Հանիրավի մոռացվող լեգենդներ

  ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆ – 80

 

Հանիրավի մոռացվող լեգենդներ

 

Հարդասենյակի հայելային անդրադարձում չի մեղմվում գինարբուքի և հոգնության նիրհից դժվարությամբ սթափվող արտիստի հայացքի խռովահույզ տագնապը։ Շռնդալից բենեֆիսից հետո մոռացված Սվետլովիդով-Մսրյանին մի քանի ակնթարթում կայծակնահար է անում 45 տարի հարազատ բեմին անանձնական նվիրումով ծառայած իր հերոսի ողբերգաշունչ դրաման։ Խաղացած ցանկացած կերպարի միս ու արյուն հաղորդող իր կատարողական և ինքնակենտրոնացման ներուժով նա ներանձնավորվում է մարմնավորած դերի հանրածանոթ կաղապարում։ Չեխովյան «Կարապի երգի» սեփական ասելիքով հնարամտորեն շաղախված մեկնաբանությանը առանձնակի կենսական համոզչականություն և թատերային գրավչություն է ներարկում ինքնատիպ հմայքով Վլադիմիր Մսրյանը։ Իմ անմոռանալի Հերոստրատի կերպավորման հարուստ գունապնակի անափ կարոտով ընկղմվում եմ մեկուկես տասնամյակ առաջ հեռուստաթատրոնում Արշակ Մարգարյանի հեղինակած «Կարապի երգի» մսրյանական անշփոթելի ելևէջներում։ Կոկորդս սեղմվում է հուզմունքից, երբ որսում եմ իր կերտած արտիստական տարեգրությանը զուգահեռվող ինչ-ինչ նրբիմաստներ այս Սվետլովիդովի կարճատև էկրանային կյանքում։ Կամա-ակամա թանձրանում է տրտմությունս՝ անկատար մնաց անցյալի փառահեղ դափնիները բարձրագոչ տարփողելուն մշտապես խորթ, նորանոր արտասովոր ստեղծագործություններում բյուրեղացվող իր արվեստի դեռևս չբացահայտված շերտերը վեր հանելուն մշտապես հետամուտ Արտիստի հոբելյանական բնականոն ցանկությունը՝ բեմ բարձրանալ ոչ թե բազկաթոռին բազմելու և գովաբանական ճառեր, ծափ ու ծաղիկ ժողովելու, այլ հարազատ թատրոնի ստեղծագործական դիմագծում տաղանդավոր արարմամբ մնայուն հետագիծ թողած մեծաթիվ դերակատարումներին համարժեք դրամատուրգիական հենքով կառուցված նոր բեմադրության ներկայացմամբ... Վերհուշի տարերքին հանձնված՝ կենսահաստատ լծակներ եմ գտնում սվետլովիդովյան տարատեսակության՝ տոկալու ուժ և իմաստություն կլանելով չնաշխարհիկ բնօրրանի հավերժահոս անապական ակունքներից, իր չքնաղ Իդայի հետ գտած անձնական երջանկությամբ հուսալիորեն պաշտպանված էր կյանքի հողմերից Հայաստանի ժողովրդական Արտիստ, հեղինակավոր անհաշիվ մրցանակների ու պարգևների Ասպետ ՎԼԱԴԻՄԻՐ ՄՍՐՅԱՆԸ (1938 – 2010թթ.), ում համար ամենամեծ արժեքը ՄԱՐԴՆ էր...

 

ՏՐԱՄԱԲԱՆՎԱԾ ԶԳԱՑՄՈՒՆՔՆԵՐԻ ՀՈՒԶԱՌԱՏ ԱՐՏԻՍՏԸ

 

Հանիրավի մոռացվող լեգենդներ

 

 Թատերարվեստի ոլորաններում

-Մա՜յ – րի՜կ,- զրնգում է փամփլիկ թաթիկները պարզած դեպի իրեն կանչող մոր գիրկը վազող մանչուկի ձայնը այնպես սրտագին, որ կարկամում է բռնի խլված զավակին փարվող տառապած կինը երկնային այս պարգևից։ Մունջ խնդությամբ մի խնձոր, ունեցած միակ լավագույնը, մեկնում է անսպասելի գտնված զավակին ու արտասվածոր կարոտով զմայլվում, թե ինչպիսի ախորժակով է ուտում կիսաքաղց երեխան այդ խնձորը։

