«Նահապետի հոբելյանական աշունը»

 

«Նահապետի հոբելյանական աշունը»


Հայաստանյան փառատոնային աշնան գունագեղ խճանկարին շատ շուտով, ս.թ. սեպտեմբերի 26-28-ը, ինքնատիպ իր հմայքով ու բազմաշերտ բովանդակությամբ, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության ու «Սոս Սարգսյան մշակութային հիմնադրամի» հուսալի աջակցությամբ, հայրենի բնօրրան Ստեփանավանում կլուսարձակի «Նահապետի հոբելյանական աշունը» խորագրով նորաստեղծ փառատոնը՝ ի նշանավորումն ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հասարակական-քաղաքական վաստակաշատ գործիչ, ճշմարիտ հայրենասեր ու իմաստուն մտավորական, տոկուն թատերաշինարար ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան 90-րդ տարեդարձի։

Թատրոն տաճարի անխոնջ «ռանչպարը», ի սկզբանե լինելով հոգեբանական ռեալիզմի ջահակիր, Երևանի պատանի հանդիսատեսի, Սունդուկյանի անվան, ապա հակամշակութային պատերազմական թոհուբոհում իր սխրալից նվիրումով հիմնած Համազգային թատրոններում ինքնահատուկ զուսպ ու կենսահենք կերպապնակով բեմական կենսաթրթիռ կյանք պարգևեց ամենատարբեր մարդկային նկարագրեր ունեցող բազմատասնյակ գրական հերոսների։ Նրա արտիստական տարեգրության մեջ բեկումնային առաջնեկի՝ Տոպիի («Դավիթ Կոպերֆիլդ») ծանրակշիռ հայտի խթանով մնայուն հետագիծ թողեցին՝ սերժանտ Բլեյկն («Ձյունիկ») ու հովիվ Բահիրը («Կախարդական կարաս»), Ջավադն («Նամուս») ու Արտաշեսը («Կարմիր մեխակներ»), Թիբալտն («Ռոմեո և Ջուլիետ») ու Ջոն Պրոկտորը («Սալեմի վհուկները»), Կարենինն («Կենդանի դիակ») ու Յագոն («Օթելլո»), Մացակ Ավագյանն («Հացավան») ու Ջոն արքան («Ջոն արքա»), Անտոնիո Բարականոն («Սանիտայի թաղապետը) ու Լիր արքան («Լիր արքա»):

Մարդակերտման զինանոցը թատրոնում հարստացնելուն համընթաց հաստատվեց կինեմատոգրաֆիայում։ Համաժողովրդական սեր և լայնատարած ճանաչում բերեցին բնածին արտիստին վարպետ մկրտիչներն («Եռանկյունի», «Հեղնար աղբյուր») ու Զամբախովը («Խաթաբալա»), միլիցիայի լեյտենանտն («Մենք ենք, մեր սարերը») ու Հայրապետը («Ժայռը»): Անդրեյ Տարկովսկու «Սոլյարիսում» կայացավ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Սոս Սարգսյանի միութենական լայնէկրան կինոդեբյուտը (Գիբարյան), երբ արդեն արժանացել էր «Հանդիսատեսի դրվատանքին» Պեզարոյի միջազգային կինոփառատոնում և «Տարվա լավագույն դերասան» ճանաչվել հեռուստատեսային ֆիլմերի մոսկովյան 9-րդ փառատոնում:

ՀԽՍՀ պետական մրցանակի կրկնակի դափնեկիր անզուգական Նահապետն ու Ձորի Միրոն, Մարտին ապերն («Խնձորի այգին») ու Ասացողը («Մատենադարան»), հայտնվելով ազգային-ազատագրական պայքարի առաջնագծում, գերադասեց անմնացորդ նվիրվել Համազգային թատրոնի կայացմանը։ Ձեռնարկեց մի շարք բեմադրություններ՝ «Սանիտայի թաղապետը», «Մի գավաթ բարություն», «Լիր արքա», «Ծննդյան տոները սենյոր Կուպյելոյի տանը», «Խեղճ Պետրոս», «Չեխովյան կատակներ»(«Արջը»):

Վերջին բեմելն իր իսկ կյանքի կոչած Լիր արքան եղավ (1993թ.), իսկ կինոդերը՝ Վահագն Գրիգորյանի «Ես եմ» ֆիլմի Հովսեփ պապը (2012թ.): Մտահոգված սերնդափոխության հիմնախնդրով՝ մոտ մեկ տասնամյակ գլխավորեց Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտը։

Պատկառելի կենսափորձի ու անպարփակ մտահորիզոնի հղկած ու կոկած գրչով տասնյակ գրքեր հրատարակեց նաև Հայաստանի հող ու ջրի, ծառ ու ծաղկի, աղավնիների, Թումանյանի ու Կոմիտասի խենթ սիրահար ՆԱՀԱՊԵՏԸ։

Նրա արվեստանոցում թրծված «արծիվներն» այսօր իրենց բյուրեղացող կատարողական վարպետությամբ ամենաքմահաճ արվեստասերների նախապատվելի թատրոնի համարումն են ամրապնդում 28-ամյա Համազգայինի ստեղծագործական բեղուն բազմերանգությամբ, ուշի ուշով հետևում են իրենց սիրելի «ՊԱՊԻ» նվիրական երազանքի՝ սեփական շենքի շինարարական աշխատանքներին։ Միաժամանակ՝ ՍՈՍ ՍԱՐԳՍՅԱՆԻ ծննդյան 90-ամյակին նվիրված հոբելյանական թատերաշրջանի մեկնարկն են ազդարարում Հովհաննես Թումանյանի «Լոռեցի Սաքոն» պոեմի արտասովոր վառվռուն թատերայնացմամբ։

Ստեփանավանում նախաձեռնված «ՆԱՀԱՊԵՏԻ ՀՈԲԵԼՅԱՆԱԿԱՆ ԱՇՈՒՆԸ» փառատոնը, որի արժանապատիվ կենսագործմանը մեծ խանդավառությամբ լծվել են Սոս Սարգսյանի ներկայիս համաքաղաքացիները, ոչ թե սոսկ մեծանուն Հայի հոբելյանամեծարումն է, երախտիքի տուրք նրա ավանդած հոգևոր-մշակութային հարուստ ժառանգությանը, այլև հին ու նոր սերունդների ինքնատիպ մտերմիկ երկխոսություն, որին ՆԱՀԱՊԵՏԻ աներևույթ ներկայությունը, ամենատարբեր հնարքներով, կարծում ենք, ապահովված է։

«Պապը» ո՜նց կուրախանար... Ո՜նց կուրախանար...

Նվարդ ԱՍԱՏՐՅԱՆ

 

Փառատոնի ազդագիրն ու ծրագիրը ներբեռնել`Afish.pdf [450,3 Kb] (cкачиваний: 19)
Program.pdf [850,57 Kb] (cкачиваний: 15)