները: Հետո կատարվում էր այն, ինչ պետք է կատարվեր. հանդիսատեսը հուզվում էր...

Նրան սկսեցին ճանաչել։ Նրան սկսեցին սիրել:

Նրան աստվածացնում էին:

Սունդուկյանի անվան թատրոնը մեկ անգամ չէ, որ հրավիրել է երիտասարդ, իսկ հետո՝ արդեն հասուն ու փորձառու դերասանուհուն, սակայն Ստեփանակերտը նրա համար միշտ մնում էր այն միակ վայրը,ուր նա երազում էր կայանալ մասնագիտական ոլորտում:

Մարգո Բալասանյանը ծնվել է 1927 թվականի դեկտեմբերի 26-ին Ստեփանակերտում: Քրոջ՝ Լյուսյայի և եղբայրների՝ Առուստամի ու Ալեքսանդրի հետ մեծացել է հասարտակ աշխատավորի ընտանիքում: Մայրը տնային տնտեսուհի էր, հայրը՝ շինարար էր. կամուրջներ էր կառուցում և բավականին հաճախ մեկնում էր՝ գումար վաստակելու նպատակով: Ծնողներն ամեն ինչ անում էին, որ այդ ծանր ժամանակներում կերակրեն բազմազավակ ընտանիքը:

Ծնողները որևէ հատուկ կրթություն չէին ստացել, բայց ընտանիքում գիտելիքների նկատմամբ սերը չէր մարել: Հենց այդ պատճառով հատուկ ուշադրություն էր դարձվում կրթությանը: Այնուամենայնիվ, ինչպես շատ հայրիշխանական ընտանիքներում, երեխաների մասնագիտության հարցը նախապես էր քննարկվում:

Լյուսյայի՝ գրելու ցանկությունը որևէ կերպ չէր հակասում հոր ցանկությանը: Աղջկա տաղանդը բացահայտվել էր դեռ մանկուց. բանաստեղծական արվեստն ու ընթերցանության նկատմամբ սերը նրա կյանքի ուղեկիցներն էին, մի կյանքի, որը, ցավոք, շատ շուտ ու ողբերգական ավարտ ունեցավ: 36 տարեկանում նա մահացավ անբուժելի հիվանդությունից:

Լյուսյայի մահը միշտ Մարգոյի աչքերի առջև էր: Լյուսյայի մահը միշտ Մարգոյի աչքերի առջև էր: Եվ եթե նույնիսկ որոշ ժամանակ անց պետք էր խաղաղվել, ինչ-որ մեկին ներել իր հետագա ընտրության վրա մեծ ազդեցություն ունեցած, իրեն ուժ և վստահություն հաղորդաց միակ ու սիրելի քրոջ հանկարծահաս մահվան համար, եթե պետք էր ինչ-որ արդարացում գտնել տեղի ունեցած ողբերգության համար, միևնույն է նա այդպես էլ չարեց դա...

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԳՈ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԿԼԻՆԵՐ 90 ՏԱՐԵԿԱՆՅուրաքանչյուր՝ բուռն ծափահարություններով և անվերջ «Բի՜ս» բացականչություններով ավարտվող ելույթից հետո, իրեն նվիրված ցանկացած տոնակատարության ժամանակ, ինքն իր մեջ պարփակվելով, արցունքների մեջ և դեմքի ողբերգական արտահայտությամբ կամացուկ խոսքն ուղղում էր դեպի երկինք՝ Աստծուն, իրեն և ողջ աշխարհին կշտամբելով թանկ ու անդառնալի կորստի համար: Ամեն անգամ ներկայացումից հետո դիմահարդարման սենյակում կարելի էր տեսնել, թե ինչպես է ստվերաներկն արցունքախառն աչքերով հոսում դեպի դողացող շուրթերը՝ փչացնելով շպարը, իսկ ձեռքերն իրեն չէին լսում.

- Լյու՜սյա, Լյու՜սյա, - շշնջում էր նա անդադար: Այդպես շարունակվում էր, մինչև անսպասելի, թեկուզ ժամանակավոր հաշտեցումը.

- Նա ինձ համար ուրախ կլիներ:

Ապագա դերասանուհու համար մասնագիտություն ընտրելը ամենևին հեշտ չէր...