... Զուր մի՜ պեղեք մշակութային «սուռոգատով» ընդարմացված ձեր հիշողությունը։ Զգայացունց այս տեսարանը չեք գտնի ձեզ ծանոթ իրարահաջորդ, ակնհայտորեն թերարժեք ու անարյուն հեռուստասերիալներից կամ պարզունակ ու սրտաճմլիկ հեքիաթամերձ հնդկական տարարվեստ ֆիլմերից որևէ մեկում։ Ապագա զտարյուն դրամատիկցի Վլադիմիր Մսրյանի առաջին վեհերոտ բեմելն էր Ալավերդու «Բանվորական թատրոնում», որի հիմնադիր կազմում էին ծնողները՝ Արաքսյա և Հովհաննես Մսրյանները ։ 78 տարի առաջ խաղարկված մելոդրամատիկ ներկայացման այս դրվագը ժամանակին կենսահենք հուզառատությամբ է համակել ամենքին. թատերական կախարդանքի մթնոլորտում հասակ առնող ընդամենը 2 տարեկան Վովան տպավորվել է բեմական հմայքով՝ մեն մի «մայրիկ» բացականչությամբ նետվելով բեմական մոր և, ճակատագրի բարի կամքով, ապագա զոքանչի գիրկը։

Առաջին անխամրելի թատերական տպավորությունն էլ այս բեմն է նրան պարգևել. հին օրերի բարի ավանդույթով՝ Ալավերդու թատրոնի դերասանների հետ իր հռչակավոր Օթելլոն է խաղացել համաժողովրդական երկրպագություն վայելող մեծահամբավ Վահրամ Փափազյանը։ Կուլիսներում հասակ առնող մանկան մտապատկերում անջնջելիորեն դաջվել է «խռպոտ ձայնով աժդահա մի գեղեցիկ մարդու առինքնող պատկերը», ում բացառիկ խաղի կոնկրետ բեմական արտահայտություններին արդեն հասուն տարիքում անմիջականորեն հաղորդակցվելով՝ պիտի համարեր իր Ուսուցիչը, Չափանիշը, Աշխարհի ամենամեծ դերասանը, ով պիտի մնար դերամարմնավորման նրա իղձերի անհասանելի վարպետը։

Ալավերդու թատրոնի լուծարումից հետո տեղափոխվում են Կիրովական։ Ծնողները շարունակում են ստեղծագործել Հովհաննես Աբելյանի անվան դրամատիկական թատրոնում՝ ժամանակի հանդիսատեսի համակրանքը վայելելով իրենց կերպավորած Ոսկանով ու Ջավահիրով («Չար ոգի» ), Վարշամով ու Գայանե Արմենակովնայով («Աշխարհն, այո՜, շուռ է եկել» ), Ղևոնդ բիձայով («Սրտի արատ») ու Բիկոտիով («Դավիթ Կոպերֆիլդ»), Հեթումով ( «Նույն հարկի տակ») ու Բռնավորի մորով («Աշոտ Երկաթ» ), փառատենչ վաճառականով ու ձկնավաճառի կնոջով («Աղքատն ու արքայազնը»)… Ճշմարիտ արվեստագետի նույն անեղծ հրայրքով ու պատասխանատվության սրված զգացումով են նրանք սպասավորել Թատրոն տաճարի այս մատուռում «ՀԽՍՀ վաստակավոր արտիստ» կոչումներին արժանանալուց հետո էլ։ Այդուհանդերձ հետևողականորեն փորձել են շեղել իրենց զավակների՝ Վլադիմիրի ու Ժասմենայի ուշադրությունը դեպի թատրոն տանող տատասկոտ ճանապարհից։

