⚠️ ստալիններ - ից

 

⚠️ ստալիններ - ից

   

Թատերական արվեստի տարբեր ժամանակաշրջաններ քննելիս մենք տեսնում ենք, որ թատրոնը անդրադարձել է անհատների, պատմական անձանց, ազգային հերոսների, ովքեր եղել են առաջնորդ, իրենց գործունեությամբ մի ողջ ժամանակաշրջան են ներկայացրել, պատմություն են կերտել և սերնդե-սերունդ հիշվել հիացմունքով կամ պարսավանքով: Այս շրջանում թատրոնի ուշադրությունը սևեռվել է ԽՍՀՄ ժողովուրդների առաջնորդ Ստալինի վրա: Կա՞ անհրաժեշտությունը: Միգուցե այո՞: Ռուսական բեմում վերջերս «բեմ բարձրացրին նրան», վրաց ժամանակակից դրամատուրգը պիես հեղինակեց, իսկ հիմա այդ Ստալինը Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում է, այն էլ` թակարդում:

Հակոբ Ղազանչյանի «Թակարդ Ստալինի համար» բեմադրությունը բռնության կանխարգելման մասին է, ասես համարձակ մի կոչ` աչալուրջ լինելու, առաջացող չարիքը արմատախիլ անելու: Ներկայացումը հյուսված է վրաց ժամանակակից դրամատուրգ, գրող Լաշա Բուղաձեի պիեսի հիման վրա: Ստալինի կյանքի մի քանի կարևոր դեպքերի անդրադառնող պատմությունը հնարավորություն է տալիս տարբեր իրավիճակներում տեսնելու այս առաջնորդին, ամբողջական պատկերացում կազմելու նրա մասին, ով ի վերջո հանդիպում է երկու մտերիմների դավադրությանը, ովքեր նրա վախճանվելու մասին հայտարարություն տարածելով ու նմանակի թաղում կազմակերպելով` փաստի առաջ են կանգնեցնում նրան:

Գործողությունները բեմադրիչը կազմակերպել է Ստալինի անձնական գնացքի վագոնը պատկերող միջավայրում, որի պատուհանների հատվածում տեղակայված են նրա կյանքի ճանապարհին հայտնված մի քանի նշանավոր անձանց պատկերները: Այդ պատկերներից առանձնանում է հեգնական մի նկար: Նկարում կոնաձև թասակով ու սպորտային վերնազգեստով Լենինն է, ում լենինյան շրջանի բնակիչ է ասես դիտել սթրիթ արտի երիտասարդ նկարիչը:

Ստանձնելով առաջնորդ Ստալինի դերը Արթուր Կարապետյանը մութ ու բացասական երանգներով է ներկայացնում նրան: Մի շատ կարևոր առանձնահատկություն կա դերակատարման մեջ, դա անկախ կաղալուց կամ ձեռքի շարժունության բացակայությունից, ֆիզիկական տվյալներից դերասանը ասես հեռացնում է կերպարը Ստալինից: Նրա կնոջը «Պրավդայի» հերթական համարով հարվածելու կամ անառակի հետ շփվելու տեսարաններում դերասանը ներկայացնում է մի մարդու, ում ինքնությունը այնքան էլ էական չէ: Այս պահերին դերասանը գլոբալ առումով է դիտարկում երևույթը: Տեսարաններ կան, որտեղ ամենազոր այս առաջնորդը մարդկային իր թուլություններով է: Ա. Կարապետյանին հաջողվում է վարպետորեն հայտնվել կերպարի հոգեվիճակներում, ի դերև հանել նրա ներքին էությունը:

Ռեժիսորական հրաշալի լուծումներով են առանձնանում Ստալինի նմանակների ընտրության և Լենինի հետ դամբարանում հանդիպելու տեսարանները: Ա.Կարապետյանը յուրահատուկ քայլվածքով, նիստուկացով, որևէ ատրիբուտով է ներկայացնում նրանցից յուրաքանչյուրին: Նմանակներից ամեն մեկը ռեժիսորական իր խնդիրն ունի բեմում, իսկ բոլորի շուրթերից էլ հնչում է «Միկոյանին հայտարարել խիստ նկատողություն», «Չկա մարդը, չկա պրոբլեմը» արտահայտությունները: Նկատելի է, որ մանրակրկիտ աշխատված է նույնիսկ այս նախադասությունների հնչեցման վրա` մեկը երկչոտ է արտաբերում, մյուսը` խրոխտ, երրորդը ծոր տալով և այլն: Այս լուծման շնորհիվ բեմադրիչը ասես ի ցույց է դնում անդեմ մեկին, ով անընդհատ կաղապարի տակ թաքնվող երկչոտ է:

Գրոտեսկային լուծումներով են առանձնանում Լավրենտիի /Բորիս Պեպանյան/ ու Պոլինայի /Զարուհի Խաչատրյան/ տեսարանները: Բեմադրիչը նրանց նույն հագուկապով է ներկացնում, ամբողջովին սևազգեստ են, ցիլինդրներով, սառնասիրտ մարդասպանների անտարբերությամբ: Բեմադրիչը նրանց դարձրել է, ասես մահ սփռող Ստալինի աջ ու ձախ ձեռքերը: Բ.Պեպանյանը առանձնահատուկ կերպով հումորային երանգներով հարստացնում է Լավրենտիին: Ստալինի անսխալական լինելու մասին հաճոյանալու ռեպլիկը դերասանը աչքերի այնպիսի խաղով ու փոքր-ինչ դեպ առաջնորդը ձգված, ձայնային քաղցր երանգով է ասում, որ ծիծաղի պոռթկում է առաջացնում: Մեկ այլ տեսարանում Լավրենտին նստած է բեմառաջքում և խարտոցով եղունգներն է հարդարում: Տեսնել է պետք, թե նա ինչպիսի անհոգությամբ է նստած, ինչպիսի բավականությամբ է լսում իրենից «կյանք խնդրող» Ստալինին:

Առանձնահատուկ հարկ ենք համարում անդրադառնալգրոտեսկային մեկ այլ լուծման`Բ.Պեպանյանի պարային քայլքին: Որոշ տեսարաններում, երբ գործողության մեջ է մտնում կարմիր վարագույրը նա «Դարի-դուրի»-ի զրնգուն հնչյունների ներքո վրացական կրքոտությամբ, եռանդով ու սահքով, պարային այնպիսի համարով է անցնում բեմի մի ծայրից մյուսը, որ իր վարպետությամբ հարուցում է դիտողի հիացմունքը:

Զ. Խաչատրյանը իր դերակատարման մեջ ազնիվ մի բարձրակետ ունի: Նա իր հերոսուհու և Նադեժդա Ալիլուևայի /Սաթենիկ Հախնազարյան/ ունեցած մտերմությունը ասես փրկելու մի օղակ է գտնում, խանգարում նրան պատմել անձնական գաղտնիքները, հուշում սպառնացող վտանգի մասին: Ամեն ինչ լսելուց հետո դերասանուհին փոխում է ձայնի ինտոնացիան և արդեն տիրական դիմում ընկերուհուն: Այս փոքրիկ տեսարանում Զ. Խաչատրյանին հաջողվում է ցույց տալ, որ ինքը փորձել է փրկել Նադեժդային, սակայն արտաբերվող խոսքերը լսելով ինքը պարտավոր էր դառնալ բռնապետի գործիք ու ստանձնել դահճի դերը: Նա ճկուն ու վստահ քայլերով, ռիթմիկ շարժումներով է կերտում Պոլինային, ի ցույց դնում վերջինիս ամուր կամքը, գործունյալինելը: Բեմադրիչի կողմից անսպառ հումոր առաջացնող վճռով է ներկայանում հերթական դիակի ճակատագիրը որոշող Ստալինի հանձնարարությունը: Նա Պոլինայի իրանը գրկած, տանգո պարելով հանձնարարականներ է տալիս և միևնույն ժամանակ ի ցույց է դրվում համախոհներ լինելը:

Ներկայացման մեջ գործող որոշ գտնված սիմվոլներ կիրառությանմեջ առնվելով ամբողջացնում են ներկայացման կերպարը: Դրանցից է Ստալինի խրտվիլակի մշտական ներկայությունը բեմում, որը, ասես, նրան ասոցացնում է կենդանի դիակի հետ: Մյուս սիմվոլը կախված կարմիր վարագույրն է, որը կրակող ատրճանակների տեսարաններում է գործի անցնում և մեկ էլ ծածկոց դառնում Ստալինի նմանակի ու Նադեժդայի սիրային տեսարաններում: Հ.Ղազանչյանի այս հնարը իսկապես բացառիկ է, որովհետև դերասանները դուրս բերելով գլուխներն ու ձեռքերը վարագույրից` մահճակալի տեսողական խաբկանք են ստեղծում, և, ասես, հանդիսատեսը ամենը դիտում է առաստաղից: Այս Նադեժդան սիրում է Նմանակին, երջանիկ է նրա ու իրենց երեխաների հետ: Սակայն կարմիր գույնը գործի է անցնում, և իսկական Ստալինը տեսարանը ավարտում է երկու մահով: Ս.Հախնազարյանը այս կարճ դերակատարման մեջ իր հերոսուհուն ներկայացնում է երկու տարբեր հոգեվիճակներում: Նա մեկ զվարթ ու երջանիկ է, մեկ էլ սարսափից լայն բացված աչքերով, վշտից խեղճացած ու քարացած ողբում է նմանակ Ստալինի մահը:

Ներկայացման ավարտական տեսարաններում գլխավոր դերը ստանձնում է Լենինը /Հարություն Մելիք-Բեկյան/: Դամբարանում գտնվող երկու առաջնորդների ջերմագին զրույցը ավարտվում է, երբ Լենինը բացահայտում է, որ իր կողքին իսկական Ստալինի փոխարեն նրա նմանակն է, ով էլ ճամպրուկն առած հեռանում է: Հաջորդող ավարտական տեսարանում ղողանջող զանգերի ներքո բեմառաջք եկող շվարած Լենինը հարց է հղում հանդիսատեսին. «Ես ուզում եմ իմանալ, որևէ մեկը ճշգրիտ տեղեկությու՞ն ունի, սա վերջի՞ն Ստալինն էր, թե՞ մեր երկրում էլի ստալիններ կան»:

Ներկայացման ոգևորված հանդիսատեսը լենինյան այս հարցի իր պատասխանն ունի: Պատասխան, որը նաև մեր «Այսօրվա հայ հասարակությանը սպառնու՞մ է այս բռնապետը» հարցինն է: Պատասխան, որը զգուշացնող այս նշանի վտանգի գիտակցությամբ է:

Վստահ ենք, որ Հակոբ Ղազանչյանի այս նորովի բեմադրությունը իր նշանակալի դերը կունենա հայ թատերական մշակույթում, որովհետև թատրոնի սատիրական լեզվով արվեստագետը մտահոգվում է, ինչ-որ տեղ տագնապում է, հարցադրում է անում և հուշում է, որ թատրոնը ոչ միայն քայլում է կյանքին համընթաց, այլ նաև` մի քայլ առաջ անցնում:

 

 

Ռուզաննա Առաքելյան

թատերագետ