Լյուսյայի և մտերիմ ընկերուհու՝ Էլյայի կողմից գրականության, պոեզիայի, և ընդհանրապես արվեստի նկատմամբ իր մեջ սերմանած սիրո արդյունքում նա երազում էր միայն մի բանի՝ թատրոնի մասին: Ոչ մի ներկայացում բաց չէր թողնում, Թումանյանի, Տերյանի և այլ հայ նշանավոր գրողների ստեղծագործություններն անգիր գիտեր:

Դպրոցում երիտասարդ Մարգոյին միայն մեկ բան էին խնդրում. իրենց դասին իր իմացած ստեղծագործություններից որևէ բան արտասանել: Դասը վերածվում էր ներկայացման, ավարտվում ծափահարություններով: Եվ, կարծես, որևէ կասկած այլևս չկար...

Մի անգամ՝ երեկոյան ընթրիքի ժամանակ, հայրը՝ Ջալալը, վերջապես հարցրեց նրան.

- Կողմնորոշվելու ժամանակն է, աղջիկս՛, որոշե՞լ ես՝ ինչ ես ուզում դառնալ:

- Դերասանուհի,-առանց մտածելու պատասխանեց նա:

Հայրը խոժոռվեց.

- Իմ աղջիկը... դերասանուհի՞: Մոռացի՛ր դրա մասին: Կդառնաս ինժեներ և վե՛րջ:

Հոր կողմից այդպիսի՝ բարկությամբ լի արձագանքի չէր սպասում: Իրավիճակը փրկեց Լյուսյան: Քանի որ հոր որոշումները քննարկման ենթակա չէին, մոր օգնությանը դիմելն անօգուտ էր: Իհարկե, «հնազանդորեն ենթարկվելով», որոշեցին նրան ուղարկել «ինժեների մասնագիտություն ստանալու»:

- Նրան չենք ասի՝ որտեղ ես սովորում, լա՞վ:

Քույրերի ծրագրի իրականցմանն օգնեց Գ. Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի ժամանակին ժամանումը: Մարգոն հմայված էր հյուրախաղերին մասնակցող դերասաններով. հիացած ծափահարում էր ու ծաղիկներ բաժանում դերասաններին: Այդ ժամանակ Ստեփանակերտ ժամանեց թատրոնի կազմակերպիչ ու տնօրեն, ժողովրդական արտիստ և պրոֆեսոր Վավիկ Վարդանյանը: Ընկերուհու՝ Էլլայի պնդմամբ, Մարգոն ի վերջո որոշեց թակել նրա հյուրանոցային համարի դուռը, որպեսզի իմանա ընդունելության պայմանները: Վարդանյանն սիրալիր, բայց ոչ առանց զարմանքի դիմավորեց աղջիկներին, և Բալասանյանը, անմիջապես պատմելով իր ցանկության մասին, խնդրեց, որ լսի իր ասմունքը:

«Մարոն», «Մի կաթիլ մեղրը» արտասանելուց հետո նա արդեն իսկ սկսել է «Անուշը», երբ Վարդանյանն ընդհատեց նրան.

- Իսկ հիմա... եթե կարող ես, Տերյանից արտասանի՛ր:

Մարգոն երազկոտ սկսում է. «Սահունքայլերով, աննշմար, որպես քնքուշ մութիթև, մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիկ շոյելով...»:

- Փաստաթղթերդ մեկ ժամից ինձ մոտ լինեն, - ժպտաց Վարդանյանը, ի դեպ, հաշվիր, թե ընդունված ես:

Ձեռք-ձեռքի տված՝ երիտասարդ ընկերուհիներն սլացան Լյուսյայի մոտ: Վերջինս զարմանքով դիմավորեց շնչակտուր քրոջն ու ընկերուհուն:

- Ես գիտեի, որ սա տեղի է ունենալու, բայց որ այսքա՜ն շուտ... Հիշում ես, չէ՞, ինչ մասնագիտություն ես ստանալու:

- Իհարկե, ինժեների:

1945 թվականին Բալասանյան Մարգոն դարձավ Երեւանի թատերական ինստիտուտի ուսանող: Այնտեղ էլ ծանոթացավ ապագա ամուսնու հետ:

Հայրը՝ Ջալալը, Մարգոյին առատ գումարներ էր ուղարկում, մինչդեռ էյֆորիայի մեջ գտնվող սկսնակ դերասանուհին ուսանում էր նշանավոր ուսուցիչների` Հովհաննես Գանալանյանի, Գևորգ Մաջարյանի, Սուրեն Հարությունյանի, Ներսես Կագրամանովի մոտ: Նրա վրա ամենամեծ ազդեցությունն ունեցավ իրենց կուրսի ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ, պրոֆեսոր Մուրադ Կոստանյանը: «Հենց նրա բեմադրությունների շնորհիվ է, որ ես առաջին անգամ իսկապես զգացի բեմը, - հետագայում խոստովանել է նա, - իրականում գիտելիք ստանալը բավականին հեշտ է, սակայն այնքան դժվար է այն կյանքի կոչել բեմում...»