Մեծ հայրենականի դժվարին տարիներին որդին անավարտ է թողել ուսումը երաժշտական դպրոցի ջութակի դասարանում՝ այդպես էլ չտիրապետելով նվագի գաղտնիքներին, քանի որ 40 երեխային ընդամենը 1 գործիք էր բաժին ընկել։ Ռուսական դպրոցի 9-րդ դասարանում սովորելիս մասնակցել է գրականության ուսուցչուհու՝ Իննա Կուզնեցովայի կազմակերպած թատերական խմբակին, որի «Հատակում» (Գորկի) և «Արջը» (Չեխով) ներկայացումները «հյուրախաղային» ջերմ ընդունելություն են գտել չնաշխարհիկ Լոռվա ամբողջ մշակութածին տարածքում։ Թատրոնը, սակայն, նրա բազմաթիվ նախասիրություններից մեկն էր, ինչպես և սպորտը։ Խաղում էր Հայաստանի բասկետբոլի պատանեկան հավաքականում։ Տարված ճշգրիտ գիտություններով՝ միջնակարգն ավարտելուն պես մեկնում է Մոսկվա։ Թվում էր, թե անդարձ է շեղվել թատրոն տանող ճանապարհից։

Ի վերուստ սահմանված առաքելության կանչով

 

Հանիրավի մոռացվող լեգենդներ

 

... Բա՜յց, ինչպես իր գլխավոր ասելիքի կտրուկ անցումներում հատուկ հնչերանգով, իրավիճակին հարիր իմաստավորմամբ կասեր Հերոստրատ-Մսրյանը, ավիացիոն ինստիտուտի փոխարեն հայտնվում է Վախթանգովի թատրոնին կից շչուկինյան հանրահայտ ուսումնարանում։ Բախտորո՜շ շրջադարձ։

 

Մասնագիտական քննաշրջանը փայլուն հաջողությամբ հաղթահարելուց հետո, օտարոտի կովկասյան առոգանության պատճառով ոչ թե պարզապես մրցույթից դուրս է մնում, այլ ուղեգրվում է Երևանի գեղարվեստաթատերական ինստիտուտ։ Աննախադեպ իրողություն, որն այնքան էլ դյուրությամբ չի հարթում բնատուր արտիստականությամբ ի վերուստ օժտված երիտասարդի մուտքը երևանյան բարձրագույն թատերակրթարան. այս պարագայում էլ... մայրենիի թերիմացության պատճառով։ Ականավոր ռեժիսոր-մանկավարժ, բազմագիտակ Արմեն Գուլակյանի խորաթափանց մասնագիտական դիտողունակությանն ու աներեր կամքին ենք պարտական Վլադիմիր Մսրյանի ակնհայտ շնորհներին անվերապահորեն հավատալու և իր իսկ արվեստանոցում համակողմանի մասնագիտական կրթությամբ թրծելու բարեբախտության համար։ «Շատերն են սովորել գեղարվեստաթատերական ինստիտուտում և ավարտել,- գրում է ՌՈՒԲԵՆ ԶԱՐՅԱՆԸ,- բայց քչերն են մնացել հիշողության մեջ՝ պրոֆեսիոնալ բեմում հաստատվելուց հետո... Ինքնատիպ դերասան է Վլադիմիր Մսրյանը, նկարագիր ունեցող»։ Լիարժեք տիրապետելով բեմական արվեստի այբուբենին՝ մոտ 2 տարի գործնականում հմտանում է Պատանի հանդիսատեսի թատրոնում։ Խաղացած մի շարք դերերից տասնյակ տարիներ անց խանդաղատանքով է մտաբերում հատկապես «Ալվան ծաղիկի» Արքայազնը։ Ստանիսլավսկու անվան ռուսական թատրոն տեղափոխվելուն պես գտնում է իր երկրորդ վարպետին՝ տակավին երիտասարդ, ուրույն գեղագիտությամբ առանձնակի գայթակղիչ Ալեքսանդր Գրիգորյանին, ում շուրջն իր իսկ նախաձեռնությամբ համախմբում է «Արշալույս» թատրոն-ստուդիայի նորարարական նկրտումներով հարազատացած շնորհալի սկսնակների և գիշեր-ցերեկ մեծ հաճույքով ստեղծագործում առանց հոգնության նշույլի, չմարող էներգիայով։ «Վլադիմիր Մսրյանը զարմանալի բազմաշերտ ու հարուստ մարդ է, արտիստ, - տարիներ անց, Ռոզովի, Շվարցի և ճանաչված շատ ուրիշ դրամատուրգների պիեսների բեմադրություններում իրենց համատեղ ստեղծագործության անթաքույց կարոտով, բարձրաձայնում է ռուսական թատրոնի բազմատիտղոս գեղարվեստական ղեկավար ԱԼԵՔՍԱՆԴՐ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։- Ինքնատիպ իր էությամբ, իմպրովիզացիոն ինքնահատուկ ձեռագրով կերտած բազմագույն դերաշխարհով նա դարձել է Երևանի մշակութային դիմանկարի անշփոթելի նուրբ գծերից մեկը»։

Մարդակերտման կախարդանքի առեղծվածային գույները

Հրաչյա Ղափլանյանի հրավերով հաստատվում է ստուդիական հենքով հանրահռչակ բեմադրիչի հիմնադրած (1968 թ.) նորաոճ դրամատիկական թատրոնում։ Դերից դեր հասունացնելով դերակերպավորման ինքնահատուկ շնորհների նորանոր դրսևորումների թատերագրավչությունը՝ դառնում նորաստեղծ թատրոնի մարտունակությունը ապահովող անհատականություններից մեկը, ում մասին Ղափլանյանը՝ նրա երրորդ բազմահմուտ վարպետը, շուտով հպարտությամբ պիտի ասի. «Մսրյանը մեր ամենախոստումնալից դերասաններից է, որի վրա թատրոնը համարձակորեն կառուցում է իր խաղացանկը։ Յուրաքանչյուր դերի նա տրվում է լիովին, անմնացորդ։ Վլադիմիրը հաջողությունից գլխապտույտի մեջ չի ընկնում, չի մեծամտանում, ինչպես, ցավոք, մեր երիտասարդներից շատերը։ Նա միշտ հեռուն է նայում, և ես տեսնում եմ, թե դերից դեր ինչպես է հղկվում նրա վարպետությունը»։ Առաջին կենտրոնական դերը արտաքուստ բարեկրթված խոշոր առևտրական, սիրախաղով զվարճացող Վոժևատովն էր ղափլանյանական «Անօժիտում», 1970-ին, Լարիսա-Վիոլետա Գևորգյանի, Կարանդիշև-Գուժ Մանուկյանի, Պարատով-Լևոն Թուխիկյանի տաղանդավոր խաղընկերությամբ։ Առաջին նշանակալից դերակատարումը համլետյան խոհականության գույներով բեմավորված, հոգեվիճակների երկվությամբ առլեցուն Գաստոնն էր՝ առանձնակի կարևորված Վալենտին-Անահիտ Թոփչյանի ներդաշնակ զուգախաղով (Ժ. Անույ, «Ուղևորն առանց ծանրոցի», 1972թ.)։ Ղափլանյանի ու Խանդիկյանի համախոհ ստեղծագործությամբ շերտ առ շերտ բացահայտվում և ընդլայնվում են Մսրյանի անթեղված ունակությունների սահմանները, դերից դեր հարստանում ու հղկվում է կատարողական դյուրաթեք վարպետությունը։ Ակամա դահիճ Խոսե Լուիսը («Դահիճը»), տարաբախտ հերցոգ Կլարենսը («Ռիչարդ 3-րդ»), խոհական ու կոպիտ Բանտապետը («Ամենատխուր մարդը»՝ Պերճ Զեյթունցյանի նորամուտը, ռեժիսոր՝ Նորայր Սարգսյան, 1973թ.), իրեն պարտադրված դիմազրկմանը համակերպված ամբոխի դիվային առաջնորդ արյունռուշտ Հավատաքննիչը («Արտույտը»), դաժան, հաշվենկատ ու խորամանկ բախտախնդիր, անհայրենիք Միհրդատ Պոնտացին («Աստվածների կանչը»), զուսպ ողբերգականությամբ խորազդու Դանիայի արքայազնը («Համլետ»), տասնյակ այլ ուշագրավ դերամարմնավորումներ շերտ առ շերտ բացում են Մսրյանի տաղանդի ներթաքույց կարողությունները։ Երբեք չգոհանալով ձեռքբերումներով՝ խիզախորեն ներգրավվում է իրեն հետաքրքրած նորարարական բեմադրություններում, չի երկնչում ամենատարբեր արվեստագետների վստահություն ներշնչող ստեղծագործական առաջարկներն ընդունելուց։ Զորօրինակ, ներքուստ ջլատված, անէության անդունդի եզրին հայտնված, բայց «ցուլի պես առողջ» Էդգարի («Խաղում ենք Սթրինդբերգ», ռեժիսոր՝ Լևոն Թուխիկյան, 1975թ.) նորահայաց վերակերտմանը շատ տարիներ անց կրկին ձեռնարկեց Արմեն Էլբակյանի՝ երաժշտական զոնգերով բեմավորված «Վերջին վալսում» («Էդգար Էլբակյան», երբեմնի՝ «Արիոն» թատրոն) և ստեղծագործական տառապանքի գեղագիտական հաճույքը վայելեց Ալիս-Աննա Էլբակյանի հետ գտնված լիակատար փոխըմբռնմամբ։ Գրական (դրամատուրգիական) հերոսներին մարդկային ամենատարբեր հատկանիշներով անհատականացնելու, կենդանացնելու գունագեղ հմտություններն ավելի ուշ խորացան հեռուստաթատրոնում, ռադիոբեմականացումներում։