Սունդուկյանի թատրոնը նրա համար երկրորդ ինստիտուտ դարձավ: Հենց այնտեղ, վայելելով իրապես թատերական մթնոլորտը, նա կլանում էր այն ամենը, ինչ անում էին բեմում Հասմիկը, Հրաչյա Ներսիսյանը, Գուրգեն Ջանիբեկյանը, Դավիթ Մալյանը և հայկական բեմի մյուս հսկաները:

Ավարտելիս քննական հանձնաժողովի ամենաբարձր գովասանքին արժանանալով՝ Բալասանյանին հրավիրեցին աշխատելու Նոր Բայազետի թատրոնում: Պատասխանատու դերերը հաջորդում էին մեկը մյուսին: Առաջին թատերաշրջանը դեռ չէր ավարտվել, երբ թերթերում սկսեցին գրել նրա մասին: Հանդիսատեսի սիրելին դառնալով՝ Մարգոն շարունակում էր բարդ կերպարներ կերտել՝ Ջեմա («Բոռ»), Տանյա («Տանյա», Ա.Արբուզով), Տատյանա («Կորսված տունը», Ս. Միխալկով), Միրանդոլինա (Կ.Գոլդոնի), Նատաշա («Մորգանի խնամին», Ա. Շիրվանզադե), և այնպիսի համբավ ու հեղինակություն ձեռք բերեց, որ շուտով Նոր Բայազետի քաղաքային խորհրդի պատգամավոր ընտրվեց: Կամոյում (Գավառ), արդեն ամուսնացած լինելով, դերասանուհին լույս աշխարհ բերեց իր միակ որդուն:

1953 թվականին նա հրավեր ստացավ Ստեփանակերտի՝ Մ.Գորկու անվան թատրոնից: Այսպիսով, Մարգո Բալասանյանը, դառնալով առաջատար դերասանուհիներից մեկը, կյանքը ընդմիշտ կապում է հարազատ քաղաքի թատրոնի հետ: Երիտասարդ, տաղանդավոր դերասանուհու գալուստը ոգեշնչեց թատրոնի ռեժիսորներին: Չէ որ գլխավոր դերերի դերակատարները հիմնականում հասուն տարիքի էին, և նա դերեր էր ստանում բեմադրություններում, որոնց խաղացանկը նախապես հաստատված էր՝ դրանով իսկ երկարացնելով դրանց կյանքը: Բայց դա միայն սկիզբն էր:

1955 թվականին նրան վստահեցին «Մելիքի աղջիկը» դրամայում Գայաների կերպարը: Բեմադրությամբ զբաղվեց փորձառու ռեժիսոր Գուրգեն Թավրիզյանը: 18-րդ դար... թուրք զավթիչների դեմ ղարաբաղցիների ազատագրական պայքար, Սուլեյման բեկի` մելիքի դստեր հետ ամուսնանալու ցանկություն, հարսանիք, և... մահ, որը նա ընդունեց իր կինը չդարձած կնոջից ապստամբության գիշերը: Բեմադրության հաջողությունն ապշեցուցիչ էր: Դերասանուհուն էր ծափահարում ողջ Արցախը, Երևանը և Հայաստանի մյուս քաղաքները, ինչպես նաև Բաքուն, որտեղ հայ հանդիսատեսը հատուկ խանդավառությամբ ընդունեց իր նախնիների հայրենասիրությունն ու արիությունը: «Ճուտը ձվի մեջ է երևում», երիտասարդ Մարգոյին շնորհավորելով՝ ասում էր մեծանուն դերասանուհի Ժասմենը (Մարիա Գրիգորյանը):

Եվ կրկին անսպառ գովասանք, հիացմունք մամուլում:

Խաղացանկն ավելի էր ընդլայնվում, նրան էին վստահում քնարերգականևհերոսական կերպարների մի ամբողջ շարք՝ Աշխեն («Սամվել»), Անահիտ («Անահիտ»), Ռուզան («Ռուզան»), Սաթենիկ («Մխիթար սպարապետ»), Թամար («Վարազդատ»), Սուսան, Մարգարիտ («Նամուս», «Պատվի համար»): Դրանից հետո նա կերտում է ռուս, արտերկրի և սովետական հեղինակների հերոսների կերպարները դասական և ժամանակակից բեմադրություններում. Նատաշա, Վասսա Ժելեզնովա, («Հատակում», «Վասսա Ժելեզնովա», Մ.Գորկի), Սալոմե (Օ.Ուայլդ), Հերմիոնե («Ձմեռային հեքիաթ», Ու. Շեքսպիր):