«Բոլոր ժամանակների լավագույն Պագանինին»

  

Հանիրավի մոռացվող լեգենդներ

  

«Հայֆիլմում» ցավալիորեն քիչ կարևորվեց, չնայած երիտասարդ գիտնական Հայկ Վերդյանի («Վերադարձ», բեմադրիչ՝ Արման Մանարյան) դերակատարմանը (1973 թ.) հաջորդեցին ինքնադրսևորման նվազագույն հնարավորություն ընձեռող, ընդհանուր առմամբ թերարժեք այլ ֆիլմեր։Արդի հայ թատրոնի ազգային հպարտության կենսամատյանում իր անունը տասնյակ ինքնատիպ մարմնավորումներով ամրագրած արտիստի կինոկենսագրության մեջ լավագույնը մնաց նրան ոչ միայն համամիութենական, այլև միջազգային ճանաչում բերած Պագանինին՝ Լեոնիդ Մենակերի «Նիկոլո Պագանինի» սովետա-բուլղարական չորսմասանոց բարձրարժեք հեռուստաֆիլմում (1982թ.)։ Ուշագրավ մի մանրամասն, որը, հավատանք, մտորելու տեղիք կտա սերիալային արտադրության ներկա տերերին. Վլադիմիր Մսրյանին հանճարեղ Պագանինիի դերակատարման համար ընտրեցին տևական որոնումներից հետո, դիտեցին Դրամատիկում նրա ամբողջ խաղացանկը, ապա միայն նախապատվելի գտան շուրջ 300 հանրաճանաչ մյուս հավակնորդներից, որոնց թվում նաև մեծատաղանդ Ինոկենտի Սմոկտունովսկուց... Եվ, անկախ կինոարվեստի «մկրատային» աշխատաոճից, Մսրյանը տքնաջան նախապատրաստական աշխատանքով և ներանձնավորման բարձրագույն մակարդակով կարողացավ ստեղծագործական մեծաշնորհ կազմի բարձրարվեստ համախաղով անթերի ներկայացնել դիվային կախարդանքով օժտված երաժշտի կենսաթրթիռ էությունը։ Հատկանշական է, որ ֆիլմի հեղինակները չեն էլ փորձել խաբկանք ստեղծել, թե իբր Մսրյանն ինքն է նվագում՝ ամեն անգամ, հերթական մասի կինոժապավենը պտտեցնելուց առաջ, ներկայացնելով հռչակավոր ջութակահար Լեոնիդ Կոգանի հրաշալի կատարման մի դրվագ։ Բայց բավական էր հետևել Մսրյան-Պագանինիի էկրանային անբռնազբոսիկ կենսահենք վարքագծին՝ վայրկյաններ անց մոռանալու համար անթաքույց ճշմարտությունը։ Բազմամիլիոն հեռուստակինոսրահի հիշողության ծալքերում այնպիսի պոռթկուն հավաստիությամբ մնայուն տեղ գրավեց Մսրյանի մարմնավորած առեղծվածային ջութակահարը, որ Դրամատիկականի մոսկովյան 1983-ի հյուրախաղերի դժվարահաճ հանդիսասրահներում նրա գլխավոր դերակատարումներով հիացած թատերասերները վանկարկում էին՝ «բրա՜վո, Պագանինի, բի՜ս»։ Կենտրոնական մամուլը հեղեղվում է դրվատական անդրադարձներով։ «Հրաչյա Ղափլանյանի «Խաղամոլը» գրեթե մենաներկայացում է, քանզի այստեղ ամեն ինչ տիրաբար իրեն է ենթարկում Վլադիմիր Մսրյանի ստեղծագործական անհատականությունը,- հիացմունքը բարձրաձայնում է ռուս թատերագետ Ն. Բալաշովան։- Մենք ականատեսն ենք դառնում անհատի կործանման ճշմարիտ ողբերգության» ։ «Չեմ կարող չնկատել, որ Մսրյանի անհատականությունը ծայրահեղորեն համահունչ է «Համլետի» և «Խաղամոլի» դերերին»,- գրում է թատերագետ Նինա Վելեխովան։ Հայ թատերաքննադատության մոլեգին սվինահարումների թիրախ դարձած «Համլետ», «Խաղամոլը», «Արտույտը», «Մոռանալ Հերոստրատին» ներկայացումներում Մսրյանի Համլետի, «հակահամլետ» Ալեքսեյի, դիվային Հավատաքննիչի, Արտեմիսի տաճարի հրկիզմամբ անփառունակ անմահություն ձեռք բերած հրձիգ Հերոստրատի հավաքական ներգործությամբ Յուրի Լյուբիմովն առաջարկում է ինքնահատուկ ցայտուն արտահայտչամիջոցների տեր արտիստին մնալ Տագանկայում և խաղալ Վլադիմիր Վիսոցկու բոլոր դերերը։

Հայրենի բեմում մշտազբաղ, արարման բեղուն ընթացքով լիուլի բավարարված լինելով՝ անվարան մերժեց թե այս, թե հետագայում իրեն արված գայթակղիչ առաջարկները։ Կարևորը՝ առանց ավելորդ սոփեստության... Մինչդեռ ինքն էլ, անկասկած,կարող էր մոսկովաբնակ Արմեն Ջիգարխանյանի արտիստական փառքին արժանանալ։ Իրեն ստեղծագործական բազմաբովանդակ բերկրանքի լիավյուն հնարավորություն ընձեռած թատերաօջախի արվեստաբորբ կրակը մշտավառ պահելուն նույն ինքնակիզմամբ որդեգրված մնաց ամբողջ կյանքում։ Նրա արվեստի հայ երկրպագուները, դատապարտված հովհարային մեր ապրելակերպի հակամշակութային առօրյայի համատարած մռայլին, անհաղորդ մնացին 1992-ին «Բելոռուսֆիլմի» «ոսկե հավաքածուն» համալրած «Ճերմակ հանդերձներ» (ռեժ.՝Լեոնիդ Բելոզորովիչ) 7 մասանոց հեռուստաֆիլմում ստալինյան հալածախտի մեր դժգույն կենսափուլի թելադրած, գրված ու չգրված տմարդի օրենքների կամակատար պետանվտանգության գեներալ Նիկոլայ Ասիկրիտովի էկրանային նրա արտասովոր, միստիկ շղարշով պարուրված վարքուբարքին։ Ցավոք, այդպես էլ չիրականացան Արբենին, Սիրանո դը Բերժրակ և Մակբեթ մարմնավորելու ակնկալիքները։ Ո՞ր արտիստը չունի անկատար երազանքներ... Կարևորը՝ հնչեղ անուններով ձևավորված ընդգրկուն խաղացանկը՝ երիտասարդական ավյունով ու հասուն արվեստագետի իմաստուն փորձառությամբ, շարունակում էր համալրել նոր կերպավորումներով, «փոքր» դերերին ներկայացման համատեքստում տրվող մեծ նշանակությամբ՝ Կոմիտաս՝ «Մեծ լռություն», Պիղատոս՝ «Հիսուս Նազովրեցին և նրա երկրորդ աշակերտը», Արղության-Արղուտինսկի՝ «Չեզոք գոտի»։ «Ինձ առանձնապես գրավում է նրա ներքին փափկությունը, մեղմությունը, որը համադրվում է վերլուծական մտքի հետ,- գրում է տաղանդաշատ հեռուստախաղընկերուհին՝ ՎԱՐԴՈՒՀԻ ՎԱՐԴԵՐԵՍՅԱՆԸ։- Դա այն հույժ ժամանակակից ինտելեկտուալիզմը չէ, որով մարդիկ հաճախ թաքցնում են իրենց նվազ կարողությունները»: Հյութեղ արտահայտչամիջոցների որոնումները, ամենայն պատասխանատվությամբ ու լրջությամբ, երբևէ չեն ընդհատվել։ Փորձարարական խիզախումների անհագուրդ պահանջը ամենաարտասովոր ստեղծագործական համագործակցության նորանոր սխրանքների ծնունդ է տվել. վերջին հավաստիքներից մեկն էլ Կարենինի կերպարն է Ռոնովի «Աննա Կարենինա» ֆիլմում։