1958 թվականին 27-ամյա դերասանուհուն հնարավորություն ընձեռվեց բեմում հայտնվելու Ստեփանակերտ ժամանած՝ հայ մեծանուն ողբերգակի՝ Վահրամ Փափազյանի հետ, և կերտելու Շեքսպիրի «Օթելլո» ողբերգության Դեզդեմոնայի կերպարը: Փորձերը լի էին հուզմունքով, դրանց ընթացքում հաղթահարվում էին կասկածները, և 12 գիշեր շարունակ Ստեփանակերտի՝ լեփ-լեցուն թատրոնում Փափազյանն ու Բալասանյանը պատվով էին Շեքսպիր ներկայացնում... Մեծանուն արտիստը գոհ էր բոլորից, հատկապես տպավորված էր երիտասարդ Դեզդեմոնայով.«Նախ Դեզդեմոնան, Մարգո Բալասանյան է նրա անունը: Վարդի թերթի պես փոքրիկ բերանով, շարժուն ռունգերով, փոքրիկ քթիկով և խորը նստած մեծ աչուկներով, ոչ միայն սիրուն կին է՝ ճապուկ իրանով, այլև դերասանուհի՝ օժտված ոչ սովորական տվյալներով։...Ըմբռնեց՝ ինչ որ ցույց տվի, հասկացավ՝ ինչ բացատրեցի, և իմ անհամար Դեզդեմոնաների շարանում նա իր ուրույն տեղն ունի, կունենա և համոզված եմ՝ ինձ չի մոռանա:»

ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻ ՄԱՐԳՈ ԲԱԼԱՍԱՆՅԱՆԸ ԿԼԻՆԵՐ 90 ՏԱՐԵԿԱՆԲալասանյանի մասին կարելի է երկար խոսել, ցավոք, ադպիսի անձնավորությանը հնարավոր չէ ամբողջությամբ նկարագրել մեկ հոդվածի շրջանակներում։ Սակայն, դերասանուհու ներքնաշխարհն ու կյանքի հանդեպ վերաբերմունքը կարելի է ավելի լավ բացահայտել՝ մեջբերելով Իսահակ Ալավերդյանի գրքում ընգրկված՝ դերասանուհու հետ երկխոսությունից մասնագիտությանը ու ոչ միայն վերաբերող նրա որոշ ասածները...

«Այդ կերպարների մեջ (խոսքը Գայանեի, Ռուզանի, Անահիտի մասին է), ճիշտն ասած, ես ինձ շատ լավ էի զգում։ Հայրենասիրական խորունկ զգացումը վեհ մղումների էր տանում։ Եվ ես ինչ ունեի իմ հոգում ներբերում էի իմ խաղի մեջ։ Գուցե և երիտասարդությունից, փորձի պակասից, խաղագույները քիչ են եղել, բայց հերոսականը, ազնիվն ու վեհը շատ են ոգևորել ինձ ու իմ աննման հանդիսականներին». – «Ձեր կարծիքը դերասանի աշխատանքի մասին։ Ի՞նչ եք համարում գլխավորը նրա ստեղծագործության մեջ». – «Նախ և առաջ բնատուր կոչում, ապա՝ նվիրում, անձնուրաց սեր դեպի բեմարվեստը։ Որպեսզի դերասանը դերը չկատարի, այ ստեղծագործի, պետք է նաև անհատականություն ունենա։ Ուրիշներին նմանվելով՝ ոչնչի չես հասնի։ Արտիստին օդի, ջրի պես անհրաժեշտ է չափի զգացումը և ամենագլխավորև՝ կյանքի ճանաչումը։ Նա իր ստեղծագործական բազմաբարդ ճանապարհին պետք է երեք հոգեստեղծ կամուրջներով անցնի, որոնց անուններն են՝ ինքնաբացահայտում, ինքնաճանաչում և ինքնահաստատում». – «Դուք շատ հասարակական աշխատանքներ եք կատարում՝ ԼՂՀ մարզային սովետի դեպուտատ եք, կինխորհրդի անդամ, թատրոնի գեղարվեստական խորհրդի անդամ, երիտասարդության շրջանում տարվող դաստիարակչական աշխատանքի հանձնաժողովի անդամ։ Այդ բազմազբաղվածությունը չի՞ անդրադառնում ձեր ստեղծագործության վրա». – «Ընդհակառակը՝ դրանք օգնում են իմ ստեղծագործական աճին։ Չի կարելի լինել ժամանակակից արտիստ և չապրել հասարակական, քաղաքական կյանքով։ Դրանք լոկ պարտականություններ չեն, այլև՝ պահանջ հասարակության հետ շփվելու, որպես քաղաքաղի ապրելու». - «Դուք գո՞հ եք ձեր բեմական ճանապարհից։ Այդ ճանապարհը կարո՞ղ եք երջանիկ համարել». «Արվեստի ճանապարհը ոչ ոքի համար հարթ չի ընդանում։ Լինում են դժվարին պահեր, ահավոր խոչընդոտներ, ստեղծագործական բուռն վեճեր։ Տարբեր բեմադրիչներ տարբեր պահանջներով են հանդես գալիս, մեկնաբանություններով։ Երբեմն այնպիսի մեկնաբանություններով, որոնց համաձայն չես։ Իսկ մեր օրերում բեմադրիչը տերն ու տնօրենն է ներկայացման։ Իսկ երբ այդ բոլոր վեճերը գալիս են մի ընդհանուր եզրահանգման բեմադրիչի հետ՝ ծնվում է արվեստի ճշմարտությունը։ Այդ ամենով հանդերձ ես կարող եմ ասել՝ այո, իմ բեմական ճանապարհը երջանիկ է եղել»։ 