... Հոբելյանամեծար հանդիսաշարերով հագեցած մերօրյա խայտաբղետ մշակութային առօրյայում այդպես էլ չի առկայծում հակամշակութային ժամանակների անապատացնող խորշակի դեմ ոչ միայն իր մարդացնող արվեստով, այլև Լևոն Թուխիկյանի ու Գուժ Մանուկյանի հետ ստեղծած «Թատրոն» բարեգործական հիմնադրամով սիրահոժար նվիրումով մաքառած Արտիստի ծննդյան 80-րդ տարեդարձի նշանավորումը, այն էլ՝ հարազատ թատերակառույցի կազմավորման 50-րդ տարում։ Մինչդեռ արարման հզոր ներուժը կեսդարյա ստեղծագործական գործունեության կենսաբանական մայրամուտին նույն ուժգնությամբ էր շատրվանում նրա երակներում, ինչպես փորձարարական սխրանքներով բեղուն երիտասարդության օրերին։ «Այնտեղ, որտեղ կա արվեստ, տաղանդ, ծերություն գոյություն չունի» չեխովյան բնորոշմանը համարժեք։ Անհերքելի հավաստիքը՝ Գորինի «ՄՈՌԱՆԱԼ ՀԵՐՈՍՏՐԱՏԻՆ» բարձրարվեստ տրագիկոմեդիայի խանդիկյանական յուրաոճ, բազմաշերտ, բայցև զարմանալիորեն դյուրընկալ բեմադրության խաղացանկային 33-ամյա կենսունակությունն ու խորախորհուրդ համամարդկային շեշտադրումների վառ թատերային մշտահմա գրավչությունն է մսրյանակենտրոն շենշող դերակատարությամբ։ Ծաղրախառն հեգնանքով ու ընդգծված ցինիզմով իրեն ծնած, սնած ու ոճրագործ դարձրած մարդկանց ու հասարակական ախտածին հարաբերություններն անխնա դաժանությամբ, խորունկ աշխարհաճանաչողությամբ, գորինյան հյութեղ լեզվի անհավանական նրբերանգներով մերկացնող նրա՜ Հերոստրատը, որին բեմական գունագեղ ու հավաստի կյանք պարգևեց մարդակերտման իր անշփոթելի կերպապնակի նրբահյուս բոլո՜ր գուներանգներով, կուռ տրամաբանության և փոթորկուն հույզերի միաձույլ համադաշնությամբ, առաջնախաղային նույն խանդաղատանքով...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