1973 թվականին նրան շնորհեցին Ադրբեջանի, իսկ 1978-ին՝ Հայաստանի ժողովրդական արտիստի կոչում:

1988-ին տեղի ունեցան բոլորիս հայտնի դեպքերը. լինելով ԼՂՀ շրջանային խորհրդի պատգմավոր՝ նա առաջիններից էր, ով իր աջակցությունը հայտնեց Ղարաբաղի՝ Հայաստանին միանալու գաղափարին՝ ժողովդին իր հետևից տանելով մի քանի հազարանոց ցույցերի ժամանակ, ոգեշնչելով նրանց վստահ ելույթներով, որոնցով հիշեցնում էր ոչ միայն հայերի ողբերգական անցյալի, այլև հայոց լեզվի պահպանման և ազգի գոյատևման հարցում թատրոնի կարևոր դերակատարության մասին:

Բալասանյանը հայրենիքում և թատրոնում մնաց ու ստեղծագործեց թատրոնի համար ամենածանր ժամանակներում: Չե որ ներկայացումները տեղի էին ունենում նույնիսկ նկուղներում՝ ռումբերի ու մահվան սպառնալիքի ներքո։ Հաղթանակը նույնպես նա ապրեց իր ժողովրդի հետ:

1998 թվականին՝ բարձր գնահատվելով կառավարության կողմից, ՀԹԳՄ-ի կողմից ճանաչվել է «Արտավազդ» ամենամյա մրցույթի հաղթող, իսկ 2004թ. պարգևատրվեց ԼՂՀ «Մեսրոպ Մաշտոց» շքանշանով։ Դերասանուհին չէր լքում բեմը ընդհուպ մինչև 2004 թվականը։

Մարգո Բալասանյանը կյանքից հեռացավ 2007 թվականի հուլիսի 10-ին՝ շրջապատված ընտանիքի անդամներով, չհասցնելով ապրել կյանքի 80-րդ տարին: Հանրապետությունը պատրաստվում էր լայնամասշտաբ իրադարձությանը…

Նրան հրաժեշտ տվեցին թատրոնում՝ վերջին անգամ լսելով սիրված դերսանուհու կատարմամբ «Ռուզանի» հերոսական ելույթի ձայնագրությունը... Ուղեկցեցին ծափահարություններով:

Իր գործունեության ամբողջ ընթացքում նա ապացուցեց, որ տիրապետում է դերասանական խոսքն ամբողջովին արտահայտելու, ենթատեքստն հաղորդելու բացարձակ կարողությամբ: Եվ նույնիսկ կասկածելի չի, որ հանդիսատեսը արդյունքում դահլիճից դուրս է գալիս մտազբաղ, փոխված, ավելի լավը դարձած և կրկին վերադառնալու ցանկությամբ:

Մարգո Բալասանյանի գրեթե բոլոր դերակատարումներով գրվել են Ստեփանակերտի թատրոնի պատմության ամենանշանակալի էջերը:

 

(Հոդվածը գրվել է Մարգո Բալասանյանի թոռնուհու՝ Մարինա Մաջարյանի կողմից։ Հոդվածում օգտագործվել են հատվածներ Իսահակ Ալավերդյանի՝ Մարգո Բալասանյան գրքից)։